Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարողանում ճանապարհորդել առանց այս տասներկու սրվակի։ Ուրեմն՝ ցտեսություն։ Մի մոռացեք, որ իմ՝ ձեզ պատմածը սրանից տասը տարի առաջ է պատահել։

Գնացքը մոտեցավ։ Աննան կուպե մտավ և սիրալիր կերպով գլխով էր անում Բերտային։ Բերտան աշխատում էր նույն բանով պատասխանել նրան, բայց զգում էր, որ իր ձեռքի շարժումը, որով նա ողջունում էր հեռացող Աննային, արհեստական դուրս եկավ։

Նա նորից հանդարտ տուն էր դառնում։ Զուր էր աշխատում ինքն իրան համոզել, որ ոչ Ալբերտինայի դավաճանությունը, ոչ տագերոջ ստորությունը, ոչ Կլինգեմանի կեղտոտությունը, ոչ այդ տարօրինակ տիկին Ռուպիուսի տրամադրության փոփոխությունները իրան չեն վերաբերվում։ Նրան թվում էր, որ բոլոր լսածն ու տեսածը մի ինչ-որ խորհրդավոր կապով կապված էր իր անձնական արկածի հետ։ Նրա բոլոր խայթող կասկածները վերստին զարթնեցին... Ինչո՞ւ Էմիլը չէր ուզում իրան մի անգամ էլ տեսնել։ Ինչո՞ւ հրաժարվում էր ընդունել իրան մյուս օրը, երկրորդ օրը, երրորդ օրը։ Ինչո՞ւ... Նա իր նպատակին հասավ, իր ուզածն ստացավ և բավական էր, նա էլ ուրիշ ոչինչ չէր ուզում... Ինչպե՞ս կարողացավ ինքը գրել նրան այդ խելագար, այդ անամոթ նամակը։ Նոր ահ տիրեց իրան։ Իսկ եթե Էմիլն այդ նամակը մի ուրիշ կնոջ ցույց տա՞... Եվ հանկարծ նրանք սկսեն միասին ծիծաղել դրա վրա... Ոչ, դա անկարելի է... Ինչպե՞ս էլ այդպիսի մտքեր են ծագում նրա գլխում։ Կարող է պատահել, որ նա չպատասխանե նամակին, այլ զամբյուղը գցե, ուրիշ ոչինչ։ Ոչ... Մի քիչ համբերություն... Մի երկու-երեք օր ևս, և նա ամեն ինչ կիմանա։ Նրան թվում էր, որ այդ լարված դրությունը երկար տևել չի կարող։ Չէ՞ որ մի կերպ պետք է վերջանա։

Իրիկնադիմին նա, ըստ սովորականին, իր որդու հետ խաղողի այգիները գնաց, բայց գերեզմանատուն չհասավ։ Շագանակենիների ծառուղին անցնելիս՝ նա զրույց էր անում Ֆրիցի հետ, ստիպում էր նրան զանազան պատմություններ անելու, աշխատում էր բացատրել նրան, թե արեգակն երկրից որքան հեռու է, ինչպե՞ս ամպերը անձրև են դառնում,

154