Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարելի լիներ խոսել.. Աննան գնում է, թողնում է ամուսնին: Ինչո՞ւ... Արդյոք նա էլ մի սիրային ինտրիգ չունի՞...

Դասը վերջացավ։ Բերտան մնաս բարով էր ասում։ Նա գրեթե խղճում էր իր տագերկնոջը և զգում էր նրա առաջ իր գերազանցությունը։ Այո՛, իհարկե, տագերկնոջ ամբողջ կյանքի փոխարեն ինքը չէր տա այն մի ժամը։

Մինչդեռ, մտածում էր նա տուն վերադառնալիս, ախր ինքը ուղիղ ճանապարհով չհասավ իր, արդեն անցած, երջանկության։ Ահա նորից նույն բնակարանն է, նույն սենյակը,նույն զզվելի նկարը... Այստեղ ամեն ինչ, ամեն ինչ նրա համար անտանելի է դարձել։ Իսկ այնտե՜ղ... Ի՜նչ լավ էր։ Ամենից լավը այն րոպեն էր, երբ Էմիլը ճանապարհ էր դնում իրան և նրա գլուխը սեղմեց իր կրծքին։ Ո՜չ, Էմիլը սիրում է նրան... Իհարկե, ոչ այնպես, ինչպես ինքն է սիրում, այդպես անհնար է սիրել։ Ի՜նչ ասես՝ չի տեսել իր կյանքում Էմիլը։ Այժմ Բերտան այդ մասին մտածելիս՝ խանդոտություն չէր զգում, այլ ավելի շուտ՝ կարծեի խղճում էր Էմիլին, նրան, որը, թվում էր, այնքան բան է տեսել։ Չէ՞ որ Էմիլի կյանքը միշտ էլ թեթև չէ եղել... Համենայն դեպս, նա անհոգ մարդ չէ... Բերտային թվում էր նույնիսկ, որ Էմիլին մի ինչ-որ անըմբռնելի թախիծ էր տանջում իրանց տեսակցության ժամերին։ Ա՜հ, թե միայն ինքը կարողանար իմանալ նրա ամբողջ կյանքը։ Էմիլն այնքա՜ն քիչ բան պատմեց իրան... գրեթե ոչինչ։ Ասենք, մի՞թե կարելի էր այդ հենց առաջին օրը։ Իսկ Բերտան այնպես երկչոտ է, խոսել չի իմանում, ամաչում է... Ոչ, պետք է այսօր իսկ նրան գրել։ Երեկվա նամակը այնպե՜ս հիմա՜ր էր։ Էմիլը չէր էլ կարող այլ կերպ պատասխանել։ Որպեսի՜ երջանկություն է Էմիլին պատասխանելը... Համարձակ չպետք է գրել, իհարկե, սակայն չպետք է և ստորանալ, ոչ, չէ՞ որ ինքը պատասխանել է Էմիլին։ Ահա, այն Բերտան, որը ման է գալիս փողոցներում ու հանդիպում մարդկանց, որոնք նրան իրենց հավասար են համարում, ահա այդ Բերտան այն զարմանալի մարդու սիրուհին է, այն մարդու, որին աստծու պես պաշտում էր իր ջահիլ հասակում։ Որպիսի ինքնամոռացությամբ անձնատուր եղավ նա Էմիլին... Ոչ մի կին այդ բանին ընդունակ լինել չէր կարող: Իսկ

146