Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժանգագորշ են, թեփուկավոր ոտիկը մուգ գորշ է։

Աղվեսասնկերի գլխարկը սկզբում ուռուցիկ է, այնուհետև դառնում է գոգավոր՝ անհավասար եզրերով։ Գլխարկը և ոտիկը դեղին են։ Պտղամիսը դեղին է՝ հաճելի հոտով։

Դառնամատիտեղները համեմատաբար փափուկ, փխրուն Ս. են, աճում են փշատերև և սաղարթավոր անտառներում։ Գլխարկի վերին կողմը տարագույն է (սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին ևն), իսկ ստորինը՝ սպիտակ։ Դառնամատիտեղները համով զիջում են մյուս Ս-ին։

Ցլասնկերն աճում են խառը, ավելի հաճախ կեչու անտառներում։ Երիտասարդ Ս-ի գլխարկը գորշադեղին է, լորձոտ, կիսագնդաձև, հասունանալիս ուղղվում է։ Թիթեղները բաց դեղին են։

Մորկեղները (իսկական և կոնաձև) վաղահաս Ս. են, աճում են ապրիլին, իսկականները՝ սաղարթավոր անտառներում (գլխարկը ձվաձև է, մուգ կամ բաց գորշ, փոս ընկած), իսկ կոնաձևերը՝ փշատերև և խառը անտառներում. գլխարկը կոնաձև է, գորշ կամ գորշ ձիթականաչ։ Մորկեղների գլխարկը ստորին կողմում ամուր սերտաճած է ոտիկին։ Սնկի ներսում կա խոռոչ, որն ընդհանուր է գլխարկի և ոտիկի համար։

Սովորական ոլորքագլուխները աճում են ապրիլին՝ փշատերև անտառներում, ավազոտ հողերում, ճանապարհների մոտ։ Գլխարկը կլոր է կամ անկանոն ձևի, մուգ գորշ կամ դեղնագորշ՝ ստորին եզրերով լավ սերտաճած ոտիկին։ Ս-ի ներսում խոռոչ է։

Գետնասնկերի պտղամարմինը ձևավորվում է հողի տակ։ Աճում են առավելապես հարավում (սև, կովկասյան, տափաստանային)։

Թունավոր Ս.

Դժգույն ճանճասպան (սպիտակ ճանճասպան), մահացու թունավոր սունկ է։ Աճում է սաղարթավոր և փշատերև անտառներում։ Շատ երիտասարդ Ս-ի գլխարկը և ոտիկը պատված են ընդհանուր սպիտակ թաղանթով, որը հետագայում պատռվում է, բայց ստորին մասը մնում է ոտիկի հիմքի վրա ազատ պատյանի ձևով, իսկ վերին մասը երբեմն մնում է գլխարկի վրա առանձին փաթիլների տեսքով։ Երիտասարդ սնկի գլխարկն ուռուցիկ է, հասունինը՝ համարյա հարթ, կանաչավուն կամ դեղնավուն, կենտրոնում ավելի մուգ։ Երիտասարդ Ս-ի գլխարկի ստորին կողմը պատված է թաղանթով, որը հետագայում պատռվում է և ոտիկի վրա