Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էմիլին հիշեցրեց։ Նա ուզում էր, որ այդ մարդը ետ նայե, բայց շուտով ալքից կորցրեց նրան։ Նրանք Կոլմարիտում կանգ առան մի տան մոտ։ Երկուսն էլ իջան և երրորդ հարկը բարձրացան, ուր գտնվում էր դերձակուհու արհեստանոցը։ Երբ որ Աննան հագուստն էր չափում, այդ միջոցին Բերտայի չափն էլ առան։ Պայմանավորվեցին, որ մի շաբթից նա նորից գա չափելու։ Աննան հարևան սենյակից դուրս եկավ և խնդրեց, որ Բերտայի պատվերին առանձնապես ուշադրությամբ վերաբերվեն։ Բերտային թվաց, որ բոլորը իր վրա խղճահարությամբ ու հեգնանքով են նայում։ Մեծ հայելու մոտից անցնելիս՝ նա նկատեց, որ շատ անճաշակ է հագնված։ Եվ ինչ վայրենի միտք է սա՝ ամենօրյա հասարակ ու պարզ հագուստներից մեկը հագնելու փոխարեն այս տոնական զգեստը հագնելը։ Նա ամոթից կարմրեց։ Ֆուլյարե, սև ու սպիտակ շերտերով մի հագուստ էր նրա հագինը։ Երեք տարի առաջ էր կարել, և այժմ բոլորովին համապատասխան չէր մոդային: Մեծ, բացգույն, վարդերով զարդարված լայնեզր գլխարկը ծածկում էր նրա սիրուն երեսն ու գրեթե ծիծաղելի էր դարձնում նրան։ Աննան նրան խրախուսելու համար, սանդուխտից իջնելիս, ասաց.

— Սակայն դուք դարձյալ շատ սիրուն եք։

Նրանք կանգնած էին փողոցում։

— Դե՛հ, — ասաց Աննան,— հիմա ո՞ր կողմն եք գնալու։

— Մի՞թե դուք արդեն ուզում եք... ինձ թողնել։

Բերտան վախեցավ, նրան թվաց, որ նա բոլորովին մենակ է։ Աննան բարեկամական կարեկցությամբ նայեց նրան։

— Դուք երևի այժմ ձեր հորաքրոջ աղջկա մոտ կերթաք, և ձեզ այնտեղ երևի ճաշի կպահեն։

— Իհարկե, Ագաթան ինձ ճաշի կհրավիրի։

— Եթե ուզում եք, ես ձեզ ճանապարհ կգցեմ մինչև այնտեղ, իսկ հետո կերթամ եղբորս մոտ, իսկ ժամի երեքին մոտ կգամ ձեր հետևը։

Նրանք քաղաքի մարդաշատ փողոցներով գնացին, խանութների առջև երբեմն կանգ առնելով ու ցուցադրված իրերը զննելով։ Սկզբում աղմուկը խլացնում էր Բերտային, սակայն շուտով նա ընտելացավ, և շուրջը տիրող կենդանությունը նույնիսկ դուրեկան էր թվում։ Նա նայում էր անցորդներին, և

48