Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխարհի հետ, մի կապ, որի մեջ հայրենիքի կարոտի նման մի շեշտ կար։ Իր Վիեննա եղած ժամանակ, վերջերը, արդեն հազիվ թե այս բոլոր բաները որևէ նշանակություն ունենային նրա համար։ Իսկ երբ տեղափոխվեց այս փոքրիկ քաղաքը, ուր գեղարվեստական ամենամեծ հաճույքը սովորական սիրողների համերգներն էին, ավելի ևս թուլացրին այդ նշանակությունը։ Իր այստեղ գալու առաջին տարին ինքն էլ մի այդ տեսակ երեկույթի մասնակցեց «Կարմիր խնձոր» կոչված հյուրանոցում։ Քաղաքի մի ուրիշ ջահիլ տիկնոջ հետ նվագեց Շուբերտի երկու մարշը։ Նա այնքան հուզված էր այն պահուն, որ երդվեց այլևս չմասնակցել և նույնիսկ շատ ուրախ էր, որ երաժշտական ասպարեզը փակված է իր համար։ Այդ ասպարեզի համար բոլորովին այլ բնավորություն էր հարկավոր, ա՞յ, օրինակ, ինչպես Էմիլ Լինդբախի բնավորությունն է: Այո՛, նա այդ իսկ բանի համար էր ծնված։ Բերտան մի ակնթարթում հասկացավ այդ, երբ Էմիլ Լինդբախն առաջին անգամ բեմ ելավ մի աշակերտական համերգում։ Մազերն անփույթ կերպով ետ նետելու ձևից, կիսահեգնորեն և բարձրից ներքևի մարդկանց նայելուց, առաջին իսկ անգամից՝ ծափահարություններին գլխի հանգիստ շարժումով պատասխանելուց, ամեն ինչից երևում էր այդ, կարծես նա վաղուց ընտելացել էր այդ ամենին։

Տարօրինակ է, երբ Բերտան մտածում է Էմիլ Լինդբախի մասին, շարունակ նրան այնքան ջահիլ, տղայական տեսքով է պատկերացնում։ Այնպես է ներկայանում նա Բերտային, ինչպես այն ժամանակ էր, երբ նրանք միմյանց ճանաչում ու սիրում էին։ Նորերս Բերտան իր տագեր և տագերկնոջ հետ սրճարան էր գնացել և մի պատկերազարդ թերթում տեսավ նրա նկարը, որի վրա այնքա՞ն փոխված էր նա։ Նրա մազերը այլևս երկար չէին, սև բեխերը, կարծես, ունելիքով վեր էին ուղղված, և օսլայած օձիքը շատ բարձր էր, փողպատը՝ համապատասխան վերջին մոդային։ Տագերկինն ասաց, որ նա լեհական կոմսի է նմանում։

Բերտան նորից լրագիրը վերցրեց, որ կարդա, բայց արդեն մթնել էր։

Նա վեր ելավ, կանչեց աղախնին, որը ներս բերեց լամպը և սեղանը պատրաստեց։ Բերտան իրիկնահացը կերավ իր երե-

31