Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իհարկե, իհարկե,— ասաց տիկին Մալմանը։

Բերտան քանի գնում, այնքան ավելի համարձակ էր դառնում և ստում էր արդեն հաճույքի զգացմունքով, ինքն իր համարձակության վրա հիանալով։

— Ես ուզում էի այդ գնալս հետաձգել մինչև հունիս, բայց այսօր ազգականս գրում է, որ ամուսինը հեռանում է Վիեննայից, և նա մենակ է մնում։ Դրա համար էլ մտածեցի, որ ավելի լավ է՝ այժմ գնալ։

Բերտան զգաց նամակի խշխշոցը իր հագուստի տակ և մի բուռն ցանկություն զգաց՝ հանել այն, բայց, վերջիվերջո, չհամարձակվեց այդ անելու։

— Դեհ,— ասաց տիկին Մալմանը, Բերտայի երկու ձեռքն էլ իր ափերի մեջ առնելով,— եթե ես Վիեննայում ազգականուհի ունենայի, միշտ երկու շաբաթը մի անգամ ութ օրով կգնայի նրա մոտ։

Բերտայի դեմքն ուրախությունից փայլում էր։ Նրան թվում էր, թե մի անտեսանելի ձեռք հեռացնում էր ճանապարհից ամեն մի արգելք։ Գործը հաջող էր գնում։ Եվ, վերջապես, ո՞ւմ էր պարտական նա հաշիվ տալու։ Սակայն հանկարծ մի ահ տիրեց Բերտային. իսկ եթե տագրը իրան կպչի և հետը գնա՞։ Ամեն ինչ նորից խառնվեց, նորից արգելքներ էին ծագում ամեն կողմից։ Նույնիսկ տիկին Մալմանի ծիծաղը կասկած էր հարուցանում իր հնչյունով։ Ոչ, անհրաժեշտ է այս ամենը հայտնել տիկին Ռուպիուսին։ Եվ, դասը վերջացրեց թե չէ, նա իսկույն Աննայի մոտ գնաց։

Աննան նստած էր բազմոցի վրա, առավոտյան կապոտը հագին։ Նա Բերտային մի զարմացական հայացքով դիմավորեց։ Բերտան այժմ միայն ըմբռնեց, որ այցելությունների համար դեռ ժամանակը շատ վաղ էր։ Նա շփոթվեց, սակայն այդ ցույց չտալու համար շինծու համարձակությամբ ասաց.

— Բարև՛ ձեզ։ Ես այսօր մի քիչ վաղ եկա, չէ՞...

Աննան լուրջ էր, և սովորական ժպիտը չկար նրա դեմքի վրա։

— Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու, երբ էլ որ լինի։

Եվ նա մի հարցական հայացք նետեց Բերտայի վրա։ Բերտան չգիտեր՝ ինչ ասե։ Նա դժգոհ էր ինքն իրանից, իր մանկական ամաչկոտության համար, որ զգում էր այս կնոջ ներկայությամբ։

75