Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ ևն)։ Մասերով կահույք ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել Ը. ս-ի չափերը և համամասնությունները։

Ոչ մեծ սենյակում բարձր կահույք տեղադրելը նպատակահարմար չէ, քանի որ այն ասես փոքրացնում է սենյակի չափերը։ Ը. ս. հատվածների բաժանումը կարելի է ընդգծել լուսավորության համապատասխան միջոցներով (տես Լուսավորություն):

Որոշ բնակարաններում Ը. ս. և նախասենյակն առանձնացված են շարժական միջնորմով, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում (օրինակ, հյուրերի ընդունելության ժամանակ) նախասենյակի հաշվին մեծացնել սենյակի չափերը։ Երբեմն նույն կերպ միացնում են սենյակն ու խոհանոցը (տես Բնակարանի կահավորում):


ԹԱՅՄԵՐ, տես Ժամակարգավորիչ:


ԹՅՈՒՆԵՐ, երկար (ԵԱ), միջին (ՄԱ), կարճ (ԿԱ) և գերկարճ (ԳԿԱ) ալիքների ընդգրկույթներում հաճախական և ամպլիտուդային մոդուլման ծավալահնչական և միահունչ ռադիոհաղորդումների ընդունման (գրառման կամ ունկնդրման) համար նախատեսված հարմարանք։ Ռադիոծրագրի ձայնագրման համար Թ. միացվում է մագնիտոֆոնին, անհատական ունկնդրման համար՝ ծավալահնչական ականջակալներին, իսկ բարձրաձայն ունկնդրման համար՝ ձայնական համակարգերի լրակազմի ձայնային հաճախությունների ուժեղարարին։ Թ-ի որոշ մոդելներ թողարկվում են ցածր հաճախությունների ուժեղարարներով (ուժեղարար Թ.)։

Թ-ները վաճառքի են հանվում առանձին սարքի ձևով և ծավալահնչական լրակազմի մեջ (տես Մագնիտոռադիոլա):


ԺԱՄԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ, թայմեր, պահանջվող ժամանակահատվածի հաշվառման սարք, որը սահմանված ժամը լրանալու պահին ինքնաբերաբար աշխատում է կամ իբրև զարթուցիչ արձակում է որևէ տեխնոլոգիական գործընթացի (սննդի պատրաստման, սպիտակեղենի լվացման) ավարտը (կամ սկիզբը) ազդարարող ձայնային ազդանշան, կամ էլ միացնում (անջատում) է համապատասխան էլեկտրասարքերը։ Այն Ժ-ները, որոնք գործարկվելիս անջատում (կամ միացնում) են էլեկտրական հպակները և դրանով իսկ անջատում (կամ միացնում) են էլեկտրական շղթան, հաճախ կոչվում են ժամանակի ռելե։

Ըստ գործողության սկզբունքի՝ Ժ-ները լինում են մեխանիկական, օդաճնշական, էլեկտրական։ Պահաժամի առավել լայն ընդգրկույթ ունեն և ճշգրիտ ու հուսալի են ժամացույցի մեխանիզմով աշխատող մեխանիկական Ժ-ները։ Այդպիսի Ժ-ներում ժամանակահատվածներն առաջադրվում են ձեռքով, օրինակ, ժամանակի ցուցիչի սլաքի տեղափոխմամբ։ Միաժամանակ լարվում է մեխանիզմի զսպանակը, ընդ որում, որքան ավելի հեռու է դրվում սլաքը զրոյական դիրքից, այսինքն՝ որքան ավելի մեծ է ժամանակահատվածը, այնքան զսպանակի ավելի շատ լարք է պահանջվում։ Ժ. կաշխատի (կամ ազդանշան կտա կամ կփակի էլեկտրական հպակը), երբ սլաքը վերադառնա զրո դիրքին, այսինքն՝ վերջանա լարքը։ Ի տարբերություն սովորական ժամացույցների, որոնք, անընդհատ հաշվելով վայրկյանները, րոպեները և ժամերը, ցանկացած պահին ցույց են տալիս ընթացիկ ժամանակը, Ժ. հաշվում է միայն կամովին տրված ժամանակահատվածի տևողությունը (դարձյալ վայրկյաններով, րոպեներով և ժամերով), որն ամեն անգամ սահմանափակվում է զսպանակի լարքով։

Ժ-ները պատրաստվում են ինչպես առանձին սարքերի ձևով (օրինակ, Ժ. խոհանոցի համար), այնպես էլ ներսարքավորված (օրինակ, ավտոմատ և կիսաավտոմատ լվացքի մեքենաներում բոլոր գործողությունների տևողությունը կարգավորվում է Ժ-ների միջոցով)։

Ժ-ի կիրառումը զգալիորեն պարզեցնում է որոշակի ժամանակի սահմանման անհրաժեշտության հետ կապված աշխատանքների իրականացումը։


ԺԱՄԱՑՈՒՅՑ, բազմիցս փոփոխվել է ինչպես գործողության սկզբունքով և ժամանակի չափման եղանակով, այնպես էլ կառուցվածքով, արտաքին տեսքով, աշխատանքի ճշգրտությամբ։ Թողարկվում են մեխանիկական, էլեկտրոնային, էլեկտրոնամեխանիկական և էլեկտրական (վերջիններս տեղադրվում են հասարակական շենքերում, ձեռնարկություններում ևն) Ժ-ներ։ Անձնական օգտագործման համար թողարկվում են պատի, հատակադիր, սեղանի, բուխարու, գրպանի և ձեռքի Ժ-ներ, ինչպես նաև կուլոն-Ժ-ներ, ապարանջան-Ժ-ներ (ձեռքի Ժ-ի տարատեսակը) և մատանի Ժ-ներ։