Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոտաբույսեր, որոնց թարմ, կանաչ տերևներն օգտագործում են սննդի մեջ։ Հիմնականում տարածված են միամյա հազարի (մառոլ, կաթնուկ) տարբեր սորտերը կամ տերևային աղցանաբույսը։ Ա-ի բնորոշ առանձնահատկությունը վաղահասությունն ու համեմատաբար ցրտադիմացկունությունն է։ Ջերմոցներում և ջերմատներում հազարը կարելի է աճեցնել ձմռանը և վաղ գարնանը, իսկ բաց գրունտում՝ ամռան սկզբին, երբ չկան ուրիշ թարմ բանջարներ։

Հազարը պարունակում է կարոտին (A նախավիտամին), C (10-50 մգ %), B խմբի վիտամիններ, ինչպես նաև հանքային նյութեր։

ԱՄԲԱՐԱՅԻՆ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ, վատ պահելու դեպքում մի քանի տեսակ միջատներ (տես նկարները) կարող են ախտահարել ալյուրը, ձավարը, պաքսիմատը և ալյուրից պատրաստված տարբեր սննդամթերքներ։

Ավելի հաճախ հանդիպում է հացահատիկի սղոցողը՝ բաց կամ գորշ դարչնագույն կամ կարմրագորշ, գլանաձև, 2-3 մմ երկարության, թռչող բզեզը։ Տաք տեղերում տարեկան տալիս է մինչև 4 սերունդ։ Թրթուրները փչացնում են պաքսիմատը, թխվածքը, մակարոնեղենն ու ձավարեղենը, չորացրած բանջարներն ու մրգերը և սնվում ալյուրով։

Ամբարային երկարակնճիթը բաց դարչնագույնից մինչև սև, 2-4 մմ երկարությամբ բզեզ է։ Չի թռչում։ Տաք տեղերում տարեկան տալիս է մինչև 5 սերունդ։ Վնասում է ցորենի, բրնձի, գարու, հնդկացորենի, եգիպտացորենի հատիկները, երբեմն մակարոնը և երկար պահված ալյուրը։ Թրթուրը հատիկն ուտում է ներսից, բզեզը՝ դրսից։

Բրնձի երկարակնճիթը մարմնի ձևով և չափերով նման է ամբարային երկարակնճիթին։ Տարբերվում է վերանաթևերի երկուական կարմրավուն բծերով։ Թռչում է։ Տաք տեղերում տարեկան տալիս է մինչև 6 սերունդ։ Սնվում է հացահատիկի նույն պաշարներով, ինչով և ամբարային երկարակնճիթը, սակայն ավելի է վնասում եգիպտացորենի հատիկները և թեփահան բրինձը։

Մեծ ալրաբզեզը մուգ դարչնագույնից մինչև սև, 13-16 մմ երկարության բզեզ է։ Թռչում է գիշերները։ Տաք տեղերում տարեկան տալիս է մինչև 2 սերունդ։ Ախտահարում է հնացած ալյուրը, հացահատիկը, թեփը, պաքսիմատը։

Փոքր ալրաբզեզը երեք անգամ փոքր է մեծ ալրաբզեզից, կարմրադարչնագույն է։ Չի թռչում։ Բարենպաստ պայմաններում տարեկան տալիս է մինչև 7 սերունդ։ Վնասում է ալյուրը, սպիտակաձավարը, թեփը, հազվադեպ՝ հնդկացորենը, բրինձը, չոր մրգերն ու բանջարեղենը։

Սուրինամի ալրակերը կարմրադարչնագույն, 2,5-3,5 մմ երկարության բզեզ է։ Մարմինը նեղ է, առաջնամեջքի կողքերը՝ ատամնավոր։ Չի թռչում։ Տաք տեղերում տարեկան տալիս է մինչև 5 սերունդ։ Վնասում է ալյուրը, ձավարեղենը, չոր մրգերը ևն։

Ոլոռի հատիկներում հանդիպող բզեզիկը՝ ոլոռի հատիկակերը, ոլոռը վնասում է ցանքերում (բզեզիկը ձվադրում է ունդի սերմնարանում, թրթուրը զարգանում և հարսնեկավորվում է ոլոռի չկոշտացած հատիկների ներսում), բզեզիկները դաշտ են փոխադրվում սերմացու ոլոռի հետ։ Տարվա մեջ զարգանում է մեկ սերունդ։

Փոքր թիթեռների՝ ամբարային ցեցի, հատիկային ցեցի, ամբարային հրաթիթեռի (հացահատիկային և ալրային) թրթուրները վնասում են հատիկը, ալյուրը, ձավարեղենը, թեփը, պաքսիմատը, թխվածքը, ինչպես նաև չորացրած մրգերն ու բանջարեղենը։ Թրթուրների առկայության նշաններն են. հատիկի կամ ձավարեղենի գնդիկները, սարդոստայնով ալրի, ձավարեղենի հյուսապատելը ևն։

Վնասատուները ոչնչացնելու ամենապարզ միջոցներն են. ալյուրը մաղելը, հատիկը և ձավարեղենը մաքրելը, գնդիկները և խիստ ախտահարված մթերքը թափելը։ Կանխարգելման միջոցներից՝ մթերքը պահելու տեղերի մաքրությունը։ Ձավարեղենն անհրաժեշտ է պահել ամուր փակվող կափարիչներով կավե, թիթեղե կամ ապակե անոթներում։

Ձավարեղենի միջից դուրս եկած բզեզները կարելի է ոչնչացնել բորակի, շաքարի փոշու և մանրացրած կորեկաձավարի (կամ այլ ձավարի) հավասար քանակությամբ պատրաստված խառնուրդով, որը քսում են թղթին և տեղավորում պահարանի դարակների վրա։ Մթերք պահելու բոլոր տեղերն անհրաժեշտ է լավ լվանալ գոլ ջրով և օճառով կամ սոդայով, հնարավորության դեպքում կարելի է եռման ջուր լցնել, չորացնել և օդափոխել։

ԱՄԻՃ, լցոնած հնդկահավով կամ հավով կերակուր։ Կիսաեփ բրնձին ավելացնում են մաքրած և լվացած չամիչ, կեղևահան արած նուշ, ծիրանաչիր, յուղ, ծեծած մեխակ, դարչին և խառնում։ Ստացված խճողակը լցնում են հնդկահավի (հավի) փորը և սպիտակ թելով կարում։ Լցոնած հնդկահավը (հավը) դնում են յուղ քսած տապակի մեջ, վրան յուղ ցանում, տաք ջուր լցնում և տապակում ջեռոցում։ Գոյացած հյութից պարբերաբար լցնում են հնդկահավի (հավի) վրա։ Մատուցելիս հնդկահավը (հավը) կտրտում են, շուրջը լցնում խճողակը, վրան ցանում հյութը և զարդարում մաղադանոսով։

2 կգ-անոց հնդկահավին (հավին)՝ 1/2 բաժակ բրինձ, 2 ճաշի գդալ մաքրած նուշ, 50 գ ծիրանաչիր, 1/4 բաժակ չամիչ, 1/2 բաժակ հալած յուղ, 1-ական պտղունց դարչին, մեխակ, աղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։

ԱՄՍԱԲՈՂԿ, մշակում են ամենուրեք։ ՀՀ-ում առավել տարածված են Սակսա, Վարդագույն սպիտակ ծայրով, Կարմիր սպիտակ ծայրով, Դունգանյան և այլ սորտեր։

Ա. հավաքում են արմատապտուղը ձևավորվելուց անմիջապես հետո, հակառակ