Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այնուհետև նոր ուզողներ եկան։ Մի երիտասարդ բժիշկ և մի վաճառական։ Երկուսին էլ մերժեց Բերտան։ Բժշկին, որովհետև շատ տգեղ էր, վաճառականին, որովհետև գավառական քաղաքում էր ապրում։ Ծնողները շատ էլ չէին պնդում։

Բայց երբ Բերտան քսանվեց տարեկան դարձավ, և նրա հայրը սնանկանալով, կորցրեց իր փոքրիկ կարողությունը, ստիպված էր զանազան ուշացած կշտամբանքներ լսելու, այն էլ այնպիսի բաների համար, որոնց մասին ինքն արդեն սկսել էր մոռանալ։ Նրան մեղադրում էին անցած-գնացած գեղարվեստական ասպարեզ մտնելու ծրագրների համար, ջութակահարի հետ ունեցած և անհուսորեն մոռացության մատնված պատմության համար, տգեղ բժշկին և գավառական վաճառականին մերժող պատասխան տալու համար։

Այդ միջոցին Վիկտոր Գարլանը այլևս Վիեննա չէր բնակվում։ Այն ապահովագրական ընկերությունը, ուր նա քսան տարեկան հասակից ծառայում էր, երկու տարի առաջ, իր իսկ ցանկությամբ, նրան Դանուբ գետի ափին գտնվող մի քաղաքում նոր բացած բաժանմունքի կառավարիչ էր նշանակել։ Գարլանի ամուսնացած եղբայրն էլ այնտեղ էր ապրում և գինեվաճառությամբ զբաղվում։ Եվ ահա, երբ այդ ժամանակ նա Բերտայենց տունն էր եկել հրաժեշտ տալու, մի երկար խոսակցության ժամանակ նա ասել էր Բերտային, որ ինքը գլխավորապես նրա համար է հեռանում Վիեննայից, որ արդեն զգում է վերահաս ծերությունը, որ այլևս ամուսնության մասին չի մտածում և ուզում է գոնե իր մերձավորներին մոտ լինել։ Այս խոսակցությունը որոշ տպավորություն գործել էր Բերտայի վրա։ Բերտայի ծնողներն այն ժամանակ ծիծաղում էին Գարլանի սևամաղձության վրա, որովհետև նա դեռ քառասուն տարեկան հազիվ կլիներ։ Իսկ Բերտան, ընդհակառակը, կարծում էր, որ Գարլանի դատողությունը խելացի է, որովհետև այդ մարդն իրան երբեք ջահիլ չէր երևացել։ Հետագա տարիների ընթացքում Գարլանը ավելի հաճախ էր Վիեննա գալիս իր գործերով և երբեք առիթը բաց չէր թողնում Բերտայենց ընտանիքն այցելելու։

Սովորաբար Բերտան ընթրիքից հետո դաշնամուր էր ածում, իսկ նա խորին ուշագրությամբ լսում էր, պատմում էր իր եղ-

22