Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սորտերից են Արարատի 1, Արարատի 10, Մեղրու 2, Անի, Ալէմա, Մուսկատային ևն։

Ս. մուրաբա, ջեմ, դոնդող, պովիդլո եփելու լավագույն պտուղներից է և պարունակում է պեկտինային նյութեր, որոնք եփելիս վերածվում են թանձր դոնդողանման զանգվածի։ Արժեքավոր անուշահոտ նյութերը հիմնականում պարունակվում են կեղևում և ենթակեղևային շերտում, ուստի մաքրելիս կեղևը չպետք է թափել։ Կեղևը միջուկի մնացորդների հետ կարելի է օգտագործել դոնդող, իսկ կեղևների եփուկը (մուրաբա կամ կոմպոտ եփելիս)՝ շաքարի օշարակ պատրաստելու համար։

Ս. օգտագործում են նաև խորոված և շոգեխաշած (մատուցելիս սովորաբար վրան շաքարավազ են ցանում կամ թրջում մեղրով), ինչպես նաև տարբեր կերակրատեսակներում (տոլմա, ապուր ևն)։

Միսը Ս-ով. միսը մանր կտրտել, տապակել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել այնքան ջուր (կամ արգանակ), որ միսը ծածկվի և եփել մոտ 1 ժամ։ Դրանից հետո ավելացնել կեղևը և միջուկը մաքրած, շերտերով կտրտած Ս., տապակած սոխ (սոխառած), աղ, ծեծած պղպեղ և շոգեխաշել։

Մատուցելիս վրան ցանել մանր կտրտած մաղադանոս և սամիթ։

Ս-ի խավարտ. Ս. լվանալ, կտրտել ձևավոր դանակով, հեռացնել միջուկը, լցնել կաթսայի կամ թավայի մեջ, ավելացնել ջուր և շոգեխաշել մինչև փափկի, վրան շաքարավազ ցանել և ժամանակ առ ժամանակ խառնել մինչև Ս-ի վարդագունելը, ավելացնել կարագ, թողնել կրակի վրա 5-10 րոպե։

1 կգ Ս-ին՝ 0,5 բաժակ ջուր, 4-5 ճաշի գդալ շաքարավազ, 50 գ կարագ։

Ընկույզով լցոնած Ս., Ս. լվանալ, պտղակոթի հատվածից հեռացնել միջուկը, լցոնել և դասավորել յուղ քսած կաթսայի կամ թավայի մեջ և եփել ջեռոցում։

Լցոնը՝ աղացած ընկույզ, շաքարավազ և դարչին։

10-15 Ս-ին՝ 1 բաժակ աղացած ընկույզ, 3/4 բաժակ շաքարավազ, դարչինը՝ ըստ ճաշակի։

ՍԵՐՈՒՑՔ, բարձր յուղայնության դիետիկ կաթնամթերք, որը պատրաստվում է կովի կաթի զտմամբ։ Կան տարբեր յուղայնության Ս-ներ։ Ս. պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, հանքային աղեր, A, E, B1, B2, C, PP և այլ վիտամիններ։ Ս-ով պատրաստում են տարբեր ուտեստներ, առավել հաճախ քաղցր կերակրատեսակներ։ Սերուցքային ըմպելիքներին ավելացնում են շաքար, սուրճ կամ կակաոյի փոշի։

Ս. օգտագործում են որպես բուժական սնունդ։ Խորհուրդ է տրվում Ս. պահել մութ տեղում, 0-8 °C ջերմաստիճանում մինչև 3 օր։

ՍԻԲԵԽ, հովանոցազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է Ս-ի 5 տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում և Հս. Աֆրիկայում։ Հայաստանի կիսանապատային, անապատային և տափաստանային գոտիների քարքարոտ և չոր լեռնալանջերում աճում է սովորական Ս., որի մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ, թարմ և թթու դրած։

Ս-ով բրնձապուր։ Կաթսայի մեջ հալած յուղով սոխառած պատրաստել, ապա ավելացնել ջուր կամ արգանակ, լվացած թրջած բրինձ (կամ ձավար) և 30-40 րոպե եփել։ Այնուհետև ավելացնել աղ, պղպեղ, կտրտած Ս. և եփել մինչև պատրաստ լինելը։

