Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իհարկե, Աննան ինքնասպանության փորձ է արել... Ինչո՞ւ։ Նրա համար, որ չէր ուզում կամ չէր կարող հեռանա՞լ... Բայց նա չի մեռնի, չի կարող, չպետք է մեռնի։

Բերտան չգիտեր՝ ինչպես կարճեր ժամանակը և նորից գնաց տագերանցը։ Տագերկինը տանը մենակ էր, բայց Աննայի հիվանդության մասին գիտեր արդեն, սակայն այդ բանը բոլորովին չէր հուզում նրան, և նա կողմնակի բաների վրա էր խոսում։ Բերտան այդ տանել չկարողացավ և հեռացավ։ Երեկոյան նա նորից փորձեց Ֆրիցի հետ պարապել, հեքիաթ էր ասում, լրագիր էր կարդում, ուր նորից հայտարարություն գտավ համերգի մասին, որին Էմիլն էր մասնակցում։ Նա զարմանում էր, որ համերգը դեռ չի անցել։ Նա չէր կարող քնել, նախքան մի անգամ ևս Ռուպիուսի մոտ գնալը։

Նախասենյակում նրան հիվանդապահ կինը հանդիպեց, այն կինը, որին բժիշկ Ֆրիդրիխը միշտ ուղարկում էր իր հիվանդների մոտ։ Կինը ուրախ, խրախուսող տեսք ուներ։

— Մեր բժիշկը կբժշկի՜ — ասում էր նա.— Ավելի վատ հիվանդների է ազատել նա։

Բերտան գիտե, որ այդ կինը միշտ էլ այդպես է ասում, բայց, այնուամենայնիվ, այդ խոսքերը հանգստացրին իրան։ Նա հանգիստ դառնում է տուն և քնում։

Առավոտը Բերտան ուշ արթնացավ։ Նա քունն առել էր և առույգ էր ու թարմ։

Գիշերային սեղանի վրա մի նամակ էր դրած։ Նա մտաբերեց, որ Աննան վտանգավոր կերպով հիվանդ է, և որ սա Էմիլի նամակն է։

Նա շտապով ձեռքը տարավ դեպի նամակը, ուժգին դիպավ մոմակալին, պատռեց ծրարն ու կարդաց.

«Սիրելի Բերտա,

Շատ շնորհակալ եմ քո նամակի համար, որը ինձ մեծ ուրախություն պատճառեց։ Իսկ ինչ վերաբերվում է քո Վիեննա

163