Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա էլ Էմիլի հետ քաղաքից դուրս զբոսանքի կգնար։ Դա մի փառահեղ բան կլիներ։ Լավ կլիներ նստել մի տեղ, այգում, ռեստորանում, ձեռք-ձեռքի տված, սեղանի կողքին, ջահիլ սիրահարների պես, իսկ հետո տուն վերադառնալ և...

Ոչ, ավելի լավ է՝ դրա մասին չմտածել։ Արդյոք ո՞ւր է այժմ Էմիլը։ Մենա՞կ է արդյոք։ Թե՞, մեկի հետ նստած, խոսում է։ Ո՞ւմ հետ։ Տղամարդո՞ւ, թե՞ կնոջ կամ աղջկա։ Սակայն ինձ ի՞նչ։ Իրա համար դա նույնպես նշանակություն չունի, ինչպես Էմիլի համար այն, որ երեկ Կլինգեմանը իր սերն էր հայտնում իրան, որ տագերոջ որդին, այդ հանդուգն տղան, իրան երբեմն համբուրում է, որ ինքը այդքան խոր հարգանք է տածում դեպի պարոն Ռուպիուսը։ Վաղը ինքը նրան ամեն ինչ կհարցնե։ Ամեն ինչ պարզ պիտի լինի նրանց մեջ, նախքան... Դեհ, աստված իմ, նախքան նա էր հետ քաղաքից դուրս զբոսանքի կգնա։

Ուրեմն պետք է դուրս գալ։ Բայց ո՞ւր գնալ։ Դռան առաջ նա անվստահորեն կանգ առավ։ Միայն մի քիչ կարելի էր զբոսնել, իսկ հետո ընթրել։ Սակայն որտե՞ղ։ Կի՜ն, մենա՜կ... Ոչ, նա այստեղ կընթրե, հյուրանոցում, իր սենյակում և վաղ կպառկի, որ մի լավ քունն առնե ու վաղը ջահիլ, թարմ ու սիրուն երևա։ Նա իր սենյակի դուռը փակեց ու դուրս եկավ փողոց։

Նա գնաց քաղաքի կենտրոնական մասը։ Արագ-արագ էր առաջ անցնում փողոցներով, որովհետև նրան անախորժ էր մենակ ման գալը։ Շուտով նա Ռինգ հասավ և անցավ համալսարանի կողքից ու հասավ մինչև քաղաքային խորհրդարանը։ Սակայն աննպատակ զբոսանքը նրան հաճույք չէր պատճառում։ Նա շատ ձանձրացավ և քաղց զգաց։ Ձիաքարշ նստեց և եկավ տուն։ Չէր ուզում իսկույն սենյակը բարձրանալ։ Նա դեռ փողոցից նկատեց, որ հյուրանոցի սեղանատունը հազիվ է լուսավորված, և այնտեղ մարդ չկա։ Բերտան այնտեղ ընթրեց և հոգնած, քնկոտ՝ դժվարությամբ վեր բարձրացավ իր սենյակը։ Երբ անկողնի վրա նստած՝ նա իր ոտնամանների կապերն էր քանդում, հարևան գմբեթի վրա ժամացույցը տասը խփեց։

Մյուս օրը արթնացավ թե չէ՝ նա պատուհանի մոտ վազեց, ետ քաշեց վարագույրը ու աղմուկով ու լույսով արբած՝

95