Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խի հետ միասին։ Լուսամուտը բաց մնաց։ Այսօր նա սովորականից ավելի քնքույշ էր դեպի իր փոքրիկը։ Նա այն անցած ժամանակի վրա էր մտածում, երբ իր ամուսինը դեռ կենդանի էր։ Ամեն տեսակ հիշողություններ էին գալիս ու անցնում նրա գլխից։ Երբ նա Ֆրիցին քնեցնելու էր տանում, նրա աչքերովն ընկավ հանգուցյալ ամուսնի նկարը, որը փայտե կինեմոնագույն, ձվաձև շրջանակի մեջ կախված էր մահճի դիմացը։

Ամուսինը նկարված էր ամբողջ հասակով, ֆրակը հագին, ճերմակ փողպատով ու ցիլինդրը ձեռքին։ Հարսանիքի հիշատակին էր այդ նկարը։

Բերտան հաստատ գիտեր, որ պարոն Կլինգեմանը, եթե այդ նկարը տեսներ, հեգնությամբ պիտի ժպտար։

Քիչ հետո նա նստեց դաշնամուրի առաջ, ինչպես հաճախ անում էր քնելուց առաջ, ոչ թե երաժշտական ներշնչումից դրդված, այլ որպեսզի շատ վաղ չպառկի։ Նա գլխավորապես այն մի քանի բանն էր նվագում, որ դեռ անգիր էր հիշում՝ Շոպենի մազուրկաները, կտորներ Բեթհովենի սոնատներից, երբեմն էլ ինքն էր հերյուրում բայց նրա հերյուրանքները հասարակ դաշնակներ էին, ոչ ավելի և այն էլ միշտ միևնույն կրկնությունը։ Այսօր նա իր այդ դաշնակներից էլ սկսեց, բայց սովորականից ավելի մեղմ էր նվագում։ Նա փորձեց փոխել եղանակը և երբ պեդալը սղմելով, վերջին դաշնակը հնչեցրեց, կանգ առավ ու երկա՜ր-երկա՜ր ձեռները ծնկներին դրած ականջ էր դնում հնչյուններին, որ մի անուշ մեղմությամբ տարածվում էին շուրջն ու քիչ-քիչ թուլանում, մեռնում։ Այժմ նա մտաբերեց Կլինգեմանի նկատողությունը. «Երաժշտությունը փոխարինում է ձեզ համար ամեն ինչ»։ Ճշմարիտ որ, նա մասամբ իրավացի էր։ Երաժշտությունը կարող է շատ բան փոխարինել իրա համար։ Բայց ամե՞ն ինչ։ Օ՜, ո՛չ։

Այո ի՞նչ է։ Դեմառդեմ ոտնաձայն է գալիս։ Ասենք, զարմանալու բան չկա։ Սակայն քայլերը կանոնավոր են, դանդաղ, սովորական անցուդարձ անողների քայլերի նման չեն։ Նա վեր կացավ և մոտեցավ լուսամուտին։ Արդեն բոլորովին մթնել էր, և նա այնտեղ ման եկող մարդուն իսկույն չճանաչեց, սակայն գիտեր, որ դա Կլինգեմանն է։

Ինչպիսի՜ զուգադիպություն։ Թե՞ նա գուցե դիտմամբ է պատուհանի տակ զբոսնում։

32