Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա իր ետևից ինչ-որ ձայներ լսեց ու դարձավ այն կողմը։ Երկու կին էր գնում. մեկը նորերս մեռած գնդապետի այրին էր, մյուսը՝ նրա աղջիկը։ Նրանք գլուխ տվին Բերտային ու դանդաղորեն առաջ անցան։ Բերտան մտածեց, որ նոքա պիտի իրան անմխիթար այրիի տեղ դնեն, որ դեռ սգում է իր ամուսնի մահը։

Խղճի խայթ զգաց նա, կարծես մեկին խաբել էր։ Եվ արագ հեռացավ։ Պետք էր տուն շտապել։ Գուցե որևէ լուր կա, գուցե հեռագի՞ր կա Էմիլից... Դա բոլորովին անհավատալի չէ... չէ՞ որ ինքն ու Էմիլը բավականին մոտ են միմյանց։ Չլինի՞ թե հանկարծ տիկին Ռուպիուսը զառացանքի մեջ ասե այն, ինչ Բերտան պատմել է իրան կայարանում։ Ասենք, դա նշանակություն չունի, միայն թե Էմիլի նամակը եկած լիներ, և Աննան առողջանար։ Բերտան դեռ պետք է նրանց մոտ գնար և տեսներ պարոն Ռուպիուսին, որը երևի իրանից չէր թաքցնի, թե բժիշկն ի՞նչ է ասել։ Եվ շտապով նա դիմում է դեպի տուն։ Ոչինչ չկա, ոչ նամակ, ոչ հեռագիր... Ֆրիցը նաժիշտի հետ դուրս եկավ։ Օ՜, որքան մեղավոր է ինքը,— մտածում էր Բերտան։

Գնում է Ռուպիուսի տունը։ Աղախինը բացեց դուռն ու ասաց.

— Տիկինը շատ վատ է, պարոնի հետ խոսել չի կարելի։

— Ախր ի՞նչ է պատահել տիկնոջը։ Դուք չգիտե՞ք, բժիշկն ի՞նչ է ասել։

— Բորբոքում։

— Ինչպիսի՞։

— Չգիտեմ: Նա ասաց՝ բորբոքում կամ արյան վարակում։ Նոր հիվանդապահ կնոջ հետևն ուղարկեցինք հիվանդանոց։

Բերտան հեռացավ։ Հրապարակի վրա, սրճարանում մի քանի մարդ էր նստած։ Մի առանձին սեղանի շուրջը հավաքվել էին սպաները։ Նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում մի քանի քայլ հեռավորության վրա, մտածում էր Բերտան, եթե ոչ չէին կարողանա այստեղ նստել, ուտել, խմել, ծիծաղել։

«Արյան վարակում». արդյոք ի՞նչ է նշանակում դա... Օ,

162