Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեղրի հետ և ավելացնել մի քանի կտոր սառույց։

Կ. մոռի. 1/2 բաժակ մոռի հյութը խառնել 100 գ սերուցքային պաղպաղակի և 1/2 բաժակ կաթի հետ։

ԿՈՂԱԿ, ծածանազգիների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը մինչև 60 սմ է։ Զանգվածը՝ 2,5 կգ։ Թեփուկները խոշոր են, մարմինը գլանաձև կամ կողքերից սեղմված։ Հայաստանի բոլոր գետերում և լճերում տարածված է մի քանի տարատեսակ՝ Կուրի, Արաքսի և Սևանի Կ.։ Վերջինս հանդիպում է միայն Սևանա լճում։

Կ. տապակած. ձուկը մաքրել, փորոտիքը հեռացնել, կտրտել, վրան աղ, պղպեղ ցանել և երկու կողմից ձեթով տապակել։

Մատուցելիս վրան ցանել թարխուն և մաղադանոս։

500 գ կողակին՝ 3 ճաշի գդալ ձեթ. աղը, պղպեղը, թարխունը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։

Կ. շոգեխաշած. ձուկը մաքրել, փորոտիքը, խռիկները հեռացնել և լվանալ։ Կաթսայի մեջ դնել մետաղե ցանց կամ շրջած կափարիչ և տակը տաք ջուր լցնել։ Ամբողջական կամ կտրտած ձուկը դասավորել ցանցի վրա, վրան լցնել կտրտած գազար, սոխ, հատիկավոր պղպեղ, թարխունի տերևներ, աղ ցանել և 15-20 րոպե խաշել։ Եփվելուց հետո նույն ամանում ձուկը թողնել ևս 20 րոպե։

Մատուցելիս վրան թարխուն ցանել։

1 կգ կողակին՝ 6 ճաշի գդալ յուղ, թարխունը, գազարը, սոխը, հատիկավոր պղպեղը՝ ըստ ճաշակի։

ԿՈՃԱՊՂՊԵՂ, արևադարձային բույսերի չորացրած կոճղարմատը։ Ունի յուրահատուկ հաճելի համ և բույր, պարունակում է մեծ քանակությամբ եթերայուղեր։ Ամբողջական Կ. բույրն ավելի երկար է պահպանում, քան մանրածը։ Մանրած Կ. օգտագործվում է որոշ կերակրատեսակներում և հրուշակեղենի արդյունաբերության մեջ. ավելացվում է մինչև դրանց պատրաստ լինելը։

ԿՈՄՊՈՏ, չամչարակ, պատրաստում են մրգաչրից, թարմ, պահածոյած, թարմ սառեցրած մրգերից և հատապտուղներից։

Կ. խնձորի (տանձի). խնձորը (տանձը) կեղևել, բաժանել 6-8 մասի և միջուկը հանել։ Չմգանալու համար խորհուրդ է տրվում եփելուց առաջ խնձորը պահել կիտրոնաթթվով քիչ թթվեցրած սառը ջրի մեջ։ Կաթսայի մեջ շաքարավազ և 2 բաժակ տաք ջուր լցնել, ավելացնել կտրտած խնձորը (տանձը) և եփել 10-15 րոպե (կախված սորտից)՝ մինչև փափկելը։

500 գ խնձորին՝ 3/4 բաժակ շաքարավազ։

Կ. ծիրանի. ծիրանը սառը ջրով լվանալ, երկայնական կտրվածքներ անել և կորիզը հանել։ Կաթսայի մեջ շաքարավազ և 2 բաժակ տաք ջուր լցնել, խառնել, ավելացնել միրգը և եռացնել։

500 գ մրգին՝ 3/4 բաժակ շաքարավազ։

Կ. խնձորի և բալի. բալը սառը ջրով լվանալ, կորիզները հանել և լցնել ափսեի մեջ։ Բալի կորիզները եռացնել 2 բաժակ տաք ջրով։ Ստացված հյութը քամել թանզիֆով կամ մաղով, ավելացնել շաքարավազ, կեղևած, կտրտած խնձորը և 10 րոպե եփել մարմանդ եռքով մինչև խնձորի փափկելը։ Այնուհետև ավելացնել բալը և եռման հասցնել։

