Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերտան շվարեց։ Նա զգում էր, որ այդ բանն ինքը չէր նախատեսել։ Ամուսնի թողած միջոցները շատ սահմանափակ էին։ Սակայն շուտով այրի կնոջն օգնելու համար նրա տագերկինը մի միջոց գտավ, որ բնավ ողորմության ձև չուներ։ Բերտային խնդրեցինք որ երեխաներին դաշնամուրի դասեր տա, և քաղաքի մի քանի ուրիշ ընտանիքներում էլ նույնպիսի դասեր գտան նրա համար։ Մի լռելյայն, ներքին համաձայնությամբ բոլորն էլ իրանց այնպես էին պահում, իբր թե Բերտան դասերը վերցրել է միմիայն նրա համար, որ շատ չմտածի մեռած ամուսնի մասին, մի քիչ ցրվի, և, իբր, նրան վճարում են լոկ այն պատճառով, որ անհնար են համարում, որ նա ձրիաբար նվիրե իր աշխատանքն ու ժամանակը։

Ինչ որ նա այսպիսով աշխատում էր, լիովին բավական էր նրա կենսական պիտույքը հոգալու համար։

Եվ ահա, երբ ամուսնի մահից հետո նախ սուր ցավը, ապա տխրությունը մեղմացավ, Բերտան նորից իրան գոհ և ուրախ էր զգում։ Ապագայի մասին մտածելիս՝ նրան գրեթե ոչինչ չէր զբաղեցնում, բացի իր զավակի աստիճանաբար աճումը, և միայն երբեմն նրա մտքովն անցնում էր նորից մարդու գնալու հնարավորությունը, սակայն անցողակի կերպով, որովհետև ոչ ոք չկար, որի մասին այդ միտումով նա խորհեր։

Երբեմն առավոտները զարթնելիս՝ նրա մեջ էլ ծագում էին ջահիլության ցանկություններն ու ցնորքները, սակայն օրվա ընթացքում խամրում ու հանգչում էին։

Միայն այս գարնանից սկսած՝ նա իրան առաջվա պես գոհ չէր զգում։ Նա այլևս չէր կարողանում առաջվա նման խաղաղ և աներազ քնել։ Երբեմն մի մինչ այժմ անծանոթ անձկություն էր զգում, և հանկարծակի նրա վրա օրը ցերեկով ինչ-որ հոգնություն էր գալիս, և նա այդ պահուն զգում էր իր արյան շրջանառությունը մարմնի մեջ։ Դրա նման մի բան նա մտաբերում էր իր աղջիկ ժամանակվանից և սկզբում այդ զգացմունքը, միանգամայն ծանոթ լինելով հանդարձ, այնքան օտարոտի էր, որ նրան թվում էր, թե իր ընկերուհիներից մեկնումեկը պիտի իրան պատմած լինի այդ մասին։ Միայն այն ժամանակ, երբ նորից ու նորից կրկնվեց նույն բանը, նա մտաբերեց, որ առաջ էլ, մի ժամանակ, ապրել է նույնը։

25