Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրողի դժգոհությունը իր որևէ գործից ինքնին դեռ հիմք չի տալիս արժեքազրկելու կամ հրաժարվելու նրանից։ Մեծ մասամբ դա վկայում է, որ գրողն ունեցել է իր խնդիրն ավելի լավ իրագործելու ցանկություն, որը նրան ինչ–ինչ պատճառով չի հաջողվել։ Այդպես էլ տվյալ դեպքում Տերյանի խոստովանությունն այն մասին, որ ինքը «անհավաս» է թարգմանել «Բերտա Գարլանը», նշանակում է, որ նա կուզեր ավելի նվիրումով և ոգևորությամբ աշխատել այդ գործի վրա, որը, սակայն, չի հաջողվել նրան։ Հիմքեր կան ասելու նաև, որ այն, ինչ սկզբնապես չի բավարարել Տերյանին իր թարգմանության մեջ, զգալի չափով պետք է շտկված լինի գրքի խմբագրի հետ կատարած համատեղ աշխատանքի ընթացքում, որի մասին, ինչպես տեսանք, վկայում է Պ. Մակինցյանը։

Ինչ վերաբերում է Տերյանի թարգմանության լեզվական որակին, ապա կարելի է ասել, որ այն դարասկզբի մեր արևելահայ գրական լեզվի առավել մաքուր և կատարյալ արտահայտություններից մեկն է։ «Բերտա Գարլանի» հայերեն թարգմանությունը մեզ այսօր էլ ներկայանում է իբրև ըստ ամենայնի արդիական, եթե չհաշվենք այժմ հնաբանության արժեք ունեցող հատուկենտ բառաձևերը (ջահիլ, մույգ, անաջող, ույժ, ամուսնի, ինքզինքը և այլն), որոնք պահպանված են նաև ներկա հրատարակության մեջ։ Պահպանված են նաև այն օտար բառերը (պալտո, տուալետ, ցիլինդր, մուզեյ և այլն), որոնք Տերյանը չի թարգմանել, քանի որ, ինչպես երևում է 1914 թ. կարդացած «Հայ գրականության գալիք օրը» զեկուցումից, նա գտնում էր, որ այդ և նման բառերը կարիք չկա թարգմանելու հայերեն։ Մենք այս հարցում, իհարկե, Տերյանի հետ համաձայն չենք, բայց չենք կարող չհարգել նրա կամքն ու լեզվի տվյալ առանձնահատկությունը։

Հայ թարգմանական գրականության պատմության մեջ Վահան Տերյանը հատուկ և միանգամայն բացառիկ տեղ է գրավում: Նա միակն է մեր խոշորագույն գրողներից (բացառությամբ Արշակ Չոպանյանի), որը հավասար հաջողությամբ զբաղվել է, այսպես ասած, «երկկողմանի թարգմանությամբ»։ Մի կողմից՝ թարգմանություններ ռուսերենից, ֆրանսերենից, վրացերենից, գերմաներենից (վերջինս՝ տողացի կամ ռուսերեն թարգմանությունների հիման վրա) և այլ լեզուներից։

16