Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաճույք էր պատճառում։ Ինչ լավ կլինի, երբ հետևյալ անգամ նա իր նոր շորերով և իրան սաստիկ ջահիլ ցույց տվող գլխարկով քաղաքի միջով կանցնի կառքով։ Բերտան ուրախ էր, որ տիկին Ռուպիուսը կանգնած էր կայարանի մուտքի առջև և տեսնում է իրան կառքով մոտենալիս։ Սակայն Բերտան իր ուրախությունը ցույց չի տալիս, այլ, ընդհակառակը, այնպիսի տեսք ունի, կարծես կառքով ման գալը իր համար ամենասովորական բանն է։

— Մեզ տասը րոպե է մնում,— ասում է Աննան։ — Դուք շա՞տ եք նեղացել, որ ես ձեր հետևը չեկա: Եղբորս մոտ այսօր մանկական հանդես էր, և այդ փոքրիկները ոչ մի կերպ չէին ուզում ինձ թողնել։ Ես շատ ուշ գլխի ընկա, որ կարող էի մարդ ուղարկել, որ ձեզ կանչեն այնտեղ։ Երեխաները շատ կզվարճացնեին ձեզ։ Ես արդեն ասել եմ, որ մյուս անգամ ձեզ և ձեր որդուն անպատճառ պիտի տանեմ նրանց մոտ։

Բերտան իրան ամաչացրած էր զգում։ Որքան անարդար է եղել ինքը այդ կնոջ վերաբերմամբ։ Նա կարողացավ Աննայի ձեռքը միայն սեղմել և ասել.

— Շնորհակալ եմ, դուք շատ սիրալիր եք։

Նրանք վեր ելան պերրոնը և մի կուպե ներս մտան, ուր, բացի նրանցից, ոչ ոք չկար։ Աննան ձեռքում մի թղթե տոպրակ ուներ, այնտեղից բալ էր հանում և ուտում, իսկ կորիզը պատուհանից դուրս էր նետում։ Երբ գնացքը շարժվեց, նա հետ ընկավ նստարանի վրա և աչքերը փակեց։ Բերտան պատուհանից դուրս էր նայում։ Նա հոգնել էր վազվզելուց։ Այս օրը բոլորովին այլ կերպ կարող էր անցնել և՛ ավելի հանգիստ, և՛ ավելի հաճելի։

Նա մտաբեերց Ագաթայի սառն ընդունելությունն ու տաղտկալի ճաշը։ Ցավալի էր, որ Վիեննայում ուրիշ ծանոթ չուներ։ Նա օտարի նման էր թափառում այն քաղաքում, ուր քսանվեց տարի կյանք էր անցկացրել։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ նա չկանգնեցրեց այս առավոտ այն կառքը, որի մեջ նստած մարդն Էմիլն էր հիշեցնում։ Իհարկե, ինքը նրա ետևից չէր կարող վազել, չէր էլ կարող կանչել, բայց եթե դա իսկապես Էմիլը լիներ, եթե նա հանկարծ ճանաչեր իրան, ուրախանար այդ անակնկալ հանդիպումի համար, այն ժամանակ ի՞նչ կլիներ։ Նրանք միասին կզբոսնեին ու կզրուցեին այն իրարից հեռու անցկաց–

59