Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպավորություն։ Ծ. ա-ի դեպքում ձախ ականջակալի ազդանշաններն ընդունում է միայն ձախ ականջը, իսկ աջ ականջակալինը՝ միայն աջը, ինչը և խախտում է ծավալահնչական տպավորությունը։

ԾՆԵԲԵԿ, ծնեփակ, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Ամենատարածված սենյակային տեսակներից են փետրավոր և Շպրենգերի Շ-ները, որոնք աճում են նաև Հայաստանում։

Փետրավոր Ծ. մշտադալար, ասեղնատերև թփիկ է՝ մանր սպիտակ ծաղիկներով և կարմիր պտուղներով։ Ջերմասեր է, լույսի նկատմամբ պահանջկոտ չէ։ Հողախառնուրդը պատրաստել հետևյալ բաղադրությամբ՝ 1 մաս ճմահող, 1 մաս հումուս, 1 մաս տերևահող և գետի ավազ։ Ձմռանը բույսը պետք է չափավոր ջրել, ամռանը՝ առատ։ Որպեսզի ճյուղերն օդի չորությունից չթափվեն, պետք է ջրցողել։ Ծ. բազմանում է սերմերով և թփերի բաժանումով։ Ցանքը կատարել մարտ-ապրիլին, թեթև տերևային հողի և ավազի խառնուրդում փոքրիկ թաղարներում։ Փետրավոր Ծ-ի կտրած ճյուղերն օգտագործում են ծաղկեփնջերում և ծաղկային ձևավորումներում։

Շպրենգերի Ծ. բազմամյա բույս է՝ կախվող ցողուններով, բաց վարդագույն ծաղիկներով ու կարմիր պտուղներով։ Տերևներն ավելի խոշոր են, կոշտ և փետրաձև։ Այս տեսակը մշակվում է որպես Կանթեղային բույս:

ԾՈՎԱՆԱՐԳԵՍ, շքանարգիզների ընտանիքի մշտադալար սոխուկավոր բույս։ Հայրենիքը Անտիլյան կղզիներն են։ Տերևները լայն երկարավուն են, մուգ կանաչ։ Ծաղիկները (9-15 հատ) շքեղ են, հոտավետ հավաքված հովանոցներում։ Սենյակային պայմաններում աճեցվող տարածված տեսակ է Ծ. գեղեցիկը։ Ակտիվ աճման շրջանում բույսը պետք է առատ ջրել և սնուցել պարարտանյութերով, իսկ ձմռանը ջրել չափավոր։ Պետք է տեղափոխել գարնանը հավասար քանակով կավաճմային հումուսատերևային կամ տորֆային հողախառնուրդի մեջ, նախապես ավելացնելով ավազ։ Բազմացվում է «ձագուկ» սոխուկներով, որոնք առանձնացնում են տեղափոխելիս։

ԿԱԿՏՈՒՍՆԵՐ, երկշաքիլ բազմամյա բույսերի ընտանիք։ Թփեր են, լիաններ, հազվադեպ ծառեր.: Կ. չունեն իսկական տերևներ (բացառությամբ մի քանի տեսակների). դրանք վերափոխվել են փշերի և մազմզուկների։ Հյութալի բույսեր են, հյուսվածքներում պարունակում են մեծ քանակությամբ ջուր, որի աստիճանաբար գոլորշիացումը հնարավորության է տալիս դիմանալ երկարատև չորությանը։ Հայրենիքը Ամերիկան է, ուր աճում են Կանադայից մինչև Հրո Երկիր։

Ցողունների բազմաձևության (մոմաձև, ոզնիանման, գնդաձև, բլթանման, բազմակող, մտրակաձև ևն), տարբեր մեծության փշերի ու խոզանների, գունավորման, արտակարգ գեղեցիկ, երբեմն անուշաբույր, մետաղափայլ ծաղիկների շնորհիվ Կ. առանձնանում են մյուս բույսերից և տարաշխարհիկ ու հեքիաթային տեսք են տալիս բնակարանին։

Կ. Հայաստանի կլիմային ոչ բնորոշ բույսեր են և պահանջում են խնամքի յուրահատուկ պայմաններ ու ձևեր։ Կ-ի կանոնավոր և ճիշտ աճի համար կարևոր են. խնամքը, տեղը, տեսակի և թաղարի ընտրությունը, դասավորությունը, հողախառնուրդը, տնկելու և վերատնկելու (փոխադրելու) հմտությունը, ջրելու հաճախականությունը, ձմեռումը։

Կ. բնակարաններում կարելի է տեղադրել պատուհանագոգին, պատշգամբներում, պատուհանից և պատշգամբից դուրս կախված ապակեպատ արկղ-ջերմոցիկներում։ Մարտից հոկտեմբեր Կ. կարելի է աճեցնել այգում կամ պարտեզում։ Կ-ի զգալի մասը լավ է աճում հարավ-արևելք նայող պատուհանագոգերին կամ արտաքին ջերմոցիկներում, որտեղ լուսավորությունը երկարատև է։ Դրանցից են. արևասեր և չորադիմացկուն Կ. էխինոկակտուսը, ֆերոկակտուսը, աստրոֆիտումը, էխինոցերեուսը, էխինոֆոսուլոկակտուսը, մամիլլարիան, նոտոկակտուսը, պարոդիան, որոշ գիմնոկալիցիումներ, լոբիվիաները, խամեցերեուսները ևն։ Տեղադրության այլ դիրքերի դեպքում կարելի է խնամել արևասեր և արևի համեմատաբար քիչ լույսով բավարարվող, չորադիմացկուն որոշ գիմնոկալիցիումներ, էխինոփսիսներ, էրիոցերեուսներ, սելենիցերեուսներ, հիլոցերեուսներ, ապորոկակտուսներ ևն։ Ոչ արևոտ պատուհաններին կարելի է խնամել արևադարձային մշտադալար անտառների խոնավասեր Կ.՝ տերևանման էպիֆիլլում, զիգոկակտուս, շլյումբերգերա, էպիֆիլլոփսիս, ռիփսալիս։

Խորհուրդ է տրվում Կ. աճեցնել կավե կամ պլաստմասսայե թաղարներում։ Ծակոտկենության շնորհիվ կավե թաղարներում ջուրն արագ է գոլորշիանում, ուստի նպատակահարմար է դրանք տեղադրել սակավարև, իսկ պլաստմասսայե թաղարները (որտեղ ջուրն ավելի դանդաղ է գոլորշիանում)՝ լուսավոր պատուհանագոգերին, պատշգամբներում կամ արտաքին ջերմոցիկում։

Կ. պետք է այնպես դասավորել, որ բարձր կամ սյունանման բույսերը չստվերեն ցածր և գնդաձև Կ-ին։

Կ-ի հողախառնուրդը պետք է լինի ծակոտկեն, օդաջրանցիկ և սորուն։

Մեծ մասի հիմնական հողախառնուրդը պատրաստելու համար պահանջվում է 1 մաս սևահող կամ տերևահող, 1 մաս ճմահող, 1 մաս տուֆի, չեչաքարի կամ հրաբխային ծագման այլ ապարի փխրուն, մանր, լավ լվացած խիճ (կարելի է դրանց հետ կամ դրանց փոխարեն օգտագործել լավ լվացած սպիտակ, սև ավազ, պեռլիտ), 1/16 մաս մանրացրած փայտածուխ, 1/24 մաս կրանյութ (հանգած կիր, կավիճ, ձվի կճեպ, պատի հին ծեփ)։ Կարելի է ավելացնել նաև որոշ քանակությամբ տորֆահող։ Հողախառնուրդը լավ խառնելուց հետո պետք է մանր մաղով հեռացնել փոշին, 2-3 ժամ ախտահանել գոլորշու վրա։ Խոնավասեր Կ-ի հողախառնուրդում պետք է գերակշռի տերևահողը։

Ժամանակի ընթացքում թաղարի հողում սպառվում են սննդանյութերը, այդ պատճառով 1-4 տարին մեկ անգամ (ելնելով