Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան հանգիստ չէր տալիս։ Նա մտաբերում էր իր մանկական ցնորքները բարեկամության ու մտերմության մասին։ Սկզբում Բերտան իրան մենակ ու դժբախտ էր զգում, սակայն հետո միշտ փոփոխվող պատկերները զբաղեցրին նրան։ Երկաթուղու գծին ու գնացքի կողքով սլացող հեռագրական սյուներին նայելով, նա մտաբերում էր իր մի ճանապարհորդությունը: Նա իր ծնողների հետ Զալցկամմերգուտ էր գնում և այն ժամանակ էլ նստում էր այսպես պատուհանի առաջ և դուրս էր նայում։ Նա հիացմունքով նայում էր հայելու նման փայլող գետին, բլուրների ու մարգերի քմահաճորեն ոլորվող գծերին, երկնի կապույտին, սպիտակ ամպերին։ Քիչ հետո Աննան գիրքը ծալեց ու Բերտայի հետ խոսել սկսեց։ Նա ժպտում էր Բերտային, որպես մի երեխայի։

— Ո՞վ կարող էր գուշակել այս։

— Որ մենք միասին Վիեննա՞ կգնանք։

— Ոչ, ոչ։ Որ մենք երկուսս էլ մեր կյանքը կանցկացնենք կամ կվերջացնենք այստեղ,— և նա գլխի թեթև շարժումով իրանց կեցած փոքրիկ քաղաքի կողմը ցույց տվեց։

— Այո, իհարկե,— ասաց Բերտան։

Նա այդ մասին առաջ չէր մտածել, և այդ բանն իրան տարօրինակ չէր թվացել։

— Դուք դեռ կարող էիք ենթադրել այդ, երբ մարդու էիք գնում, իսկ ե՞ս... —Աննան լռեց և նայեց իր առջևը։

Բերտան հարցրեց.

— Դուք մեզ մոտ տեղափոխվեցիք միայն այն ժամանակ, երբ...—Նա ամաչեց ու լռեց։

—Այո, դուք արդեն գիտեք։

Եվ Աննան ուղիղ նրա երեսին նայեց, ապա շարունակեց, սիրալիր ժպտալով, կարծես ա՛յն, ինչի մասին ինքը մտածում էր, բնավ ցավալի մի բան չէր։

— Այո՛, ես երևակայել անգամ չէի կարող, որ ստիպված կլինեմ թողնել Վիեննան։ Ամուսինս մինիստրության մեջ էր ծառայում։ Իհարկե, չնայած իր հիվանդությանը, նա կարող էր շարունակել ծառայությունը, բայց չկամեցավ։

— Նա երևի կարծում էր, որ թարմ օդը և խաղաղությունը,— սկսեց Բերտան, բայց իսկույն զգաց, որ հիմար բան է ասում և լռեց։

46