Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ եկող տարի, աշնա՛նը։

Այս ասելով՝ Ռիխարդը մատով զարկեց Բերտայի լրագրին:

— Անշնորհք տղա, ի՞նչ ես ուզում ինձնից։

— Հարսի, դու Վիեննա գալո՞ւ ես ինձ այցելելու։

— Ինչպես չէ. ընդհակառակը, ես ուրախ եմ, որ քեզանից կազատվեմ։

— Ահա պարոն Ռուպիուսն է գալիս,— ասաց Ռիխարդը։

Բերտան լրագիրը վայր դրեց: Նայեց այն կողմը, ուր Ռիխարդն էր նայոմ։ Մի բանվոր աղջիկ քաղաքից անիվավոր բազմոցի վրա նստած մի մարդ էր բերում։ Մարդու գլուխը բաց էր, գլխարկը ծնկներին էր դրած, ոտներն էլ՝ շալով փաթաթած։ Նրա ճակատը լայն էր, մազերրը՝ կոկ ու խարտյաշ, քունքերն՝ ալեխառն, աչքերը՝ տարորեն մեծ։ Երբ նստարանին մոտեցավ, նա անժպիտ, թեթև կերպով գլուխ տվեց:

Բերտան գիտեր, որ եթե ինքը մենակ լիներ, նա անպատճառ կանգ կառներ։ Երբ նստարանի կողքով անցնում էր, նա միայն Բերտային էր նայում, այնպես որ բարևն էլ, երևի, միայն նրան էր վերաբերվում։ Բերտային թվում էր, որ Ռուպիուսի աչքերը երբեք լուրջ չէին նայում, ինչպես այսօր։ Նա տխրեց, որովհետև խորապես կարեկցում էր այդ անդամալույծ մարդուն։

Երբ նա անցավ գնաց, Կլինգեմանն ասաց.

— Խե՜ղճ մարդ, կնիկն էլ, երևի, նորից Վիեննա գնացած կլինի։

— Ո՛չ,— ասաց Բերտան գրեթե զայրույթով,— ես մի քանի ժամ սրանից առաջ նրա հետ խոսել եմ։

Կլինգեմանը լռեց, որովհետև զգաց, որ տիկին Ռուպիուսի դեպի Վիեննա կատարած խորհրդավոր ճանապարհորդությունների մասին նկատողություն անելը ազատամիտի հռչակ ունեցող մարդուն չի սազի։

— Ճի՞շտ է, որ նա երբեք չի կարողանալու ոտով ման գալ,— հարցրեց Ռիխարդը։

— Այո, երբե՞ք,— ասաց Բերտան։

Նա գիտեր այդ, որովհետև ինքը՝ պարոն Ռուպիուսն էր ասել մի անգամ, երբ Բերտան, նրա կնոջ Վիեննա գնացած ժամանակ, այցելեց նրան։ Նա Բերտային հիմա ավելի թշվառ էր երևում, որովհետև հենց պարոն Ռուպիուսի անցնելու միջո-

29