Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջ, ոչ հետո այդպիսի բան չէր պատահել։ Դա այն անմոռանալի երեկոյան էր, երբ Էմիլը ճանապարհ էր դնում իրան կոնսերվատորիայից տուն և իր ձեռքի մեջ էր առել Բերտայի ձեռքը։

Բերտան մտաբերում էր, որ իր գլուխը հանկարծ պտտվեց այդտեղ, այդ ժամանակ նա իսկույն հասկացավ այն նախադասության իմաստը, որ հաճախ հանդիպում էր վեպերում՝ «նա ինչ ուզենար, կարող էր անել»։

Սենյակում խաղաղություն տիրեց։ Ագաթան բազմոցի մեջքին թեքված, կարծես, նիրհում էր։ Պատի ժամացույցը երեքը խփեց։ Ինչքան անախորժ է, Աննան դեռ չի եկել, Բերտան մոտեցավ լուսամուտին և դուրս նայեց փողոց։ Ապա դարձավ դեպի Ագաթան, որը նորից բացել էր աչքերը։ Բերտան շտապով սկսեց խոսել և պատմեց իր պատվիրած հագուստի մասին, սակայն, ըստ երևույթին, Ագաթայի քունն այնպես էր տանում, որ ոչինչ չպատասխանեց։ Չկամենալով ծանրություն պատճառել, Բերտան սկսեց մնաս բարով ասել, մտքում որոշելով, որ Աննային փողոցում կսպասե։

Ագաթան ըստ երևույթին, շատ գոհ էր։ Երբ Բերտան հագնվում էր, նա նույնիսկ կենդանացավ, սիրալիր դարձավ, կարծես պարզեց։ Դռան մոտ նա ասաց.

— Ի՜նչ արագ է սահում ժամանակը։ Հուսով եմ, դու շուտով նորից կանցնես մեր կողմերը։

Դարպասի մոտ Բերտան որոշեց, որ չարժե սպասել ընկերուհուն։ Աննան, երևի, սկզբից իսկ վճռել էր մինչև գնացքի ժամը մենակ անցկացնել ժամանակը։ Դրանում վատ բան չկար, իհարկեք և չէր կարող լինել։ Միայն Բերտան ափսոսում էր, որ Աննան իրան այդքան քիչ հավատ է ընծայում։ Մինչև գնացքի հեռանալը դեռ երեք ժամ ժամանակ կար։

Եվ Բերտան գնաց զբոսնելու։

Նախ և առաջ նորից քաղաքի կենտրոնական մասը գնաց։ Հաճելի էր թափառել անծանոթ մարդկանց մեջ, որոնք նույնպես չէին ճանաչում իրան, ինչպես ինքը՝ նրանց։ Նա վաղուց այդպիսի բավականություն չէր ստացել։ Տղամարդիկ նրան հետաքրքրությամբ էին նայում։ Մի քանիսը մինչև անգամ կանգ էին առնում ու նայում ետևից։ Բերտան ափսոսում էր, որ ինքն այնքան էլ նուրբ ու գեղեցիկ չէ հագնված և ուրախա-

53