Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջրին) կամ սրսկում 1%-անոց բորդոյան հեղուկով (100 գ՝ 10 լ ջրին)։

Ֆիտոֆտորոզ. կարտոֆիլի և լոլիկի վտանգավոր հիվանդություն։ Կարտոֆիլի վարակման դեպքում ստորին տերևների վրա առաջանում են մուգ գորշագույն բծեր սպիտակ փառով։ Կարտոֆիլից հիվանդությունն անցնում է լոլիկին, այդ պատճառով դրանք միասին չպետք է մշակել։ Լոլիկի պտուղների վրա առաջանում են դարչնագույն բծեր, շոշափելիս կոշտ են։ Տերևները դառնում են մուգ գորշ, իսկ ցողունները՝ դարչնագույն։ Հիվանդ բույսերից քաղված արտաքուստ առողջ պտուղների մեծ մասը հետո փտում է։

Պայքարի միջոցները. վնասված պտուղների և բուսական մնացորդների հեռացում և ոչնչացում։ Տարածքային մեկուսացման պահպանում և բույսերի ճիշտ հաջորդականություն։ Հիվանդության դեմ պայքարելու համար բույսերը 3-4 անգամ սեզոնի ընթացքում պետք է սրսկել պղնձարջասպի լուծույթով (20 գ՝ 10 լ ջրին)։ Վերջին սրսկումը կատարել բերքահավաքից 20 օր առաջ։ Լավ արդյունք է տալիս մշակումը բորդոյան հեղուկով (1%-անոց)։ Կարտոֆիլի առաջին սրսկումը պետք է կատարել բողբոջները երևալուց, իսկ լոլիկինը՝ երկրորդ ողկույզի վրա պտուղների ձևավորման ժամանակ։ Ժողովրդական միջոցներից արդյունավետ է բույսերի սրսկումը սխտորի թուրմով։ 100 գ սխտոր (բույսը տերևներով) կամ 50 գ սխտորի պճեղները պետք է տրորել, տեղավորել արծնապատ դույլի մեջ, ջուր լցնել և թողնել 12 ժամ։ Հետո թուրմը քամել։ Բույսերը պետք է սրսկել սեզոնի ընթացքում 3-ից ոչ պակաս անգամ, 5-7 օրը մեկ:

Կեղծ ալրացողը հաճախ վնասում է վարունգը, սոխը, ճակնդեղը, կաղամբի սածիլը։ Սնկամարմինը ձմեռում է սոխուկներում, արմատապտուղներում, կաղամբագլխում։ Վարակման նշանները երևում են սածիլելուց 2-3 շաբաթ հետո։ Տերևների վրա առաջանում է մոխրամանուշակագույն փառ, բույսերը չորանում են։ Անձրևային եղանակին հիվանդությունն արագ փոխանցվում է մի բույսից մյուսին։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերը պետք է հավաքել և այրել, պահպանել բույսերի հաջորդականությունը։ Կանխարգելման նպատակով բույսերի տնկումից 2 շաբաթ հետո հանձնարարվում է սրսկել պղնձի քլորօքսիդի լուծույթով (10 լ ջրին՝ 40 գ)՝ 10 մ²–ին ծախսելով 1 լ լուծույթ, մեկ շաբաթ հետո կրկնել սրսկումը։ Վերջին սրսկումը կատարել բերքահավաքից 20 օր առաջ։ Ճակնդեղի, կաղամբի սերմերը ցանքից առաջ անհրաժեշտ է մշակել ֆորմալինով (10 մլ 40 %-անոց ֆորմալինը՝ 3 լ ջրին)։ Սերմերը լուծույթում պահել 2 րոպե, հետո հանել, փաթաթել կտավի մեջ և պահել թաղանթի տակ 2 ժամ։

Լոլիկի պտղի գագաթնային փտում. բակտերային հիվանդություն։ Ուժեղ տարածվում է շոգ ամռանը։ Կանաչ պտուղների գագաթին առաջանում են ջրոտ, մուգ կանաչ ներս ընկած բծեր, որոնք մգանում են, չորանում և կարծրանում։ Վնասված պտուղները հասունանում են մյուսներից արագ։ Հարուցիչի դեմ պայքարելու համար սերմերը մեկ օր թողնում են 0,5 %-անոց կալիումի պերմանգանատի լուծույթի մեջ (5 գ՝ 1 լ ջրին), հետո լվանում և չորացնում են։ Լավ արդյունք է տալիս բույսերի սրսկումը պտուղների ուժեղ աճի ժամանակ 0,5-1%-անոց կալիումի բորակի լուծույթով (5-10 գ՝ 1 լ ջրին)՝ շաբաթը 1–2 անգամ 10 մ²–ին ծախսելով 0,5 լ։

Բանջարային բույսերի պաշտպանությունը առանց քիմիկատների կիրառման։ Շատ բանջարաբույծներ բերքը պաշտպանում են վնասատուներից մի շարք բույսերի օգնությամբ։ Կարտոֆիլի փրերով պաշտպանում են բույսերը կաղամբի ճերմակաթիթեռի թրթուրներից, բվիկից և ցեցից, լվիճներից և տզերից։ 1,2 կգ կանաչ կամ 600 գ չորացրած բույսը մանր կտրտել, վրան լցնել 10 լ տաք ջուր, թողնել 2-3 ժամ: Ստացված լուծույթը քամել և երեկոյան սրսկել բույսերը։ Լուծույթի խտությունը ավելացնել չի կարելի, որպեսզի մշակվող բույսի տերևները չայրվեն։ Կարելի է օգտագործել տարածված կռատուկ (կոծոծ) մոլախոտը։ Կռատուկի տերևները լցնում են մինչև դույլի կեսը, վրան ավելացնում ջուր մինչև դույլը լցվի և թողնում 3 օր։ Ապա լուծույթը քամում են և սրսկում կաղամբը, բողկը, ամսաբողկը և այլ բանջարային բույսեր (կաղամբի ճերմակաթիթեռի, բվիկի և ցեցի դեմ)։ Այս թուրմն օգտագործում են թիթեռների թռիչքի և թրթուրների երևալու ժամանակ։ 7-8 օրը մեկ (3-4 անգամ) մշակելով ցանքերը կարելի է լրիվ ազատվել վնասատուներից։

Այն հողամասերում, որտեղ լորձոտություն կա, դասավորում են կռատուկի տերևները, դրանց տակ ցերեկվա ընթացքում թաքնվում են վնասատուները։ Հետո հավաքում և ոչնչացնում են տերևները։

Լոլիկի փրերի կամ բճաշիվերի եփուկը օգտագործում են տզերի, մլուկների, կաղամբի ճերմակաթիթեռի, ցեցի և այլն դեմ։ Սածիլները դաշտ տեղափոխելու ժամանակ կարելի է օգտագործել նաև խաչածաղկավորների մլակների դեմ։

Վերցնել 4 կգ մանր կտրտած բճաշիվեր կամ փրեր, լցնել 10 լ ջուր և եռացնել մեղմ կրակի վրա 30 րոպե։ Երբ եփուկը սառի, քամել, նոսրացնել ջրով (1:3), 1 դույլ նոսրացած լուծույթին ավելացնել 30 գ տնտեսական օճառ։ Ստացված լուծույթով սրսկել բույսերը։

Լոլիկի տերևները և սխտորի պճեղները կարելի է դասավորել մրջյունների ճանապարհների վրա։

Սովորական արջընկույզը թունավոր մոլախոտ է։ Թուրմ պատրաստելու համար 1 կգ մանրացրած տերևների, բողբոջների և ծաղիկների վրա պետք է լցնել 10 լ ջուր, թողնել 12 ժամ, քամել, ավելացնել 40 գ օճառ։ Ստացված թուրմով սրսկել բույսերը (լվիճների, տզերի և կաղամբազգիների մլակների դեմ)։

Ձիու ավելուկի թուրմը կարելի է օգտագործել լվիճների, տզերի, ինչպես նաև խաչածաղկավորների մլուկների դեմ կաղամբի սերմնաբույսերի ցանքերում։ Թուրմ պատրաստելու համար 300 գ ավելուկի արմատները մանրացնել ջրում, թրմել 2-3 ժամ, քամել և ստացված թուրմով սրսկել բույսերը։