Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանկարծ նկատեց, որ Ռուպիուսը լայն բաց արած աչքերը դռանն է հառել։

Այնտեղ կանգնած էր Աննան։

Նա ժպտալով մոտեցավ իր ամուսնին, համբուրեց նրա ճակատը ու, ձեռքը Բերտային պարզելով, ասաց.

— Ահա և ես։

— Բարի երեկո, Աննա,— ուրախ բացականչեց Բերտան։

Ռուպիուսը լուռ էր, սակայն նրա դեմքի արտահայտությունը շարունակ փոփոխվում էր։ Աննան, որ կանգնած էր դեռ գլխարկը գլխին, ետ դարձրեց երեսը։ Բերտան նկատեց, որ Ռուպիուսը, երեսը ձեռներով ծածկած, մեղմ հեկեկում է:

Նա հեռացավ և ուրախ էր, որ Աննան եկավ, դա նրան լավ նշան էր երևում։ Վաղը առավոտը պիտի գար այն նամակը, որից կախված Էր իր վիճակը։ Շուտով ուրախ տրամադրությունը փախավ, և Բերտային նորից տիրեց թախիծը: Նա ուզում էր, որ Էմիլը իր մոտ լիներ, որ ինքը տեսներ նրան, կարողանար նրա հետ կողք-կողքի գնալ։ Երեկոյան, երբ Ֆրիցին պառկեցրեց, նա դեռ երկար նստած էր սեղանատանը։ Մի քանի ակորդ վերցրեց դաշնամուրի վրա, մոտեցավ պատուհանին ու սկսեց դուրս նայել դեպի մութը։ Անձրևը կտրվեց։ Երկիրը ագահորեն ներս էր ծծում խոնավությունը։ Երկնքից դեռ կախված էին ծանր ու սև ամպերը։ Բերտայի ամբողջ էությունը դեպի Էմիլն էր ձգտում։ Աչքերը նրա պատկերն էին որոնում շրջապատող խավարի մեջ։ Շրթունքները պարզված էին դեպի նա, կարծես նա կարող էր պատասխանել իր համբույրին։ Կարծես նրա բոլոր ցանկությունները վեր էին սլանում հեռու այն ամենից, որ շրջապատում էր իրան, և նա անգիտակցաբար շշնջաց. «Վերադարձրո՛ւ նրան ինձ»։

Երբեք Բերտան այդպես ամբողջովին չէր պատկանել նրան, ինչպես այժմ, այս րոպեին։ Թվում էր, թե նա այժմ առաջին անգամ սիրեց Էմիլին։ Եվ նրա զգացմունքին այլևս ոչինչ չէր խառնված. ոչ ահ, ոչ հոգս, ոչ կասկած։ Ամբողջ հոգով նա լի էր քնքշությամբ, և երբ քամին ներս խուժեց ու սկսեց խաղալ իր մազերի հետ, Բերտային թվաց, թե դա Էմիլի շունչն է։

159