Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խնդրեմ, ես պատրաստ եմ,— մտածեց Բերտան դառնությամբ,— Վիեննայում ես ամիսը միմիայն մի անգամ եմ զբաղված, մի գիշեր... Միայն, խնդրեմ ասեք, թե ե՞րբ կցանկանաք...

Պատշգամբի դուռը բաց էր։ Ճաղերին գցած է դաշնամուրի կարմիր ծածկոցը։ Երևի ամեն ինչ լավ է, թե չէ՝ ինչո՞ւ պիտի դուրս գցած լիներ այդ ծածկոցր։ Ուրեմն՝ վախենալու բան չկա։

Աղախինը դուռը բաց է անում։ Բերտան հարցնելու բան չունի. սարսափ է գրված աղախնի դեմքին։ Կարծես մահը այստեղ է, մոտ... Բերտան հյուրասենյակ է մտնում։ Ննջարանի դուռը լայնարձակ բաց է։ Սենյակի մեջտեղը մահճակալ կա դրած։ Ոտների մոտ նստած հիվանդապահ կինը գլուխը կախած նիրհում է, Ռուպիուսը իր բազմոցի վրա նստած է Աննայի գլխավերևը։ Սենյակում այնքան մութ է, որ Բերտան Աննային կարողանում է տեսնել միիմայն, երբ բոլորովին մոտենում է։ Երևի քնած է։ Բերտան ավելի մոտ է գնում։ Աննայի շնչառությունը կանոնավոր է, բայց սաստիկ արագ։ Բերտան երբեք չի տեսել այդպիսի շնչառություն։ Նա զգում է Ռուպիուսի և արթնացած հիվանդապահի հայացքը, որ իրան են ուղղված։ Մի վայրկյան Բերտային տարօրինակ է թվում, որ իրան ներս թողին, ապա հասկանում է, որ նախազգուշությունները ավելորդ են, որ արդեն ամեն ինչ վերջացած է։ Ուրիշ երկու աչք էլ են նայում Բերտային՝ տիկին Ռուպիուսն է, որ ուշադրությամբ դիտում է իրան։ Հիվանդապահը դուրս ելավ մյուս սենյակը և Բերտային տվեց իր աթոռը։ Աննան դժվարությամբ մեկնում է Բերտային իր ձեռքը։

— Սիրելի Աննա, այժմ դուք ավելի լավ եք զգում ձեզ, այնպես չէ՞, — ասում է Բերտան, սակայն իսկույն զգում է, որ այն չասաց, ինչ որ պետք էր ասել։ Եվ նույնիսկ այս վերջին ժամին նրան վիճակված էր անտակտ վարվել այդ կնոջ վերաբերմամբ։

Աննան ժպտաց։ Նա բոլորովին մանկահասակ էր երևում իր լղարած, գունատ դեմքով։

— Շնորհակալություն, սիրելի Բերտա, — ասաց նա։

166