Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փակվող ամանի մեջ։ Սոսնձամածիկը ջրադիմացկուն է և գործածության համար պիտանի է երկար ժամանակ։

Ցեմենտա-յուղա-կավճային սոսնձամածիկը կիրառում են փայտե կամ բետոնե մակերևույթներին գործվածքե հիմքով Լ. կպցնելու համար։ Պատրաստում են օլիֆից (36), մանրացրած և մաղած կավճից (47), «300-400» մակնիշի պորտլանդցեմենտից (17)։ Կավիճը խառնում են ցեմենտի հետ, ավելացնում օլիֆ, խնամքով խառնում և տրորելով քամում մաքուր մաղով։

Լինօլեումային աշխատանքների գործիքներն են լավ սրած դանակը, քանոնը, 150-200 մմ լայնության ատամնավոր մածկաթիակը (ատամի բարձրությունը՝ 1,5 մմ, գագաթների հեռավորությունը՝ 3 մմ) ծորացող սոսնձամածիկների համար, և մետաղե կամ փայտե սովորական մածկաթիակը թանձր սոսնձամածիկների համար։

Հիմնամակերևույթի նախապատրաստումը։ Լ-ով կարելի է պատել ցեմենտաավազային շաղախից, ցեմենտաթեփային զանգվածից, քսիլոլիթից, փայտատաշեղային սալիկներից, տախտակից պատրաստված հատակը։ Հատակի մակերևույթը պետք է լինի հարթ, մաքուր, չոր և առանց ճաքերի։ Քանի որ Լ. ճկուն է և փռելուց հետո ընդունում է մակերևույթի ձևը, ապա հատակի բոլոր թերությունները կերևան Լ-ի վրա։ Փայտյա սալիկների կցատեղերը և տախտակների ճեղքերն անհրաժեշտ է մածկել (տես Ներկարարական աշխատանքներ): Հատակի տախտակները չպետք է ճկվեն քայլելու ժամանակ, քանի որ այդ տեղերում Լ. շուտ է շարքից դուրս գալիս։ Հատակի մակերևույթն ստուգում են 2 մ-անոց քանոնով (ձողով), քանոնի և հատակի միջև տարածությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ ավելի։ Փայտե խորդուբորդ հատակը կարելի է պատել նրբատախտակով, փայտատաշեղի և փայտաթելքի սալիկներով։ Բետոնե մակերևույթը կարելի է հարթել ցեմենտի շաղախով (տես Երեսպատում սալիկներով):

Լ-ի փռումը։ Լ. հատակին կպցնում կամ ամրացնում են մանր մեխերով։ Լ. փռելուց առաջ հարկավոր է հանել շրիշակները և հատակն ավլել փափուկ ավելով։ Լ-ի գլանափաթթոցը հարկավոր է բացել, կտորների բաժանել, փռել հատակին և թողնել առնվազն երեք օր, որպեսզի Լ. ընդունի հատակի ձևը։ Ալիքավորված Լ. պետք է փռած պահել այնքան ժամանակ, մինչև հարթվի։

Չոր փռումը: Փռած կտորների եզրերը կիպ սեղմելուց հետո հարկավոր է ամրացնել շրիշակները, ապա կտորների եզրերին 15-20 մմ հեռավորությամբ մանր (15-20 մմ երկարության) մեխեր խփել։ Անհավասար (կոտրտված) եզրերը հարկավոր է նախապես հավասարեցնել սուր դանակով կամ էլ կտրել վրա բերելուց հետո, ինչպես նկարագրված է ստորև։

Սոսնձամածիկով փռումը։ Հատակը հարկավոր է պատել սոսնձամածիկով, հարթեցնել, փռել Լ. (առաջին կտորը դռան կողմից) և լավ հարթեցնել նախ ձեռքով, ապա ավազով լի պարկով (տակը շոր փռել, որ Լ. չքերծվի)։ Լ. հարկավոր է հարթեցնել կենտրոնից դեպի եզրերը։ «Փուչիկներ» առաջանալու դեպքում հարթեցման գործողությունը պետք է կրկնել։ Եթե դա էլ չօգնի, Լ. պետք է ծակել բարակ բզով, օդը դուրս գալուց հետո այդ տեղը հարթեցնել և ծանրություն դնել։

