Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սակայն տեսնո՞ւմ եք, ես հեշտությամբ կարողանում եմ ապրել այնպես...

Տիկին Մարտինը մի քիչ շփոթվեց։

— Այո, իհարկե, դուք իրավունք ունեք կարծելու, որ ես երես առած եմ։

Բերտան վախենում էր, որ տիկին Մարտինը մտերմական խոսակցություն բաց անե, և շատ ուրախ էր, որ հենց այդ ժամանակ փողոցի անկյունը հասան, ուր ինքը կարող էր մնաս բարով ասել։

— Բերտա՞,— կանչեց նրան ետևից տագրը։ — Ա՛ռ լրագիրը։

Բերտան արագ ետ դարձավ, վերցրեց տագերոջ իրան մեկնած լրագիրն ու շտապեց տուն։ Որդին արդեն իրան էր սպասում պատուհանի մոտ։ Նա ներս վազեց ու համբուրեց որդուն, կարծես վաղո՜ւց էր՝ չէր տեսել։ Նրան թվում էր, որ ինքն ամբողջապես վերակենդանանում է իր զավակի սիրուց, և նա հպարտությամբ էր լցվում։

Բերտան հարցուփորձ էր անում որդուն՝ ո՞ւր էր նա ճաշից հետո, ինչպե՞ս անցկացրեց ժամանակը, ո՞ւմ հետ էր խաղում։ Հետո իր ձեռքով հանեց նրա շորերը, անկողին դրեց և գոհ էր ինքն իրանից։ Իր անցած չարությունը, երբ նամակներն էր քրքրում, անիծում էր իր վիճակը, ծխախոտ ծախող կնոջն էր նախանձում, այժմ զառանցանք էր թվում իրան։ Մեծ ախորժակով նա ընթրեց ու վաղ պառկեց քնելու։ Քնից առաջ նա ուզեց լրագիրը աչքի անցկացնել։

Նա պառկեց, փափուկ բարձը ծալեց մեջտեղից, որ գլուխը ավելի բարձր լինի և լրագիրը լույսին մոտեցրեց։

Ամենից առաջ նա, ըստ իր սովորության, նայեց թատրոնի ու երաժշտության բաժինը։ Սակայն Վիեննա գնալուց հետո այժմ նրան հետաքրքրում էր և՛ մանր լուրերի բաժինը, և տեղական քրոնիկոնը։ Նրա աչքերը փակվելու վրա էին, երբ հանկարծ Էմիլ Լինդբախի անունը նկատեց։

Նա աչքերը լայն բաց արեց, նստեց մահճակալի վրա և կարդաց հետևյալը.

«Նորին մեծության բավարական արքայի սոլիստ Էմիլ Լինդբախը, որի՝ Սպանիայում ունեցած հաջողության մասին հաղորդեցինք մենք նորերս, պատիվ ունեցավ Նորին մեծության Սպանիայի թագուհուց Փրկչի շքանշանը ստանալու»։

70