Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաղարի մեծությունից) Կ. անհրաժեշտ է վերատնկել։ Դրա համար պետք է թաղարը շրջած պահել սեղանի վրա և կողերին թեթևակի հարվածելով բույսը հանել՝ չվնասելով արմատները։ Այնուհետև կակտուսի արմատի շրջագծից մի քիչ մեծ (ցամաքուրդային անցքեր ունեցող) նոր թաղարի հատակին լցնել խոշոր խիճ, փայտածուխ, տուֆի կտորտանք, իսկ բույսը պահելով թաղարի կենտրոնում (արմատավզիկը թաղարի եզրից մի փոքր բարձր) շուրջը լցնել նոր հողախառնուրդ, թեթևակի հարվածել թաղարի կողերին, որպեսզի հողը նստի (նույն ձևով տնկում են նաև նոր ձեռք բերված Կ.)։ Այնուհետև բույսը պետք է դնել զով տեղում և 7-10 օր չջրել, որպեսզի վնասված արմատների վերքերը սպիանան և ջրի հետ շփումից չփտեն։ Դրանից հետո բույսը անհրաժեշտ է ջրել, իսկ մի քանի օրից կարելի է տեղադրել նախատեսված տեղում։

Կ-ի ջրելու հաճախականությունը պայմանավորված է Կ-ի տեսակով (չորադիմացկուն կամ խոնավասեր), տարվա եղանակով, միջավայրով (չոր, խոնավ, ջերմոցիկ, ջերմոց, պատուհան ևն), թաղարով (պլաստմասսայե, կավե), հողախառնուրդով ևն։ Կ. լավ է ջրել հողի վերին շերտը չորանալուց մի քանի օր հետո, խոնավասերները՝ ավելի հաճախակի։ Կ. ջրելու եղանակներից ամենագործնականը թաղարի վերևից ջրելն է։ Ջուրը պետք է լցնել այնքան, մինչև ցամաքուրդային անցքերից դուրս գա ավելորդ ջուրը։

Ցանկալի և օգտակար է աճման շրջանում ջրցողել առավոտյան կամ երեկոյան գոլ ջրով։

Խնամքի կարևորագույն գործոններից մեկը ճիշտ ձմեռումն է, այլապես Կ. հյուծվում են և չեն ծաղկում։ Ուշ աշնանը, եղանակների ցրտելուն զուգընթաց, Կ. պետք է ուշ-ուշ ջրել, իսկ առաջին ցրտերի հետ լրիվ դադարեցնել։ Կ. պետք է դնել զով տեղում +6... +12°C ջերմաստիճանի պայմաններում (չտաքացվող կամ վատ տաքացվող պատշգամբ, սենյակի տաք օդից պոլիէթիլենային թաղանթով մեկուսացված պատուհանագոգ ևն)։ Հայաստանում Կ-ի ձմեռումը տևում է շուրջ 5 ամիս (նոյեմբեր-մարտ)։ Պարտեզի կամ այգու բնահողում աճող Կ. եղանակի ցրտելուն պես պետք է հանել հողից և դնել ձմեռելու համապատասխան տեղում։ Գարնանը, օդի տաքանալուն զուգընթաց, Կ. սկսում են արթնանալ և աճել։ Այդ ընթացքում անհրաժեշտ է բույսերը թեթևակի ջրցողել, թրջել հողը, իսկ կայուն տաք եղանակներին պետք է սկսել ջրել։ Կ. հարկավոր է աստիճանաբար վարժեցնել արևին, որպեսզի այրվածքներ չստանան։