Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եվ գիտե՞ք ով է եղել... Հենց բանն էլ դա է՝ Կլինգեմա՜նը...

— Ոչ, դա անկարելի բան է։

— Սակայն դա այդպես է։ Միայն թե դա վաղուցվա բան է, տասը–տասնմեկ տարվա բան։

— Բայց ախր այդ ժամանակ դուք ինքներդ էլ այստեղ չեք եղել։

— Օ՜, ես դա հաստատ աղբյուրից գիտեմ։ Ինքը՝ Կլինգեմանն է պատմել ինձ դրա մասին։

— Ինքը՝ Կլինգեմա՞նը։ Մի՞թե մարդ կարող է այդ աստիճան...

— Սովորական պատմություն է, — ասաց տիկին Ռուպիուսը՝ դռան մոտի բազմոցին նստելով։ Բերտան կանգնած էր նրա կողքին ու լսում էր զարմանքով։

— Այո, ինքը՝ Կլինգեմանը,— շարունակեց տիկին Ռուպիուսը։ — Ես այստեղ եկա-չեկա, նա պատիվ արեց ինձ ու վրաս սիրահարվեց և ինչպե՜ս սիրահարվեց. ուղղակի կյանքի և մահու հարց էր... Դուք ինքներդ էլ գիտեք, թե որքա՜ն զզվելի է նա։ Ես, իհարկե, ծաղրեցի նրան։ Դա նրան բռնկեցրեց. և նա ինձ ամեն ինչ պատմեց, երևի ուզում էր դրանով համոզել ինձ, որ իր հմայքին անհնարին է դիմադրել։

— Գուցե նա սո՞ւտ ասաց։

— Գուցե, բայց պատմության մեջ ճշմարտության շատ կա... Դուք երևակայել չեք կարող, թե տղամարդիկ որքան ստոր կարող են լինել։

Այդ խոսքերն Աննան արտասանեց մի խորին ատելությամբ։ Բերտան ահով էր նայում նրան։ Նա զարմացած էր, որ տիկին Ռուպիուսից այդպիսի բաներ է լսում։

— Ախր ինչպե՞ս է, որ դուք չգիտեք, թե ում շրջանում եք ապրում։

— Ես դժվարությամբ եմ հավատում ձեզ։ Եթե միայն տագրս իմանա՜ր...

— Եթե նա իմանա՞ր։ Նա, ախր, ավելի լավ գիտե այդ, քան ես ու դուք։

— Ի՞նչ եք ասում։ Ո՛չ, դա անկարելի է:

— Նա բռնել է նրանց, հասկանո՞ւմ եք.. Կլինգեմանին ու

152