Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գամ չհանդիպեցինք, ես հաճախ լինում եմ Վիեննայում, օրինակ՝ այս շաբաթ այնտեղ էի»։ Նա գրիչը ցած դրեց ու խորասուզվեց մտածմունքի մեջ։ Նա որոշել էր վաղը ճաշից հետո Վիեննա գնալ, գիշերել հյուրանոցում, իսկ մյուս օրը, հայրենի օդը մի լավ շնչելուց հետո, արդեն ներկայանալ նրան, թարմ ու առույգ։ Մնում էր տեսակցության տեղը նշանակել։ Դա դժվար չէր։ «Քո սիրալիր խնդրի համաձայն, հայանում եմ քեզ, որ կլինեմ շաբաթ, ճաշից առաջ, ժամը 11-ին»։ Ոչ, սա դարձյալ այն չէ։ Մի կողմից՝ շատ գործնական է դուրս գալիս, մյուս կողմից՝ մի ավելորդ պատրաստակամություն կա այդ խոսքերում։ Նա գրեց. «Եթե ուզում ես տեսնել քո վաղեմի բարեկամուհուն, անցիր շաբաթ, ժամը 11-ին պատմա-գեղարվեստական մուզեյ, նիդերլանդական բաժանմունքը»։

Այժմ նա գոհ էր։ Ոչ մի կասկածելի նախադասություն չկար։ Նա նորից կարդաց սևագրությունը, որ իրան բավական չոր թվաց, բայց ամենակարևորն այնտեղ ասված էր, ըստ որում՝ նամակի տոնը բավական անկախ էր։ Նա արտագրեց նամակը, ստորագրեց, դրեց ծրարի մեջ և շտապով դուրս եկավ արևոտ փողոցը, որ անձամբ գցե նամակը ամենամոտ պոստարկղը։ Վերադառնալով տուն՝ նա հագուստը փոխեց, հագավ կապոտը և բազմոցի վրա նստած, սկսեց կարդալ Գերշտեկերի վեպը, որը արդեն մի տասն անգամ կարդացած կլիներ, բայց բան չէր կարողանում հասկանալ։

Նա փորձեց հեռու վանել իրան պաշարող մտքերը, սակայն դա անհնար էր։ Նա ամաչում էր ինքն իրանից, բայց միևնույն ժամանակ շարունակ Էմիլի և իր գրկախառնությունն էր երազում։ Ինչո՞ւ... ախր այդ մասին նա երբեք չէր խորհել։ Ոչ... նա չի ուզում մտածել այդպիսի բաների վրա, նա այդ տեսակ կին չէ։ Նա ոչ ոքի սիրեկանը լինել չի կարող. մանավանդ այժմ։ Այ, եթե նա մի անգամ էլ գնա Վիեննա, էլի մի անգամ, էլի և էլի, այն ժամանակ գուցե... Բացի այդ Էմիլն ինքն էլ չի համարձակվի դրա մասին խոսք բաց անել, նույնիսկ ակնարկել, անգամ մտածել։ Սակայն ոչ մի բան չէր օգնում, երևակայությունը իրանն էր շարունակում նկարել և քանի գնում՝ ավելի ու ավելի անհաղթելի էր դառնում։ Վերջապես Բերտան հրաժարվեց պայքարից, ավելի հանգիստ

82