Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԴՈՒԿ, ըստ կառուցվածքի և տաքացման եղանակի տարբերում են տաքացվող և էլեկտրական Ա-ներ։ Տաքացվող Ա-ները, որոնք ունեն ամրացված կամ հանովի բռնակներ, տաքացնում են գազօջախների, էլեկտրասալիկների և ջեռուցիչ այլ սարքերի վրա։ Էլեկտրական Ա-ները տաքացվում են Ա-ի իրանի ներսում տեղավորված էլեկտրաջեռուցիչ տարրերով։

Թողարկում են ջերմակարգավորիչով (ավտոմատ պահպանում է անհրաժեշտ ջերմաստիճանը), ինչպես նաև ջերմակարգավորիչով ու շոգեխոնավարարով էլեկտրական Ա-ներ։ Համապատասխան նշագծի դիմաց ջերմակարգավորիչի ցուցիչը տեղակայելու դեպքում (բռնակը պտտելով) Ա-ի «հատակի» կենտրոնում տաքացման ջերմաստիճանը հասնում է 60-90 °C, 100– 130 °C և 160-200°C։ Առավելագույն ջերմաստիճանը (185-225 °C) ստացվում է բռնակը սահմանային դիրքում դնելով։ Ջերմակարգավորիչով և շոգեխոնավարարով էլեկտրական Ա-ներն իրանի ներսում կամ դրսում ունեն ջրանոթ (սովորաբար 180-200 սմ³ տարողությամբ)։ Անոթից ջուրը լցվում է իրանի ներսում տեղակայված շոգեխցիկը, փոխակերպվում գոլորշու, որն էլ, «հատակի» անցքերից դուրս գալով, խոնավացնում է գործվածքը։ Մեկ լցավորումը նախատեսված է շուրջ 20 րոպե անընդհատ խոնավացումով ար դուկելու համար։ Այդպիսի Ա-ով կարելի է արդուկել և առանց շոգեարկման։ Ա-ի անցքերում և անոթում դիրտի գոյացումը կանխելու համար խորհուրդ է տրվում այն լցավորել եռացրած ջրով։ Արդուկելուց հետո պետք է անոթում մնացած ջուրը թափել։

Ջերմակարգավորիչով Ա-ների հզորությունը սովորաբար 1000 Վտ է, զանգվածը՝ 1,2-1,8 կգ։ Թողարկում են նաև մինչև 400 Վտ հզորության, 0,4-0,8 կգ զանգվածով փոքր չափի էլեկտրական Ա-ներ։ Էլեկտրական որոշ Ա-ներ ունեն ազդանշանային լամպիկ։

ԱՐԴՈՒԿԻ ՍԵՂԱՆ, արդուկելու տախտակ։ Սարքում են ամուր փայտանյութից։ Առավել հարմար են ծալովի ոտքերով սեղանները, ինչպես նաև մետաղական համակցված տախտակները։ Փափկության համար տախտակը սովորաբար երեսպատում են թաղիքե միջադիրով։ Տախտակի առաջամասը կլորացված է, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ հագցնել և հանել արդուկվող իրերը։ Ա. ս-ներն ունեն արդուկի համար նախատեսված մետաղական հենակալ։ Ա. ս-ի մոտավոր չափերն են (սմ). երկարությունը՝ 110-120, լայնությունը՝ 20-35, բարձրությունը՝ 75-90։ Թևքերի և մանր իրերի արդուկման համար ծալովի և հանովի լրացուցիչ սարքավորանքը թողարկվում է առանձին։

ԱՐԴՈՒԿԻՉ ՄԵՔԵՆԱ, էլեկտրական կենցաղային, գործվածքն արդուկվում է պտտվող գլանիկի և վերջինին սեղմված տաք «մաշիկի» (արդուկ) արանքով իրը ձգելով։ Մեքենան ունի ոտնակ, որն ապահովում է «մաշիկը» գլանիկին սեղմելու անհրաժեշտ ճիգը, ինչպես նաև գլանիկը պտտող էլեկտրաշարժիչի միացումն ու անջատումը։ Արդուկման ընթացքում ավտոմատ սարքավորանքը կարգավորում է սեղմման ճիգն ըստ գործվածքի հաստության։ Արդուկը տաքացվում է խողովակաձև էլեկտրատաքացիչ տարրով։ Ա. մ. ունի ջերմակարգավորիչ (հնարավորություն է տալիս տարբեր գործվածքների համար հաստատել անհրաժեշտ ջերմաստիճան):