Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ագաթան այնպես դիմավորեց նրան, կարծես երեկ բաժանված լինեին միմյանցից. առանց ուրախանալու և զարմանալու։

Ժպիտը սառել էր Բերտայի շրթունքներին։

— Դու հազվադեպ հյուր ես,— ասաց Ագաթան։ — Վերջին ժամանակները մենք ոչինչ չէինք լսում քո մասին։

— Ախր դու ինքդ անպատասխան թողիր իմ վերջին նամակը, որ գրել էի քեզ մի երեք ամիս սրանից առաջ։

— Մի՞թե,— հարցրեց Ագաթան։ — Դեհ, ինձ ներելի է։ Կարո՞ղ ես երևակայել, այնքան հոգսի մեջ եմ այս երեք երեխաներիս համար։ Գեորգն արդեն դպրոց է գնում։ Ես գրել էի քեզ այդ մասին։

Ագաթան տարավ Բերտային մանկանոց, ուր բոննայի հսկողության տակ երեխաները ճաշում էին. Գեորգը և երկու փոքրիկ աղջիկ։ Բերտան սկսեց խոսել նրանց հետ, բայց նրանք այնքան ամաչկոտ էին, որ չպատասխանեցին, իսկ ամենափոքրը նույնիսկ լացեց։ Վերջապես Ագաթան ասաց որդուն.

— Դե, խնդրիր մորաքրոջը, որ մյուս անգամ Ֆրիցին բերե հետը։

Բերտան նկատեց, որ Ագաթան սաստիկ պառավել է։ Երբ նա թեքվում էր դեպի մանուկները, բոլորովին պառավ էր երևում, թեև հասակով Բերտայից միայն մի տարով էր մեծ: Երբ սեղանատուն դարձան, արդեն խոսելու նյութ չկար, Ագաթան միմիայն քաղաքավարությունից դրդված՝ ճաշի հրավիրեց Բերտային։ Բերտան համաձայնեց մնալ։ Ագաթան գնաց խոհանոց՝ կարգադրություններ անելու։

Բերտան զննում էր սենյակը, որ կահավորված էր անշուք և անճաշակ և, փողոցը նեղ լինելու պատճառով, մի քիչ մութ էր։

Նա վերցրեց սեղանից ալբոմը և սկսեց թերթել։ Այստեղ բոլորը ծանոթ դեմքեր էին։ Առաջին երեսում Ագաթայի վաղուց մեռած ծնողներն էին, հետո իր՝ Բերտայի, ծնողները, եղբայրները, որ գրեթե բոլորովին օտարացել ու անհետացել էին նրա հորիզոնից, ապա ջահիլ ժամանակվա ընդհանուր ծանոթներն էին, որոնց այժմ գրեթե չէր ճանաչում, վերջապես, մի նկար, որի գոյության մասին Բերտան բոլորովին մոռացել էր։ Նա և Ագաթան էին նկարված՝ բոլորովին մանկա-

50