Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թունավոր նյութերի նկատմամբ, լավացնում է ճարպերի մարսելիությունը, արգելակում աթերոսկլերոզի զարգացումը։ Զգալի քանակությամբ լեցիտին է պարունակվում ձվի դեղնուցի, ձկնկիթի, սևաձավարի, ցորենի թեփի, հազարի տերևների մեջ։ Լեցիտինով առավել հարուստ են սոյան, լոբին և հատիկաընդավոր այլ բույսեր։

Վիտամինները սննդի օրաբաժնի՝ օրգանիզմի կենսունակությունն ապահովող պարտադիր և անփոխարինելի բաղադրամասն են։ Դրանք մասնակցում են այլ սննդանյութերի յուրացմանը, նպաստում են օրգանիզմի դիմադրողականության, ինչպես նաև աշխատունակության բարձրացմանը։ Բազմազան սնունդը բավարարում է վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջը։ Ֆիզիկական ծանր աշխատանք կատարելիս և հղիության ընթացքում վիտամինների պահանջն աճում է։ Այդ դեպքերում անհրաժեշտ են վիտամինային պատրաստուկներ (ավելի մանրամասն տես Վիտամիններ հոդվածում)։

Հանքային նյութերը մտնում են օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ և մշտապես ծախսվում են կենսագործունեության ընթացքում։ Հանքային նյութերի հիմնական աղբյուրը հանքային աղեր պարունակող սնունդն է (աղեր կան նաև խմելու ջրի մեջ)։ Օրգանիզմի պահանջը տարբեր հանքային աղերի նկատմամբ տարբեր է. եթե նատրիումի, կալիումի, ֆոսֆորի և կալցիումի աղերի օրական պահանջը չափվում է գ-ներով, ապա պղնձի, մանգանի և յոդի աղերինը՝ միլի- և միկրոգրամներով։ Այն քիմիական տարրերը, որոնց պահանջը այդչափ չնչին է, կոչվում են միկրոտարրեր։ Ավելի քան 30 միկրոտարր համարվում են կենսականորեն անհրաժեշտ։ Օրգանիզմում դրանք մտնում են կենսաակտիվ միացությունների, այդ թվում ֆերմենտների, հորմոնների, վիտամինների կազմի մեջ և ազդում օրգանիզմի կենսագործունեության վրա։ Օրինակ, երկաթը, պղինձը, կոբալտը կարևոր դեր են խաղում արյունագոյացման պրոցեսներում. կոբալտը մտնում է B12 վիտամինի կազմի մեջ։ Ցանքային աղերի նկատմամբ օրգանիզմի պահանջը լիովին բավարարվում է բազմազան սննդով։

Նատրիումը օրգանիզմ է ներմուծվում հիմնականում կերակրի աղի ձևով։ Անալի կերակուրը տհաճություն է առաջացնում։ Կերակրի աղն անհրաժեշտ է արյան և հյուսվածքների մեջ հեղուկի բնականոն քանակությունն ապահովելու համար, այն ազդում է միզարտադրության, նյարդային համակարգի գործունեության, արյան շրջանառության վրա, մասնակցում է ստամոքսագեղձերում աղաթթվի գոյացմանը.

Օրգանիզմում կա ընդամենը 300 գ աղ, իսկ 1 տարվա ընթացքում մարդն օգտագործում է մոտ 5,5 կգ աղ։ Սննդի օրաբաժնի բնական սննդամթերքի մեջ պարունակվող 3-4 գ աղից բացի մի քանի գրամ աղ է ներմուծվում հացի հետ (100 գ աշորայի հացը պարունակում է 1,5 գ, իսկ 100 գ ցորենի հացը` 0,5-0,8 գ աղ), մի քանի գրամ կերակրի հետ։ Միջին հաշվով օրական պետք է օգտագործել 12-15 գ աղ։

Այտուցների, միզարտադրության օրգանների և սիրտանոթային համակարգի հիվանդությունների (այդ թվում հիպերտոնիկ), աղային փոխանակության խանգարման դեպքում և հղիության վերջին ամիսներին անհրաժեշտ է քիչ աղ գործածել։

