Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիկին Ռուպիուսը։ Նա ցանկություն զգաց Աննային մասնակից անել իր ուրախությանն ու տագնապին։ Բացի այդ, նրան թվում էր, որ այդ կերպով, ինքը կկարողանա մտերմանալ Աննայի հետ և նրա հարգանքին արժանանալ։ Բերտան այս նամակն ստանալուց հետո կարծես իրան մեծացած էր զգում։ Միայն այժմ նա հասկացավ իր հուզմունքի պատճառը։ Չէ՞ որ Էմիլը կարող է բոլորովին փոխված լինել, ուրիշ լինել, հպարտացած, երես առած է անբնական, վատ, ինչպես շատ ու շատ հռչակավոր մարդիկ։ Այժմ նա տեսնում էր, որ այդպիսի բան չկա։ Նրա նամակը նույն հանգիստ և ուղիղ ձեռագրով, նույն ջերմությունն ու շիտակությունն էր հնչում այս նամակում, ինչպես և նրա առաջվա նամակներում։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ Էմիլը կարող էր այդ ժամանակի ընթացքում շատ բան տեսած ու ապրած լինել, չէ՞ որ ինքը՝ Բերտան էլ է շատ բան ապրել, մինչդեռ այդ ամենը չքացել է այժմ, անհայտ կորել։

Տնից դուրս գալուց առաջ Բերտան նամակը մի անգամ էլ կարդաց։ Էմիլը, կարծես, կենդանանում էր։ Բերտային թվում էր, որ նա կենդանի խոսք է լսում։ Իսկ այդ վերջին խոսքերը՝ «Եկ շուտով», հնչում էին որպես քնքույշ մի կանչ Բերտան նամակը պահեց կորսետի տակը և մտաբերեց, թե ինչպես մի ժամանակ նույնպես էր վարվում Էմիլի փոքրիկ գրությունների վերաբերմամբ և ամենաչնչին շարժվածքի հետ զգում էր թղթի շրշյունը, զգում էր մի ուրախ դող։ Ամենից առաջ նա Մալմանների մոտ գնաց։ Նրանց երեխաներին նա երաժշտության դասեր էր տալիս։ Հաճախ գամմաներն ու էկզերսիսները նրան այնպես գրգռում էին, որ երբ աշակերտները սխալ էին անում, Բերտան խփում էր նրանց ձեռքերին։ Սակայն այսօր այդ խստությունների ստվերն անգամ չկար։ Երբ ներս մտավ տիկին Մալմանը, որ հաստ ու բարեսիրտ մի կին էր և հարցրեց, թե արդյոք գո՞հ է նա աշակերտներից, Բերտան գովեց իր աշակերտներին և հետո, կարծես մեկի ներշնչումով, ավելացրեց

— Այժմ ես կարող եմ նրանց նույնիսկ մի երկու օր արձակուրդ տալ։

— Արձակո՞ւրդ։ Ինչպե՞ս թե, սիրելի տիկին Գարլան։

— Ուրիշ ճար չկա։ Երևակայեցե՞ք, երբ վերջին անգամ ես Վիեննա էի, իմ հորաքրոջ աղջիկն ինձ գրեթե ստիպեց խոսք տալ, որ իր մոտ անցկացնեմ մի քանի օր։

74