Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժամը ինն է։ Դեռ երկու երկար ժամ կա։ Ի՞նչ պիտի անե նա այստեղ։ Հրամայեր, որ իրան սուրճ տան, նստեց սեղանի մոտ ու առանց շտապելու խմեց։ Այլևս միտք չկա սենյակում մնալու, լավ է՝ դուրս գալ փողոց։ Նա դուրս եկավ ու երկար ման էր գալիս քաղաքի ծայրում։ Քամին մի դուրեկան շոյանքով գգվում էր իր երեսը։ Արդյոք ի՞նչ է անում այժմ նրա որդին։ Երևի խաղում է Էլլիի հետ։ Բերտան գնաց քաղաքային այգին։ Դուրեկան էր տեսնել նորից այն ծառուղիները, ուր վազվզում էր ինքը մանկության օրերում։ Նա այգին մտավ բուրգ-թատրոնի դմիացի մուտքից։ Շատ էր վաղ, զբոսնողները սակավաթիվ էին։ Ավազի վրա խաղում էին երեխաները, իսկ նստարանների վրա նստել էին երաժիշտները։ Բոլորովին փոքրիկ աղջիկները վազվզում էին Թեզեյի տաճարի սանդուխտի վրա, սյուների մեջ։ Ստվերաշատ ծառուղիներում զբոսնում էին մի քանի հասակավոր մարդիկ։ Մի քանի երիտասարդ, որոնք նստած էին և տետրակներից ինչ–որ բան էին սովորում, տիկիններ կային, որոնք հովասուն ծառերի տակ գիրք էին կարդում։

Բերտան նստեց ու դիտում էր, թե ինչպես երկու փոքրիկ աղջիկ թռչում են թելի վրայով։ Դա իր սիրած զբաղմունքն էր մանկության ժամանակ, և այժմ նրան թվաց, որ աղջիկները նույն տեղում են խաղում։

Թեթև քամու հոսանքը անցնում էր ծառերի կատարների վրայով, հեռվից գալիս էր երեխաների ծիծաղն ու իրար ետևից վազվզող, իրար բռնող մանուկների ճիչը։ Հնչյունները մոտենում էին և, վերջապես, մանուկները խմբով անցան Բերտայի մոտից։ Մի երիտասարդ երկար պալտո հագած մարդ անցավ և ետ դարձավ, նայեց նրան։ Դա հաճելի էր Բերտային։ Ահա էլի երկու հոգի անցան, մի տղամարդ և մի կին, նոտաների կապոցը ձեռքին։ Կինը շատ գեղեցիկ էր, բայց տուալետը աչք էր ծակում։ Տղամարդը մաքուր ածիլված էր, բայց ամռան հագուստ էր հագած և ցիլինդր էր դրել: Բերտան մտքում վճռեց, որ դա դերասան է, իսկ կինը՝ որևէ երաժշտական դպրոցի ուսանողուհի։ Ինչ դուրեկան է նստել այստեղ աննպատակ և դիտել, թե ինչպես անցնում են հասակավորները, վազվզում ու խաղում փոքրիկները։

97