Որպեսզի Լ. ամուր կպչի, խորհուրդ է տրվում հատակը և Լ-ի հակառակ երեսը պատել ջրիկ մածիկով, 1-2 օր թողնել, որ չորանա, ապա հատակին և Լ-ի հակառակ երեսին մածիկ քսել, փռել և հարթեցնել։ Եթե եզրերն անհարթ են, անհրաժեշտ է հավասարեցնել վրա բերելուց հետո, դրա համար կտորները պետք է փռել այնպես, որ եզրերը 10-20 մմ մեկը մյուսի վրա գան։ Կտորների եզրերից 15-20 սմ լայնության շերտեր թողնել չփակցված և եզրերը վրա բերել։ 2-3 օր հետո եզրերը հարկավոր է կտրել սուր դանակով այնպես, որ միաժամանակ կտրվեն Լ-ի երկու կտորների եզրերը։ Եթե հիմնամակերևույթը բետոնապատ է, ապա եզրերի տակ հարկավոր է դնել բարակ ստվարաթղթի շերտ։ Կտրած եզրերը պետք է շուռ տալ, մածիկ քսել, փռել, հարթեցնել, վրան ծանրություն դնել և թողնել 2-3 օր։

Խորհուրդ չի տրվում Լ. լվանալ հիմք, սոդա և հանքային յուղեր պարունակող լվացամիջոցներով։ Ցանկալի է Լ. լվանալ օճառաջրով, ապա մաքուր ջրով, որից հետո սրբել չոր շորով։ Լ. կարելի է փայլեցնել հատակափայլիչ որևէ մածիկով կամ էլ մոմի, պարաֆինի (1-ական մաս) և բևեկնայուղի (5 մաս) խառնուրդով։ 3 ամիսը մեկ կարելի է Լ. օլիֆապատել և փայլեցնել փափուկ շորով։ Նոր Լ. շուտ է կեղտոտվում, ուստի փռելուն պես պետք է հատակափայլիչ մածիկ քսել։

ԼՅՈՒՄԵՆ, լուսային հոսքի չափման միավոր, հայերեն կրճատ նշանակումը՝ լմ, միջազգայինը՝ lm։

ԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՏԱՅԻՆ ԼԱՄՊ, լույսի գազապարպումային աղբյուրի տարատեսակ, որում օգտագործվում է որոշ նյութերի (լուսակիրների) ունակությունը լուսարձակելու էլեկտրական պարպման ուլտրամանուշակագույն ճառագայթման ներգործությամբ։ Լ. լ-երը պատրաստվում են մետաղյա զույգ լամպակոթերով ապակյա խողովակների տեսքով, որոնք լցված են ցածր ճնշման տակ գտնվող սնդիկի գոլորշիներով։ Թողարկվում են 8 Վտ-ից մինչև 120 Վտ հզորության և լուսակրի բաղադրությամբ պայմանավորված լուսարձակման երանգներով տարբերակվող՝ ՑԼ-ցերեկային լույսի, ՍԼ-սպիտակ լույսի, ԳՍԼ– գունատ սպիտակ լույսի և ՋՍԼ-ջերմ սպիտակ լույսի Լ. լ-եր։ Բացի այդ, ստեղծված է բարելավված գունահաղորդման լամպերի շարք. ԲԳԼ, ՋՍԳԼ, ՑԳԼ (համապատասխանաբար, բնական, ջերմ սպիտակ և ցերեկային լույսի բարելավված գունահաղորդմամբ)։ Տառային նշանակումից հետո դրված թվանշանները ցույց են տալիս լամպի հզորությունը Վտ-երով (օրինակ, ԳՍԼ20–ը նշանակում է լյումինեսցենտային գունատ սպիտակ լամպ 20 Վտ հզորությամբ)։