Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերտան նստած է կուպեում։ Ծնկեերի վրա դրել է ծաղիկները, որ, այնուամենայնիվ, բարձրացրել է գետնից... Այո, նա հեռանում է այն քաղաքից, ուր... ուր մի բան ապրեց... չէ՞ որ այդպես է կոչվում այդ։ Եվ նրա գլխում պտտվում են «երանություն», «սիրո վայելք», «արբեցում» խոսքերը։ Եվ նա հպարտ է, որ անձնական փորձով ճանաչել է այդ խոսքերի նշանակությունը։ Նրա գլխում դարձյալ մի նոր միտք ծագեց։ Իսկ եթե Էմիլը կապվա՞ծ է որևէ մի կնոջ հետ։ Բայց, ախր, ինքը խլեց Էմիլին այն կնոջից։ Իհարկե, ոչ երկար ժամանակով, բայց այնքան, որքան կինը կարող է։ Նա քանի գնում՝ ավելի հանգիստ էր դառնում, գրեթե ուրախ։ Նա դեռ անփորձ էր և իր ամբողջ թափով անձնատուր լինել չկարողացավ։ Սակայն ինչո՞ւ այդ չպիտի հաջողվի իրան մյուս անգամ։ Լավ եղավ, որ ինքը իրան զսպեց և Էմիլի մոտ չգնաց։ Նա նույնիսկ վճռեց մի սառը և զսպված նամակ գրել, որը, անշուշտ պիտի սրտմտեցներ Էմիլին։ Այժմ ինքը նենգամիտ կլինի, պչրող... Բայց պետք է նորից տիրել նրան, ինչ էլ որ լինի... ամենամոտ ժամանակում և, եթե կարելի է, ընդմիշտ։ Եվ նրա երազները քանի գնում՝ ավելի հեռուն էին թռչում, և քանի արագ էր ընթանում իրան տուն սլացնող գնացքը, և քանի խորն էր սուզվում նա նիրհի մեջ, այնքան նրա մտքերը ավելի ու ավելի համարձակ էին դառնում։

Երբ նա եկավ, քաղաքում ամեն ինչ քնած էր խոր քնով։ Նա հրամայեց աղախնին, որ, որքան կարելի է, որդուն վաղ տուն բերե տագերոջ մոտից և հանվել սկսեց։ Նրա աչքերը պատահաբար անկողնի վերևը կախված ամուսնի նկարի վրա կանգ առան։ Արդյոք կարո՞ղ է այդ նկարը այստեղ մնալ։ Նա սարսռեց, երբ մտաբերեց, որ կան այնպիսի կանայք, որ սիրեկաններից վերադառնալով՝ հանգիստ կերպով պառկում են իրենց ամուսնի կողքին, միևնույն անկողնում... Ինքը այդ անել չէր կարող... Եթե հանգուցյալը կենդանի լիներ, ոչինչ չէր պատահի, իսկ եթե պատահեր էլ, ինքն այլևս երբեք տուն չէր դառնա:

141