Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տան մեջ։ Նրա մտքովն անցավ՝ չլինի՞ թե Աննան վճռել է ինքնասպանություն գործել։ Միայն թե չմեռնե՜ր։ Եվ իսկույն մի ուրիշ միտք անցավ Բերտայի գլխով. «Միայն թե լավ նամակ ստանայի»։ Նրան թվում էր, թե չորս կողմից իրան վտանգ է սպառնում։ Մտավ գերեզմանատուն։ Հրաշալի ամառային երեկո էր, և երեկվա անձրևից հետո ծաղիկները սովորականից ավելի ուժեղ էին բուրում։

Բերատն իր մշտական ճանապարհով ամուսնի գերեզմանի մոտ էր գնում, բայց զգում էր, որ այնտեղ անելու բան չունի։

Նա գերեզմանի վրա կանգ առավ։

«Վիկտոր Մաթիաս Գարլան. վախճանվեց 1895 թ. հունիսի 6-ին»։

Դժվարությամբ կարդաց Բերտան այդ խոսքերը, որ արդեն իր սրտին բան չէին ասում։

Էմիլի հետ կատարած ամենաչնչին զբոսանքն անգամ նրան այժմ ավելի մոտ էր թվում, քան ամուսնի հետ անցկացրած տարիները։ Այժմ այդ ամենը բոլորովին չկար։ Նա նույնիսկ մոռացած կլիներ այդ մասին, եթե Ֆրիցը չլիներ... Հանկարծ նրա մտքով անցավ, թե Ֆրիցը Գարլանի որդին չէ... Գուցե նա Էմիլի որդին է... Ո՞վ գիտե, ի՞նչ ասես՝ չի պատահում... Նրան թվաց, որ այդ րոպեին նա ըմբռնում է անմարմին հղացումի ուսմունքը։ Նա ինքն իր մտքերից վախեցավ։ Նայում էր լայն ճանապարհին, որը գերեզմանատան դռնից գնում էր մինչև դիմացի պատը։ Եվ հանկարծ նա պարզ զգաց, թե ինչպես մի քանի օրից այդ ճանապարհով պիտի տանեն տիկին Ռուպիուսի դագաղը։

Բերտան ուզեց հեռու վանել այդ միտքը, սակայն մի արտասովոր պարզությամբ կանգնած էր նրա առաջ այդ պատկերը։ Նա տեսնում էր դիակառքը գերեզմանատան դարպասի մոտ, գերեզմանը, որ փորում էին երկու հոգի, իհարկե, տիկին Ռուպիուսի համար։ Եվ պարոն Ռուպիուսը սպասում էր այդ գերեզմանի մոտ։ Նա նստած էր իր շարժուն բազմոցի վրա, ծնկները շալով ծածկած, և քարացած հայացքով դագաղին էր նայում, որ սև հագած մարդիկ բերում էին։ Բերտան զարմացած էր։ Դա ոչ թե նախազգացում էր, այլ համոզմանք։ Բայց որտեղի՞ց է այդ համոզումը։

161