Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղափոխվելուն, դրա մասին պետք է լուրջ մտածել։ Այստեղի պայմանները բոլորովին այլ են, քան դու ես երևակայում։ Շատ դժվար է լավ վարձատրությամբ երաժշտության դասեր գտնելը։ Հայտնի, լավ երաժիշտներն անգամ չքավորության են մատնված։ Իսկ քեզ համար, մանավանդ սկզբում, շատ դժվար կլինի մի տեղ գտնել։ Այդտեղ քո գոյությունը ապահովված է, այդտեղ դու ազգականներ ու բարեկամներ ունես։ Այդտեղ դու ապրել ես ամուսնիդ հետ, որդի ես ունեցել, և այդտեղ է քո իսկական տեղը։ Այդ ամենը փոխել այստեղի կյանքի հետ, ուր կոնկուրեցիան այնքան մեծ է, առնվազն անխոհեմություն կլինի։ Ես դիտմամբ չեմ խոսում քո՝ դեպի ինձ տածած համակրության մասին։ Դու գիտես, որ ես էլ փոխադարձաբար նույնն եմ տածում դեպի քեզ։ Սակայն այդպիսի զոհաբերություն քո կողմից ես ոչ մի դեպքում չեմ կարող ընդունել։ Ի՞նչ ասել կուզե, որ ես, անկասկած, ուզում եմ տեսնել քեզ, որքան կարելի է՝ շուտ։ Ես չեմ կարողանում մոռանալ մեր վերջին տեսակցությունը և անսահման շնորհակալ եմ քեզանից այդ տեսակցության համար։ Ուրեմն այնպես սարքիր, բալիկ, որ ամիսը մի անգամ կամ, գոնե, վեց շաբաթը մի անգամ կարողանաս Վիեննա գալ, գոնե մի օրով: Մենք դեռ շատ պիտի զվարճանանք։ Այժմ մենք, դժբախտաբար, չպիտի կարողանանք տեսնվել, որովհետև համերգից հետո ես իսկույն Լոնդոն պիտի գնամ (սեզոն), այնտեղից՝ Շոտլանդիա։ Ուրեմն՝ ցխնդալից տեսակցություն աշնանը։

Բարևում եմ քեզ և համբուրում եմ իմ սիրած տեղը քո ականջիկի ետևում։

Քո Էմիլ»։

Նամակը վերջացնելուց հետո Բերտան մի պահ նստեց անկողնի վրա։ Նրա մարմնով մի թեթև դող էր անցնում։ Նա չէր զարմանում, այլ թվում էր, որ ուրիշ նամակ ինքը չէր էլ կարող ստանալ։ Նա դողդողում էր։ Ուրեմն՝ նա հրավիրում էր իրան ամիսը մի անգամ, մի օրո՛վ... Ֆո՜ւ, ինչպիսի՜ ստորություն... Եվ ինչպես վախենում է, որ Բերտան կարող է հանկարծ Վիեննա գնալ։ Եվ այդ վերջին տողը, որ ավելաց-

164