Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Բավարիական արքայի սոլիստ և Փրկչի շքանշան ի տեր»... Արդյոք հարկավո՞ր է սա գրել։ Նա երևի շատ ուրիշ տիտղոսներ էլ ունի։ «Վիեննա»։ Բայց հիմա ո՞ւր է ապրում նա։ Սակայն մի՞թե միևնույն չէ։ Այդպիսի մի հայտնի մարդու միշտ էլ կգտնեն։ Ի դեպս, հենց հասցեի այդ անորոշությունը ցույց է տալիս, որ Բերտան մի առանձին նշանակություն չի տալիս իր նամակին։ Եթե հասնի՝ լավ, չհասնի... Դա բախտ փորձելու մի միջոց է... Այո, սակայն ինչպես իմանալ, արդյոք հասե՞լ է նամակը, թե՞ ոչ։ Պատասխանը կարող է չլինել, եթե... Ո՛չ, իհարկե, ոչ։ Նա շնորհակալություն կհայտնի։

Դե՜հ, այժմ անկողի՛ն։ Բերտան նամակը պահել էր ձեռքի մեջ։ Ոչ նա շատ էր գրգռված և այլևս պառկել չէր ուզում։ Եվ հետո, եթե վաղը առավոտյան ձգե պոստը, նամակը ցերեկվա գնացքի հետ կէրթա, և Էմիլը միայն վաղը չէ մյուս օրը կստանա։ Դա շատ երկար կտևե։ Նոր նա Էմիլին իր խոսքն ասաց, իսկ Էմիլը միայն երեսունվեց ժամից հետո պիտի լսե։ Իսկ եթե այժմ իսկ պոստը գնա... ոչ, կայարան։ Այն ժամանակ նամակը վաղ առավոտյան կհանձնեն նրան։ Երևի նա շատ երկար է քնում։ Նամակը նրան նախաճաշի հետ կմատուցանեն։ Այո, իհարկե այդպես պետք է անել։ Բերտան շտապով հագնվում և դուրս է վազում սանդուխտով։ Դեռ ուշ չէ։ Ահա և գլխավոր փողոցը, ահա կայարանը։ Նամակը արդեն գցած է, դեղին արկղը, և Բերտան նորից տանն է։ Իր սենյակում, տրորված անկողնի մոտ կանգնած, նայում է նա հատակի վրա ընկած լրագրին, մոմի դողդոջուն բոցին, և նրան տիրում է մի այնպիսի զգացմունք, կարծես նա գաղտնի և արտասովոր մի տեսակցությունից նոր է վերադարձել։ Նա դեռ երկար նստած էր անկողնի ծայրին՝ բաց պատուհանից պայծառ աստղով գիշերին նայելով։ Նրա սիրտը մի անորոշ հույսով ու խնդալից սպասումով էր լցված։

«Սիրելի Բերտա,

Անկարող եմ արտահայտել, թե որքան է ուրախացրել ինձ քո նամակը։ Մի՞թե դու մինչև այժմ հիշում ես ինձ։ Որքա՜ն

72