Կալցիումի, ֆոսֆորի և մագնեզիումի աղեր: Ոսկրային կմախքը կազմում է մարդու մարմնի զանգվածի 1/5 մասը, իսկ ոսկորների 2/3-ը ձևավորվում է հանքային աղերից (գլխավորապես կալցիումի, ֆոսֆորի և մագնեզիումի)։

Կալցիումը մասնակցում է նաև նյութափոխանակության, արյան մակարդման և այլ պրոցեսների։ Կալցիումի աղեր կան գրեթե բոլոր սննդամթերքներում, սակայն օրգանիզմը բոլոր մթերքներից չէ, որ ի վիճակի է աղեր յուրացնել։ Դյուրամարս կալցիումով առավել հարուստ են կաթը և կաթնաթթվային մթերքը, լոռը, պանիրը, ձվի դեղնուցը, կաղամբը, մաղադանոսը։

Ֆոսֆորը պարունակվում է օրգանիզմի թե՜ ոսկրային, թե՛ այլ հյուսվածքների (հիմնականում մկանային, ուղեղային) մեջ, մասնակցում է նյութափոխանակության բոլոր տեսակի պրոցեսներին, անհրաժեշտ է նյարդային համակարգի, սրտամկանի և այլ օրգանների բնականոն գործունեության համար։ Ֆոսֆորի աղերն օրգանիզմ են ներմուծվում հիմնականում կենդանական ծագման մթերքի՝ կաթի և կաթնամթերքի, մսի, ձկան հետ։ Շատ ֆոսֆոր են պարունակում ուղեղը, լյարդը, ձուն, ընկույզը։

Մագնեզիումի աղերը նույնպես շատ կարևոր են սիրտանոթային համակարգի բնականոն գործունեության համար։ Դրանք անհրաժեշտ են հատկապես տարեց մարդկանց, քանի որ նպաստում են օրգանիզմից խոլեստերինի ավելցուկի հեռացմանը։ Մագնեզիումի աղերը պարունակվում են թեփի (հետևաբար և խոշոր աղացվածքի ալյուրից թխված հացի), սևաձավարի, գարեձավարի և ծովային ձկների մեջ։

Կալիումը մեծ դեր է խաղում ներբջջային փոխանակության պրոցեսներում. կարևոր նշանակություն ունի մարդու օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունությունն ապահովելու, նյարդային իմպուլսները մկաններին հաղորդելու, սիրտանոթային համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Շատ կալիում պարունակող բանջարանոցային բույսերը (դդում, դդմիկ, ձմերուկ), խնձորը, ծիրանաչիրը, չամիչը առավել օգտակար են սրտի և հիպերտոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց։

Յոդի նկատմամբ օրգանիզմի պահանջը մեծ չէ, սակայն դրա պակասը հանգեցնում է վահանաձև գեղձի գործունեության խանգարման և, այսպես կոչված, տեղաճարակային (էնդեմիկ) խպիպի զարգացման։ Որոշ վայրերում, որտեղ հողն ու ջուրը յոդ չեն պարունակում, խորհուրդ է տրվում կերակրի աղին ավելացնել յոդի աղեր։ Մեծ քանակությամբ յոդի աղեր են պարունակում ծովային ձկները (ձողաձուկ, տափակաձուկ, ծովային պերկես), ինչպես նաև ծովակաղամբը, կաղամարը, ծովախեցգետինը։

Ջուրը սննդի օրաբաժնի կարևոր բաղադրամասն է։ Առանց ջրի կյանքն անհնարին է։ Հայտնի է, որ մարդն ավելի դյուրին է տանում քաղցը, քան ծարավը։ Նյութափոխանակության բոլոր պրոցեսներն ընթանում են ջրի մասնակցությամբ։ Կերակրի յուրացումը և արյան մեջ սննդանյութերի ներծծումը տեղի է ունենում հեղուկ միջավայրում։ Ջրի հետ օրգանիզմից դուրս են գափս նյութափոխանակության վնասակար արգասիքները։

Հասուն մարդու՝ ջրի նկատմամբ օրական պահանջը մոտ 35-40 գ է 1 կգ զանգվածի հաշվով, այսինքն՝ մոտ 2,5 լ։ Դրա զգալի մասը (մոտ 1 լ) պարունակվում է սննդամթերքի մեջ. օրինակ, շիլայի մեջ՝ մինչև 80 %, հացի մեջ՝ մոտ