Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է օգտագործել հիմնական սննդից հետո, քանի որ քաղցրը հագեցնում է։

Բջջանյութ։ Բուսական մթերքը օրգանիզմին էներգիա մատակարարող ածխաջրերից բացի պարունակում է նաև ոչ սննդային ածխաջրեր, այդ թվում բջջանյութ, որը յուրացվում է մոտավորապես 25 %-ով։ Այն հիմնականում պարունակվում է խոշոր աղացվածքի ալյուրից թխած հացի, բանջարեղենի, կանաչիների ու մրգի մեջ և նպաստում աղիների գործունեությանը։ Բջջանյութից զուրկ սնունդն առաջացնում է փորկապություն։

Ցորենի 1-ին տեսակի հացը, աշորայի հացը, բանջարեղենը պարտադիր են սննդի օրաբաժնի մեջ։ Հում բանջարեղենն ու միրգը սննդային բարձր արժեք ունենալուց բացի պարունակում են պեկտինային նյութեր, որոնք նպաստում են աղիների դատարկմանը։ Այդ նյութերը նվազեցնում են աղիներում նեխում առաջացնող մանրէների քանակը, նպաստում օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը։ Շատ պեկտինային նյութեր են պարունակվում դդմի, բողկի, կաղամբի, հաղարջի, բալի, սալորի մեջ։ Ճարպերն օրգանիզմին էներգիա են մատակարարում և անհրաժեշտ են սպիտակուցները, որոշ հանքային աղեր, ճարպալույծ վիտամինները յուրացնելու համար։

Ճարպերը լավացնում են կերակուրների համը և գրգռում ախորժակը։ Սննդի հետ ներմուծվող ճարպերը մասամբ օգտագործվում են ճարպի պաշար ստեղծելու համար։ Սակայն ճարպակալումը ոչ այնքան ճարպերի, որքան ածխաջրերի՝ պահանջվածից ավելի օգտագործման հետևանք է։ Սա պետք է հաշվի առնեն գիրության հակված մարդիկ։ Ճարպի պահանջի բավարարումը կախված է ճարպի տեսակից և որակից։ Կենսաբանական տեսակետից առավել բարենպաստ հաշվեկշիռ է ստեղծվում, երբ ճարպերի օրական պահանջը բավարարվում է 70%-ով կենդանական և 30 %-ով բուսական ճարպերի հաշվին։ Սննդի օրաբաժնի մեջ ճարպերի նորմերը սահմանում են՝ հաշվի առնելով տարիքը, աշխատանքի բնույթը, ազգային խոհանոցի ավանդույթները և կլիմայական առանձնահատկությունները։ Սննդի օրաբաժնի մեջ նախատեսված է 35 գ ճարպ յուրաքանչյուր 1000 կկալ էներգիայի ծախսի դիմաց։ Չափից ավելի ճարպ օգտագործելը անբարենպաստ է ազդում նյարդային համակարգի, արյունաստեղծ օրգանների գործունեության վրա, վատացնում է ախորժակը և արգելակում սննդի մարսելիությունը։ Սննդի մեջ օգտագործում են տարբեր կենդանիների ճարպ, կաթնային ճարպ՝ հիմնականում կովի կաթից ստացված (կարագ կամ յուղ), ինչպես նաև ձեթեր (արևածաղկի, սոյայի, ձիթապտղի)։

Ճարպանման նյութեր։ Սննդի օրաբաժնի մեջ մտնում են նաև ճարպանման նյութեր խոլեստերին և լեցիտին։ Խոլեստերինը մեծ դեր է խաղում օրգանիզմի կենսունակության, մասնավորապես, նյարդային համակարգի գործունեության մեջ։ Զգալի քանակությամբ խոլեստերին է պարունակվում կենդանական ճարպերի, ձվի դեղնուցի, ձկնկիթի, ուղեղի, լյարդի և երիկամների մեջ։ Սակայն, այդ մթերքների չափից ավելի օգտագործումը հանգեցնում է լյարդի գործունեության խանգարման, լեղաքարերի գոյացման, աթերոսկլերոզի զարգացման։

Աղյուսակ 1

Որոշ սննդամթերքների բաղադրությունը և էներգիական արժեքը

Մթերք Քիմիական բաղադրությունը (100 գ մթերքի մեջ)
Սպիտակուցներ (գ) Ճարպե (գ) Ածխաջրեր (գ) Կալորիականություն (կկալ)
Հաց աշորայի 6,5 1,0 40,9 190
Բոքոն՝ 1-ին տեսակի ալյուրից 7,9 1,0 51,9 236
Սևաձավար 12,6 2,6 68,0 329
Սպիտակաձավար 11,3 0,7 73,3 326
Վարսակի ձավար 11,9 5,8 65,4 345
Բրինձ 7,0 0,6 77,3 323
Մակարոնեղեն բարձր տեսակի 10,4 0,9 75,2 332
Շաքար - - 99,8 375
Կարագ 0,6 82,5 0,9 748
Ձեթ արևածաղկի զտած - 99,9 - 899
Կաթ կովի 2,8 3,2 4,2 64
Մածուն 3,2 3,2 4,2 64
Պանիր չանախ 25 25 5 355
Լոռ ոչ յուղալի 18,0 0,6 1,5 86
Թթվասեր 30% յուղայնության 2,6 30,0 2,8 293
Ձու հավի 12,7 11,5 0,7 157
Միս տավարի 18,9 12,4 - 187
Հավ 18,2 18,4 0,7 241
Միս խոզի 15,0 30,3 - 333
Ծածան (թարմ) 78,1 16,0 3,6 402
Խեկ (թարմ սառեցրած) 79,9 16,6 2,2 360
Կաղամբ (թարմ) 1,8 - 5,4 28
Կարտոֆիլ 2,0 0,1 19,7 83
Գազար կարմիր 1,3 0,1 7,0 33
Ոլոռ կանաչ 5,0 0,2 13,3 72
Վարունգ 0,8 - 3,0 15
Ճակնդեղ 1,7 - 10,8 48
Խնձոր 0,4 - 11,3 46
Տանձ 0,4 - 10,7 42
Սալոր 0,8 - 9,9 43
Նարինջ 0,9 - 8,4 38
Գետնամորի 1,8 - 8,1 41
Խաղող 0,4 - 17,5 69
Սունկ սպիտակ (թարմ) 3,2 0,7 1,6 25
Տխիլ (միջուկը) 16,1 66,9 9,9 704

Լեցիտինը խթանում է աճող օրգանիզմի զարգացումը, արյունագոյացումը, բարերար է ազդում նյարդային համակարգի, լյարդի գործունեության վրա, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը