Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաղի կանոնները։ Խաղի նպատակը թևճակի հարվածներով փետրագնդակը ցանցի վրայով դեպի հակառակորդի կիսադաշտ անընդհատ ուղարկելն է։ Փետրագնդակը հետ է մղվում միայն ընթացքից։ Առաջին մրցափուլում սկզբնահարվածը և կիսադաշտը որոշվում են վիճակ գցելով, իսկ հաջորդ խաղահերթը սկսում է նախորդ խաղահերթը շահած խաղացողը։ Վճռական խաղահերթի միջնամասում (տղամարդկանց խաղում՝ 8, իսկ կանանց ու երեխաների՝ 6 հաշվի դեպքում) հակառակորդները փոխում են կիսադաշտերը։ Սկզբնահարված կատարողը կանգնում է սկզբնահարվածի աջ դաշտի ցանկացած կետում և, փետրագնդակը վեր նետելով կամ ձեռքից վար գցելով, ներքևից թևճակի հարվածով այն խաղի մեջ է դնում։ Հարվածելիս սկզբնահարված կատարողը թևճակը գոտկատեղից վեր չպետք է բարձրացնի, իսկ թևճակի օղագոտին ձեռքի դաստակից վեր չպետք է լինի։ Մինչև սկզբնահարված կատարելը ո՛չ հարվածողը, ո՛չ ընդունողը չպետք է փոխեն իրենց գրաված դիրքերը և ոտքերը չպետք է կտրեն դաշտից։ Փետրագնդակը հակառակորդի կիսադաշտ է ուղարկվում անկյունագծով աջ դաշտից՝ աջ դաշտ (զույգ հաշվի դեպքում), ձախից՝ ձախ (կենտ հաշվի դեպքում)։ Եթե փետրագնդակը սկզբնահարվածից հետո, ցանցին դիպչելով, ընկնում է սկզբնահարվածողի դաշտը (կամ ընդունողը հարվածում է նրան), սկզբնահարվածը կրկնում են։ Եթե խաղի ընթացքում փետրագնդակը դիպչում է ցանցին և ընկնում հակառակորդի կիսադաշտը, հարվածը համարվում է ճիշտ կատարված։ Փետրագնդակը սեփական կիսադաշտ կամ դաշտից դուրս ընկնելը համարվում է սկզբնահարվածի իրավունքի կամ միավորի կորուստ։

Խաղի ընթացքում թույլատրվում են ցանկացած հարվածներ՝ վերևից, աջից, ձախից, ներքևից։ Օղագոտիով հարվածները, թևճակով նետումները և կրկնական հարվածները տուգանվում են սկզբնահարվածի իրավունքի կամ միավորի կորստով։ Սկզբնահարված կատարողին միավոր է տրվում ընդունողի սխալի դեպքում։ Սկզբնահարված կատարողի սխալի դեպքում ընդունողը շահում է միայն սկզբնահարվածի իրավունք։

Զուգախաղերում սկզբնահարված կատարողը յուրաքանչյուր մրցափուլի սկզբում իրավունք ունի միայն սկզբնահարվածի (այսպես կոչված սկզբնահարվածի հերթի), որը կորցնելիս այդ իրավունքը անցնում է հակառակորդներին, որոնք արդեն երկհերթ սկզբնահարվածի իրավունք ունեն։ Զուգախաղերում առաջին սկզբնահարվածը մշտապես կատարում է մրցախաղի սկզբում սկզբնահարվածի աջակողմյան դաշտը զբաղեցրած խաղացողը։ Սխալվելիս սկզբնահարվածն անցնում է խաղընկերոջը։ Վերջինի սկզբնահարվածի իրավունքը կորցնելիս հակառակորդներն ստանում են երկհերթ սկզբնահարվածի իրավունք։ Յուրաքանչյուր շահած միավորից հետո սկզբնահարվածողը փոխում է սկզբնահարվածի կիսադաշտը, ընդունողներն իրենց կիսադաշտերը չեն փոխում։ Սկզբնահարվածն ընդունելու իրավունք ունի միայն այն խաղացողը, որի դաշտն է ուղարկվել փետրագնդակը։ Խաղի ընթացքում փետրագնդակին հարվածելու իրավունք ունի խաղընկերներից յուրաքանչյուրը սեփական կիսադաշտի ցանկացած կետում։

Տղամարդկանց խաղը շարունակվում է մինչև 15 հաշիվը, իսկ կանանց և երեխաների խաղերը՝ մինչև 11 հաշիվը։ Տղամարդկանց մենախաղերում 13:13 հաշվի ժամանակ ընդունող կողմը սկզբնահարվածից առաջ իրավունք ունի խաղը վարել մինչև 5 միավոր վաստակելը կամ այն շարունակել մինչև սովորական հաշիվը, այսինքն 15 միավոր ձեռքբերելը։ 14:14 (կանանց համար 9:9) հաշվի ժամանակ ընդունող կողմը կարող է խաղը շարունակել մինչև 3 միավոր վաստակելը կամ խաղալ, ինչպես սովորաբար՝ մինչև 15 միավոր ձեռք բերելը։ Երբ ընտրված է խաղի հաշվի շարունակման ձևը, հաշիվը համարվում է 0:0, և այն կողմը, որն առաջինը հավաքում է 5 (կամ 3) միավոր, հաղթում է տվյալ մրցափուլում։

Յուրաքանչյուր խաղ կազմվում է 3 (կամ 5) մրցափուլից. 2 (3) մրցափուլ շահողը համարվում է հաղթող։

ԲԱՍԿԵՏԲՈԼ, թիմային մարզախաղ, որի նպատակն է գնդակը ձեռքով նետել մրցակցի զամբյուղի մեջ։ Ստեղծվել է 1891-ին, ԱՄՆ-ում։ Կատարելագործում է շարժումների համակարգումը (կոորդինացիան), մարզում շնչառության և արյան շրջանառության օրգանները, բարելավում նյարդային համակարգի կարգավորիչ դերը, զարգացնում մկանունքը։

Խաղի կանոները: Խաղում են ուղղանկյուն (26x14 մ) հարթ հրապարակում կամ առնվազն 7 մ բարձրությամբ առաստաղով մարզասրահում, որոնց դիմային կողմերում 2,75 մ բարձրությամբ տեղադրվում են զամբյուղներով վահանները (120x180 սմ): Խաղում են 600-650 գ զանգվածով ու 75-78 սմ շրջագծով գնդակը: Չափահասների խաղի տևողությունն 40 ր (մաքուր ժամանակը), կանանցը՝ 36 ր, 15-16 տարեկան պատանիները՝ 36 ր, աղջիկներինը՝ 30 ր, 13-14 տարեկան դեռահասներինը՝ 24 ր: Խաղն անցկացվում է երկու կեսով, 10 ր ընդմիջումով: