Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այո՛, ի՜նչ լավ է ապրել Վիեննայում, լինել անկախ, անել այն, ինչ ուզում ես։ Բայց ո՞վ գիտե, բախտը ի՞նչ կտնօրինե, ի՞նչ կբերե իրան գալիք ժամը, ի՞նչ կերպարանք կընդունե կյանքը այս երեկո։ Ի՞նչն է ստիպում իրան այն փոքրիկ քաղաքում ապրելու։ Նա այնտեղ դասե՞ր է տալիս։ Բայց այստեղ էլ կարող է դասեր ունենալ։ Իսկապե՞ս, ինչո՞ւ չի կարող որ։ Այստեղ դասերը ավելի լավ էլ են վարձատրվում և... ի՜նչ զուգադիպություն... եթե նա օգնության գա իրան, եթե նա, հռչակավոր երաժիշտը, հանձնարարե... բավական է նրա մի խոսքը։ Արդյոք չի՞ կարելի խոսել այդ մասին Էմիլի հետ։ Դա Ֆրիցի համար էլ լավ կլիներ։ Մի երկու-երեք տարուց նա գիմնազիա պիտի մտնի, և, ի՞նչ խոսք, որ այստեղ սովորելն ավելի լավ է, քան այնտեղ։ Վերջապես, հո չի՞ կարող ինքը ամբողջ կյանքն այդ փոքրիկ քաղաքում անցկացնել։ Միևնույն է, շուտով պետք է Վիեննա տեղափոխվել։ Այո, նույնիսկ եթե այստեղ ստիպված լինի զրկանք կրել, այստեղ... իսկ, ո՞վ գիտե, գուցե... իզուր է աշխատում Բերտան իրան չորս կողմից պաշարող մտքերը հեռու վանել։ Եթե Էմիլը հավանի իրան... եթե նա իրան... եթե նա դեռ սիրում է իրան, եթե դեռ չի դադարել սիրելուց... իսկ եթե ամուսնանա՞ իր հետ։ Պետք է զգույշ լինել, զսպել ինքզինքը, աշխատել նրա սիրտը գրավել... Բերտան ամաչեց ինքն իր նենգամտությունից։ Միթե դա վատ է։ Չէ՞ որ ինքը սիրում է նրան։ Երբեք. երբեք նա բացի Էմիլից ուրիշին չի սիրել։ Մի՞թե նրա նամակի տոնը իրավունք չի տալիս իրան այդ մասին մտածելու։ Բերտայի միտքն ընկավ հանկարծ, որ մի քանի րոպեից պիտի տեսնի նրան։ Նրա աչքերը մթնեցին, և նա օրորվելով, վեր ելավ։ Այգուց դուրս գալիս՝ նա աչքից կորցրեց այն զույգին, որ նոր անցավ իր մոտով։ Նա նույն կողմը ծռվեց։ Ուղիղ նրա դիմացը բարձրանում էր մուզեյի շողշողուն գմբեթը։ Նա կամաց էր գնում, որ Էմիլին հանդիպելիս հուզված կամ շնչակտուր չերևա։ Հանկարծ մի միտք խայթեց նրա սիրտը։ Իսկ եթե նա չգա՞։ Ահ, աստվա՜ծ, միևնույն է, ինչ էլ որ լինի, այս անգամ ինքը Վիեննայից չի հեռանա առանց նրան տեսնելու։ Գուցե ավելի լավ կլիներ, եթե Էմիլը այսօր չգա՞ր։ Այնպես հուզված է։ Իսկ եթե ինքը մի որևէ հիմար

98