300 գ խնձորին և 200 գ բալին՝ 3/4 բաժակ շաքարավազ։

Սառեցրած մրգերից ու հատապտուղներից նույնպես կարելի է Կ. պատրաստել (առանց նախապես եփելու)։ Առանձին շաքարաջուր եփել (500-700 գ մրգին՝ 3/4 բաժակ շաքարավազ և 2 բաժակ ջուր) և հովացնելուց հետո ավելացնել միրգը։

Կ. մրգաչրի. մրգաչիրը լվանալ, խնձորն ու տանձը առանձնացնել որպես ուշ եփվող, վրան սառը ջուր լցնել և 15-20 րոպե եփել մարմանդ եռքով։ Ավելացնել շաքարավազ, վանիլին կամ կիտրոնի կեղև, մնացած միրգը և շարունակել եփել ևս 5-6 րոպե։

200-300 գ մրգաչրին՝ մոտ 1 բաժակ շաքարավազ, 4 բաժակ ջուր, վանիլինը և կիտրոնի կեղևը՝ ըստ ճաշակի։

Կ. սև սալորաչրի. սև սալորաչիրը լվանալ, վրան տաք ջուր լցնել, ավելացնել շաքարավազ և եփել 10-15 րոպե։

200-300 գ սև սալորաչրին՝ 3/4 բաժակ շաքարավազ, 3 բաժակ ջուր։

Մրգերից և հատապտուղներից Կ. են պատրաստում նաև երկարատև պահելու համար (տես Պահածոյում հոդվածում)։

ԿՈՏԵՄ, նվարդակ, աղբակոտեմ, խրուկ, բանջար, դաշտակոտեմ, Հայաստանում տարածված է ամենուրեք։ Ցանում են աշնանը և գարնանը։ Սննդի մեջ տերևներն ու ցողունը միայն թարմ են օգտագործում։ Մեծացնում է կերակուրների մարսելիությունը։ Ունի հաճելի կծու համ։ Պարունակում է հանքային աղեր, կարոտին (A նախավիտամին), վիտամին C, յոդ, երկաթ ևն։

ԿՈՏԼԵՏ, կողիկ, պատրաստում են մսից, ձկից, ընտանի թռչնի մսից, որսամսից, բանջարեղենից, ձավարից։

Կ. պատրաստում են ծեծած մսից կամ բարակ մսաշերտից, խոզի և ոչխարի մսեղիքի առավել նուրբ մասերից, ինչպես նաև մատղաշ ընտանի թռչնի և որսամսի կրծքամսից և աղացած մսից (տավարի, ոչխարի և խոզի մսեղիքի ավելի կոպիտ մասերից, ինչպես նաև հավի մսից)։

Բանջարեղենի Կ. պատրաստում են կարտոֆիլից, դդմիկից, կաղամբից, գազարից կամ ճակնդեղից, ձավարի Կ.՝ եփած բրնձից, կորեկից, սպիտակաձավարից և գարեձավարից։

Կ-ի հետ մատուցում են եփած կամ տապակած կարտոֆիլ, կարտոֆիլի խյուս, կանաչ ոլոռ, մակարոնեղեն, քաշովի, ինչպես նաև բանջարեղենի խավարտ, իսկ ձկան Կ-ի հետ՝ եփած կարտոֆիլ, կարտոֆիլի խյուս, բրնձով քաշովի։ Բանջարեղենի և ձավարի Կ-ի հետ խավարտ չեն մատուցում, այլ միայն լցնում են սոուս կամ կարագ դնում։

Ձավարի Կ. կարող է օգտագործվել և որպես քաղցր կերակրատեսակ, այդ դեպքում Կ-ի մեջ ավելացնում են վանիլ կամ վանիլին և մատուցում (տաք կամ սառը) մրգային քաղցր սոուսների, կիսեփ և մուրաբայի հետ։

Մսաշերտից և ծեծած մսից Կ. պատրաստում են խոզի կրծքամսից։

Կ-ի միսը լվանում են, թելքերի լայնքով կտրտում, ամեն մսաբաժնի հետ թողնելով կողոսկրի մի կտոր, վրան աղ ու պղպեղ են ցանում, դնում տաքացրած տապակի մեջ և կարմրացնում։ Կ. կարելի է մատուցել զանազան սոուսներով։