Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և օղակի տեսքով մնում ոտիկի վրա։ Ոտիկը սպիտակ է, հարթ։ Շամպինիոնները կարելի է արհեստականորեն բազմացնել սնկամարմիններով, հատուկ մութ (նույնիսկ լրիվ մութ) շինություններում կամ գոմաղբի մարգերում։

Շեկլիկներն աճում են փշատերև անտառներում։ Տարբերում են եղևնու (մուգ կանաչ), սոճու (կարմիր) շեկլիկներ։ Գլխարկը (վերին և ստորին կողմերից) և ոտիկը դեղնանարնջագույն են նարնջագույն կաթնանման հյութով։ Երիտասարդ Ս-ի գլխարկը հարթ է՝ շրջված եզրերով, ծերերինը՝ ձագարանման։ Գլխարկի վերին մասում լավ երևում են շատ մուգ համակենտրոն օղակներ։

Ալիքասնկերն աճում են կեչու և կեչու հետ խառն անտառներում։ Գլխարկը վարդագույն է կամ բաց վարդագույն՝ կենտրոնում փոս ընկած, խավոտ, շրջված, քրքրված եզրերով։ Գլխարկի ստորին կողմում թիթեղները նույնպես վարդագույն են կամ դեղնավուն։ Ոտիկը վարդագույն է, սնամեջ։

Կաթնասնկերն ընտանիքներով աճում են սոճու և սաղարթավոր անտառներում։ Գլխարկը հարթ է, մսոտ, կենտրոնում գոգավոր։ Ծեր Ս-ի գլխարկը ձագարանման է՝ խավոտ, ներքև շրջված, քրքրված եզրերով։ Սպիտակ է, ավելի ուշ՝ դեղնավուն, ստորին կողմը՝ սպիտակ։ Ոտիկը կարճ է, հաստ, պտղամարմինը՝ սպիտակ, սպիտակ կաթնանման հյութով։

Սպիտակուկներ են կոչվում Ս-ի մի քանի տեսակներ, որոնք արտաքինով նման են միմյանց։ Աճում են փշատերև և խառն անտառներում։ Գլխարկը ձագարանման է, որի վերին կողմը սպիտակ է, որոշ տեսակներինը՝ համակենտրոն օղակներով։ Գլխարկի ստորին կողմը դեղնավուն է, վարդագույն կամ սպիտակ։ Սպիտակուկների մեծ մասն ունի սպիտակ կաթնանման հյութ։

Կոճղասնկերն ընտանիքներով աճում են փշատերև և սաղարթավոր ծառերի արմատների վրա, երբեմն՝ ճեղքերի երկայնքով, օգոստոսի վերջից մինչև ցրտահարությունները։ Տարբերում են ամառային և աշնանային կոճղասնկեր։ Վերջինի գլխարկը վերին կողմում մոխրադեղին է կամ գորշավուն, թեփուկներով, իսկ ստորին կողմում՝ թիթեղավոր սպիտակ։ Ոտիկը բարակ է՝ օղակով (թաղանթի մնացորդ, որով պատված է երիտասարդ Ս-ի գլխարկի ստորին կողմը)։ Պտղամարմինը սպիտակ է՝ հաճելի հոտով։ Ամառային կոճղասնկի գլխարկը խոնավ է, թափանցիկ, հարթ, առանց թեփուկների, դարչնագույն։ Թիթեղները