Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տանտերը մոտեցավ իր հարսին և, ըստ սովորականին, նրան մի ձեռքով մեջքից գրկեց։

Բերտան արդեն գիտեր՝ ինչ է ուզում իր տագրը։ Երբ հյուրեր էին լինում, Բերտան նրանց համար պիտի նվագեր, երբեմն նույնիսկ երկուսով, Ռիխարդի հետ։ Դա հաճելի էր թուղթ խաղացողերին և, բացի այդ, մի քիչ կենդանություն էր մտցնում։

Բերտան նստեց դաշնամուրի առաջ։ Բաց արին այն սենյակի դուռը, ուր տղամարդիկ թուղթ էին խաղում։ Գարլանը, բժիշկ Ֆրիդրիխը և պարոն Մարտինը նստել էին սեղանի շուրջը։ Կանայք հյուրասենյակում մնացին։ Տիկին Մարտինը, բազմոցին նստած, մի ոտը մյուսի վրա դրեց և սկսեց ծխել։ Կիրակի օրերը նա, սովորաբար, պարահանդեսի ոտնամաններ և մետաքսե գուլպա էր հագնում։ Բժիշկ Ֆրիդրիխի կինը աչքը նրա ոտներից չէր հեռացնում։ Ռիխարդը տղամարդկանց մոտ գնաց, նրան արդեն հետաքրքրում էր «տարոկ» խաղը։ Էլլին, դաշնամուրի կափարիչին հենված, սպասում էր, որ Բերտան սկսի նվագել։ Տանտիկինը շարունակ տնտեսությամբ էր զբաղված՝ մեկ ներս էր գալիս, մեկ դուրս ելնում և ձեռքին բռնած բանալիների կապոցով աղմուկ էր հանում։

Այս րոպեիս, երբ նա ներս մտավ, բժիշկ Ֆրիդրիխի կինը աչքով ցույց տվեց նրան տիկին Մարտինին և, կարծես, ուզում էր ասել.« Մի նայեցեք,ի՞նչպես է նստած նա»։

Բերտան այդ ամենը այսօր առանձնապես պարզ էր նկատում, կարծես ջերմի մեջ լիներ։ Տագրը դարձավ և նայեց նրան։ Այդ հայացքը Բերտային իր անելիքը հիշեցրեց։

Նա բարձր նվագել սկսեց Շուբերտի մի մարշը։ Տագրը նորից ետ դարձավ և ասաց նրան. «Կամա՛ց»։

— Այս տան առանձնահատկությունը.— ասաց բժիշկ Ֆրիդրիխը,— «տարոկ» խաղն է դաշնամուրի նվագակցաթյամբ։

— Այսպես ասած՝ երգեր առանց խոսքերի,— ավելացրեց պարոն Մարտինը։

Բոլորը ծիծաղեցին։ Գարլանը նորից Բերտային դարձավ որովհետև նա հանկարծ դադարեց նվագելուց։

— Գլուխս մի քիչ ցավում է,— ասաց Բերտան, ասես թե ներողություն էր խնդրում և, դրանից քիչ վիրավորված, ավելացրեց.— ոչ մի ցանկություն չունեմ։

34