Ս-ով բրնձապուրը կարելի է եփել նաև մսով։

300 գ սիբեխին՝ 3 ճաշի գդալ բրինձ, 1 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ յուղ, աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։

ՍԻԳԵՐ, սիգազգիներ, ապրում են լճերում, գետերում, կան նաև գաղթող ձկներ։ Դրանցից են նաև նելման, չիրը, օմուլը, մուքսունը, մանրաձուկը, տուգունը ևն։

Օմուլը գաղթող ձուկ է. ապրում է Հյուսիսիային Սառուցյալ օվկիանոսում, ձվադրման շրջանում մտնում է Սիբիրի գետերը (բացի Օբից), առանձին տեսակներ ապրում են նաև Բայկալ լճում։ Զանգվածը՝ 500 գ - 3 կգ։ Պելյադը, մուքսանը և բայկալյան Ս. մոտավորապես նույն զանգվածն ունեն։ Նևայում և Ֆիննական ծոցում հանդիպում է Նևայի սիգը. Չուդ լճում՝ սիգ-լուդոգան։ Լադոգա և Օնեգա լճերում ապրում են Ս-ի մի քանի տեսակներ, որոնց զանգվածը 400 գ - 2 կգ է։

Նելման և սպիտակաձուկը ամենախոշոր Ս. են (զանգվածը՝ 30-35, հազվադեպ՝ մինչև 40 կգ)։ Նելման տարածված է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանի գետերում, իսկ սպիտակաձուկը՝ միայն Կասպից ծովի ավազանում և հազվադեպ է որսվում։ Սիբիրի գետերում ապրում է Չիրը, որը խոշոր սիգ է (զանգվածը՝ սովորաբար 4-6 կգ)՝ նուրբ, համեղ մսով։

Տուգունը ամենափոքր սիգն է (զանգվածը՝ 30-90 գ), ապրում է Սիբիրի գետերում։ Արտաքինով նման է կիլկային, բայց տարբերվում է ավելի լայն մեջքով և ճարպային լողակով։ Որպես կանոն օգտագործում են համեմած-աղ դրած։

Մանր Ս-ից է նաև մանրաձուկը։

Եվրոպական մանրաձուկը տարածված է Սպիտակ և Բալթիկ ծովերի ավազաններում։ Զանգվածը՝ 25-50 գ։ Լադոգա լճի նույն ձուկն անվանում են ռիպուսոմ, զանգվածը՝ 50-90 գ (երբեմն՝ մինչև 400 գ), Օնեգա լճինը՝ կիլեց, զանգվածը՝ սովորաբար 100 գ (երբեմն՝ մինչև 460 գ)։ Սիբիրյան մանրաձուկն ապրում է Սիբիրի գետերում, զանգվածը՝ 150–250գ, երբեմն՝ 500 գ։

Սևանա լճում ապրում է սևանյան սիգը, որը բերվել է Լադոգա և Չուդ լճերից։ Զանգվածը՝ մինչև 3,5 կգ։

Ս-ի մեծ մասից պատրաստում են ապխտած և աղ դրած նրբախորտիկներ։ Մսով կարելի է տարբեր կերակրատեսակներ պատրաստել։

Բանջարեղենով Ս. ձուկը մաքրել, փորոտիքը հեռացնել, լվանալ, գլուխը և պոչը կտրել, կտորների բաժանել և եփել։ Գլխից և պոչից արգանակ եփել և քամել։

Գազարը և գլուխ սոխը մանր կտրտել, յուղով տապակել, ավելացնել տոմատախյուս և տապակել ևս 5-7 րոպե։

Բոված ալյուրը բացել ձկան արգանակով, ավելացնել տապակած բանջարեղենը, ծեծած սխտոր, աղ, պղպեղ, դնել կրակին և թողնել, որ եռա։ Ստացված խյուսը լցնել եփած ձկան վրա և դարձյալ եռացենել: Սիգը մատուցել սկուտեղի մեջ՝ վրան մաղադանոս ցանած:

1կգ Ս-ին՝ 2 գազար, 2 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ տոմատախյուս, 4 ճաշի գդալ հալած