Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբ նա սխալ էր անում։ Ճաշից հետո նա վճռեց Ֆրիցով զբաղվել։ Վաղուց էր, որ մտածում էր նրան կարդալ սովորեցնել։ Այսօր կպարապի և մի քանի տառերի առանձնահատկությունները կբացատրի նրան։

Անձրևը դեռ չէր դադարել, և զբոսնելու գնալ չէր կարելի։ Ժամանակը երկար է, սարսափելի երկար... Ռուպիուսի մոտ չարժե՞ արդյոք գնալ։ Առանց այդ էլ ինքը մեղավոր է նրա առաջ՝ Վիեննայից գալուց ի վեր դեռ չի գնացել նրա մոտ։ Գուցե Ռուպիուսի մոտ իրան անհարմա՞ր կզգա։ Չէ՞ որ նա այնքան բան ասաց վերջին անգամ, իսկ այժմ Աննան մնում է։

Բերտան տնից դուրս եկավ։ Անձրևը չէր դադարում։ Սակայն նա վճռել էր նախ՝ քաղաքից դուրս գնալ։ Վաղուց էր՝ նա այդպիսի անդորրություն չէր զգացել։ Նա ոչ ահ էր զգում, ոչ գրգռում, ոչ սպասում։ Եթե միշտ այսպե՜ս լիներ։

Տարօրինակ էր, որ նա անտարբերությամբ էր մտածում Էմիլի մասին։ Ամենից շատ նա ուզում էր, որ ոչինչ չլսե նրա մասին և մինչև վերջը պահպանե իր այս տրամադրությունը։ Ախր այնքան լավ էր զգում իրան նա։ Ապրել այս փոքրիկ քաղաքում, դասեր ունենալ, որոնք մեծ անհանգստություն չեն պատճառում, կրթել որդուն, նրան կարդալ, գրել, համրել սովորեցնել։ Մի՞թե դա նման է իր վերջին օրերը ապրած անհանգստության, որ այնքան վհատում ու վիշտ բերեց իրան: Ոչ, նա դրա համար չէ ստեղծված։ Միայն այժմ էր գիտակցում, թե որքան հոգնեցրել էր իրան այդ աղմուկը և ուրախ էր իրան շրջապատող խաղաղության համար։ Խորին հոգնածությունը, որ տիրել էր իր հոգուն, նրան մի վերջնական հանգստություն էր թվում։ Սակայն մի քիչ հետո, երբ քաղաք էր դառնում, նրա հանգստությունը կամաց-կամաց նոր հոգսերի և նոր տանջանքների նախազգացումի փոխվել սկսեց։ Նա հանդիպեց երկու սիրահարների, որ գնում էին մի հովանոցի տակ մեկմեկու սեղմված։ Նրանց տեսքը նրա մեջ զարթեցրեց իր ցնորքները Էմիլի մասին։ Եվ նա չէր աշխատում հեռու վանել նրանց, գիտենալով, որ իզուր կլինի իր փորձը, որ ինքը չի կարող հաղթահարել այդ ցնորքներին, որ նրանք հավիտյան պիտի իշխեն իր հոգում։

Մթնում էր, երբ Բերտան մտավ Ռուպիուսի տունը: Նա

157