Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլանիկի էլեկտրաշարժիչն անջատելու դեպքում մեքենան կարելի է օգտագործել որպես արդուկամամլիչ (դարսերի, տաբատների ծալքերի ձևավորման համար)։

Նախքան արդուկելը սպիտակեղենը պետք է թեթևակի խոնավացնել։ Ա. մ-ով արդուկելու ընթացքում սպիտակեղենը խոնավացնելն արգելվում է։

ԱՐԴՈՒԿՈՒՄ, առավել հարմար են էլեկտրական, հատկապես ջերմակարգավորիչով և շոգեարկիչով արդուկները: Քանի որ տարբեր գործվածքներ (բամբակե, վուշե, բրդե, բնական մետաքսից, քիմիական թելքերից ևն) միակերպ չեն դիմանում տաքացմանը, ապա արդուկելիս արդուկը պետք է տաքացնել տարբեր չափով, թույլ քիմիական թելքերից գործվածքների, չափավոր բնական մետաքսե և բրդե գործվածքների, տաք բամբակե և վուշե գործվածքների համար։ Եթե արդուկի մակերևույթը դարձել է անհարթ, խորհուրդ է տրվում այն շփել աղով կամ անուշադրի սպիրտով թրջած բամբակով, այնուհետև արդուկել խոնավ գործվածք։

Բամբակե և վուշե սպիտակեղենը պետք է խոնավացնել, ապա փաթաթել այնպես, որ առավել հաստ մասերը լինեն ներսում, և թողնել մոտ 2 ժամ։ Սփռոցները, սավանները ևն խոնավացնելուց հետո պետք է ձգել, փաթաթել և թողնել, ապա արդուկել երեսի կողմից։ Ասեղնագործած տեղերը պետք է արդուկել հակառակ երեսից, որպեսզի ասեղնագործվածքը ուռուցիկ մնա։ Օսլայած սպիտակեղենը պետք է արդուկել ավելի թույլ տաքացրած արդուկով, քան ոչ օսլայածը։ Նոր արդուկած սպիտակեղենը չի կարելի անմիջապես տեղավորել պահարանում, պետք է թողնել, որպեսզի այն սառչի, որ չճմրթվի ու չկորցնի ձևը։

Բրդե գործվածքները խորհուրդ է տրվում արդուկել խոնավ շորով՝ չափավոր տաքացրած արդուկով։ Հետագայում մտնելուց խուսափելու համար խոնավ գործվածքը պետք է արդուկով լավ չորացնել։ Ուռուցիկ նախշերով գործվածքներն ու կրեպներն արդուկում են չոր վիճակում։

Մետաքսե գործվածքներից իրերն արդուկում են չոր կամ ոչ շատ չորացած վիճակում, հակառակ երեսից կամ բամբակե չոր շորով։ Ոչ լավ չորացած իրերն արդուկելիս անհամաչափորեն են ձգվում (կարերի և այլ հաստ մասերում) և, երբեմն, ձեռք են բերում մետաղական փայլ։ Փայլը վերացնելու համար իրը պետք է թրջել, քամել և որոշ ժամանակ պահել գոլորշու վրա, այնուհետև չորացնել և կրկին արդուկել շորով կամ հակառակ երեսից։ Աստառացու գործվածքները (սատին, սարժ ևն) սովորաբար արդուկում են չոր վիճակում, քանի որ խոնավացումից կորցնում են փայլը, բացի այդ, որոշ աստառացու և մետաքսե գործվածքների (օրինակ, չեսուչա) վրա գոյանում են բծեր։ Չեսուչան արդուկում են հակառակ երեսից, չոր վիճակում՝ նախապես ուղղելով ծալքերը։ Մետաքսե տրիկոտաժից իրերն ավելի լավ է չարդուկել, խորհուրդ է տրվում դրանք չորացնել սեղանի վրա։ Անհրաժեշտության դեպքում իրն արդուկում են հակառակ երեսից կամ վուշե կտորով՝ թույլ տաքացրած արդուկով։

Բրդե գործվածքներից իրերի մաշափայլ տեղերը պետք է արդուկել խոնավ վուշե կտորով, որը պետք է թրջել, քամել և արդուկել տաք արդուկով։

Թավշե, վելյուրե և վելվետե իրեր արդուկելիս, պետք է դրանց վրա հակառակ կողմից ջուր ցանել, արդուկը թեթևակի սահեցնել, մինչև որ գոլորշին ուղղի խավամազիկները։

Շեղ կիսաշրջազգեստները պետք է արդուկել երկայնական թելի ուղղությամբ, որպեսզի դրանք շատ չձգվեն։

ԲԼՈՒԶ կանանց համար, կարում են բամբակե, մետաքսե, բրդե, տրիկոտաժե գործվածքներից կամ ժանեկագործվածքից, մետաքսե տրիկոտաժից և մետաքսից։

Բերված բոլոր գծագրերում կարաբաժինը և ծալաբաժինը հաշվի չեն առնված։

Բրդե գործվածքից Բ. (նկ. 1), իրանը գրկող, թիկնամասում կոճկվածքով, ծալքավորված լայն թևքագլխով։ Գոտկատեղը կտրված է, առաջամասը՝ ուռուցիկ զարդակարով։ Բ-ի ներքևի եզրը անհամաչափ է։