Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլոր մյուս ցանկությունները միմիայն մի բանի շուրջն էին պտտվում։ Եվ ինքը արժանի էլ չէր մի ավելի լավ բանի, քան այն, ինչ պատահեց։ Եվ եթե անկեղծ լինի, պիտի խոստովանի, որ դրանից լավ բան ինքը կյանքում չէր տեսել։

Փողոցի անկյունում կանգ առավ։ Շուրջը խաղաղություն էր տիրում։ Տոթ էր, և երկրից շոգի էր բարձրանում վեր։ Նա այլևս չի գնա, լավ է՝ հյուրանոց վերադառնալ։ Նա այնպես հոգնել է որ։ Նրա գլխում մի նոր միտք ծագեց՝ գուցե Էմիլն էլ հոգնած էր և դրա համար չկամեցավ տեսնվել իր հետ։ Այդ միտքը Բերտային ուրախացրեց, և նա համոզվեց, որ ինքը թափանցող միտք ունի։ Մի ուրիշ միտք էլ անցավ նրա գլխով. չէ՞ որ, եթե մի ուրիշ կին սիրե Էմիլը, այլ կերպ չի սիրելու։ Եվ հանկարծ նրա մեջ հարց է ծագում՝ արդյոք այս գիշերը միա՞կը պիտի լինի։ Արդյոք ինքը, բացի Էմիլից, դարձյալ պատկանելո՞ւ է որևէ մեկին, թե՞ ոչ։ Այդ կասկածը ուրախացնում է Բերտային, կարծես դրանով նա հանում է իր վրեժը Էմիլի կարեկցության և հեգնական ժպիտների համար։

Սակայն ահա նա դարձյալ երրորդ հարկում է, իր անհյուրընկալ սենյակում։ Ճաշի մնացորդը դեռ չեն հավաքել։

Ծաղիկներն ու հագուստը դեռ ընկած են անկողնու վրա։ Նա ծաղիկները մոտեցնում է շրթունքներին կարծես նրանց համբուրել է ուզում։ Բայց զայրույթը բռնկում է նրա կրծքում մի նոր ուժով, և նա ծաղիկները հատակին է գցում։ Ապա ձեռներով ծածկում է աչքերն ու նետվում է անկողնի վրա։

Այդպես պառկած մնում է միառժամանակ ու հանգստանում է։ Ոչ, դա դեռ ավելի լավ է, որ ինքը այսօր կարող է գնալ։ Նա նորից պատկերացրեց իր տղային փոքրիկ անկողնում ժպտալիս և իրան՝ նրա վրա թեքվելիս։

Նա անհաղթելի ցանկություն զգաց տեսնելու իր որդուն, և՛ Էլլիին, և՛ տիկին Ռուպիուսին։ Հա՛, ճիշտ որ, Աննան ուզում էր ամուսնին թողնել։ Ինչո՞ւ... ինչ կարող է դրա մեջ թաքնված լինել... սիրային պատմությո՞ւն... Տարօրինակ է, այժմ Բերտայի համար ավելի ևս դժվար է երևակայել այդքան առաջ։

Ուշ է։ Պետք է պատրաստվել գնալու։ ...Այդպես ուրեմն, կիրակի երեկոյան նա նորից տանը կքինի։

140