Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջին էջի ներքևի ձախ անկյունում։ Դա օգնում է հեշտությամբ գտնել նախորդ տետրի վերջին թերթը։ Այնուհետև ծալիչով կամ բութ դանակով տետրերի կռնակից պետք է հեռացնել սոսնձի մնացորդը։ Կռնակի մասում տետրերի արտաքին (երբեմն էլ ներքին) զույգ թերթերը կարող են վնասված կամ պատռված լինել։ Դրանք պետք է սոսնձել կոնդենսատորի կամ ծխախոտի թղթով՝ պահպանելով զույգ թերթերի ընդհանուր ձևաչափը։ Սոսնձելուց հետո թերթերը պետք է չորացնել մամլիչի տակ (կամ սեղմել կազմարարական տախտակների մեջ) և ծալել։ Եզրերի մոտ մաշված լուսանցքներով թերթերը պետք է ամրացնել, հաստացնելով լուսանցքները՝ կոնդենսատորային թղթի նեղ շերտեր սոսնձելով (2 կողմից)։ Ապա տետրերը հերթով դասավորում են, հավասարեցնում ըստ կռնակի, և վերին կտրվածքի ուղղության՝ տետրերի ամբողջ կիտուկը թեթևակի խփում կոշտ, բայց հավասար մակերեսին (դա կոչվում է «հպել կռնակին և գլխիկին»)։ Հավասարեցված բլոկը անհրաժեշտ է այնպես սեղմել, որպեսզի կռնակը 2-3 մմ դուրս գա կազմարարական երկու տախտակների եզրաշերտից։ Բարակ սղոցով կռնակին սղոցվածք են անում, և կտրելիս թելերն անցկացնում դրանց միջով։ Դա թեթևացնում է աշխատանքը, և վարելուց հետո բլոկը ձեռք է բերում կանոնավոր տեսք։ Սղոցվածքը պետք է ունենա նվազագույն խորություն, բավական է, որ այն թեթևակիորեն հասնի տետրի ներսի զույգ թերթին։ Բլոկը ավելորդ քայքայման չենթարկելու համար, կարելի է սահմանափակվել միայն ծայրերի 2 սղոցվածքով, մնացածը նշել մատիտով։ Ապա վերցնել թանզիֆի կամ որևէ չմտնող կտորի մի շերտ, որի լայնությունը պետք է մոտ 10-20 մմ ավելի լինի բլոկի հաստությունից, իսկ երկարությունը 30-40 մմ պակաս ծայրի սղոցվածքների հեռավորությունից։ Թանզիֆին հերթով կարում են տետրերը՝ սկսելով վերջինից։

Ավարտելով բլոկի կարելը՝ առաջին տետրի առաջին և վերջին տետրի վերջին թերթերին սոսնձում են պահպանակները։ Դրանք գրքի բլոկը միացնում են կազմի կափարիչին։ Պահպանակներ պատրաստելու համար օգտագործվում է սպիտակ կամ գունավոր պահպանակային թուղթ։

Պահպանակները տետրերին կպցնում են սոսնձելով, թափանցակարով, կցակարով, վերադրովի։ Խորհուրդ է տրվում տնային պայմաններում կիրառել սոսնձած պահպանակը։ Այն թղթի մեկ անգամ ծալած թերթ է, որն իր չափով հավասար է գրքի ձևաչափին։ Դեպի բլոկը շրջված կողմից ծալվածքի երկարությամբ պահպանակին քսում են սոսնձի բարակ շերտ՝ կպցնելով առաջին տետրի առաջին և վերջին տետրի վերջին էջերին՝ ծալագծից ազատ թողնելով 1-1,5 մմ։ Այնուհետև բլոկը «հպում են կռնակին և գլխիկին» և կազմարարական տախտակների մեջ սեղմում այնպես, որպեսզի նրանց եզրաշերտից կռնակը դուրս մնա 1-2 մմ։ Վերջինս սոսնձում են ՊՎԱ-ով։ Սոսինձը չորանալուց հետո բլոկը կարելի է եզրահատել։

Բլոկի ամրացումն առանց կարի։ Այսպիսի բլոկի կռնակն իրենից ներկայացնում է առանձին թերթերի եզրաշերտեր, որոնք իրար են միացվում ՊՎԱ սոսնձով։ Նախատեսված նյութը (կտրածոներ ամսագրերից, առանձին թերթերի վրա տպագրված տեքստ, մաշված գրքի բլոկ) կազմելու համար դասավորում են հերթականությամբ, թելով կտրված, բայց կռնակի կողմից խիստ մաշված գրքի բլոկը քանդում են, դանակով կտրտում դեռևս պահպանված զույգ թերթերը և կրկին հավաքում բլոկը։ Ապա հավաքված բլոկը հրում են դեպի առջևի և վերին եզրակտրվածքները, որից հետո պտուտակամամուլների օգնությամբ սեղմում կազմարարական տախտակների մեջ։ Ներքևի տախտակին դնում են ստվարաթուղթ, վրան տեղադրում ուղղված բլոկը, մետաղական ակյունով երկրորդ տախտակը վերևից տեղադրում են այնպես, որպեսզի բլոկի կռնակը փոքր-ինչ դուրս գա։ Այդ մասն անպայմանորեն պետք է կտրել, որպեսզի եզրով կարելի լինի ընդգրկել բլոկի բոլոր թերթերը (սովորաբար 3-4 մմ)։ Բլոկը հատում են։ Այն 25-30 մմ-ից հաստ չպետք է լինի, քանի որ հատուկ հարմարանքի բացակայության դեպքում եզրահատումը կարող է անհավասար ստացվել։ Նյութը կազմարարական տախտակների մեջ սեղմելով՝ պետք է հետևել, որ վերջինները լինեն զուգահեռ և եզրի ամբողջ երկարությամբ հավասարաչափ սեղմեն բլոկը։ Սրած դանակը պետք է շարժել սահուն, նույն ուժով բլոկի հարթությանն ուղղահայաց։ Ամրացման այդ մեթոդի ժամանակ որպես կանոն բլոկի կռնակը չեն կլորացնում, այլ անմիջապես սոսնձում են չհանելով բլոկը սեղմիչից (բավական է մատին մի քիչ սոսինձ քսել)։ Սոսինձը չորանալուն պես սեղմիչը պետք է թուլացնել և, կազմարարական տախտակների եզրաշերտից կռնակը դուրս հանելով 1,5-2 մմ, նորից սեղմել։ Ապա կռնակի լայնքով և ամբողջ բարձրությամբ, մեկը մյուսից 10 մմ ոչ ավելի հեռավորության վրա նրբասղոցով անում են սղոցվածքներ։ Առաջացած թղթե փոշին պետք է հեռացնել վրձինով կամ փչելով մաքրել սղոցվածքները։ Այնուհետև