Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառ դառնալ։ Եթե գեղձանմաններն առաջանում են վաղ մանկական տարիքում, երեխաները բավականին ուշ են սկսում խոսել, դպրոցականների առաջադիմությունն ընկնում է։ Մեծ գեղձանմանների առկայության դեպքում զարգանում է փակ ռնգախոսություն, ձայնը ձեռք է բերում խուլ երանգ, դժվարանում է «մ» և «ն» բաղաձայնների արտասանությունը, դրանք հնչում են որպես «բ» և «դ»։ Քանի որ երեխան մշտապես շնչում է բերանով, նրա ստորին ծնոտը կախվում է, քիթշրթունքային ծալքը հարթվում, նկատվում է ատամների կառուցվածքի անկանոնություն (վերին կտրիչները ստորինների նկատմամբ բավականին առաջ են ցցված), դեմքն ունենում է հատուկ արտահայտություն (այսպես կոչված «ադենոիդային դեմք»)։ Քթային շնչառության երկարատև դժվարացումը կարող է հանգեցնել կրծքավանդակի անկանոն զարգացման («հավի կուրծք»), ստամոքսաղիքային համակարգի օրգանների գործունեության խանգարման (ախորժակի վատացում, կրկնվող փսխումներ, փորկապություն կամ լուծ), սակավարյունության և հյուծման («ադենոիդային հյուծում»)։

Բուժումը վիրահատական է։ Վիրահատությունից հետո երեխան 5-7 օր հատուկ ռեժիմի կարիք ունի, բացառվում են տաք, ինչպես նաև կոպիտ սնունդը (հացակեղև, պաքսիմատ), գրգռող կերակրատեսակները (սուր, աղի, թթու) և շոկոլադը։ Հակացուցված են ակտիվ խաղերը և արևի տակ մնալը։ Երեխայի սենյակը հարկավոր է լավ օդափոխել, կատարել խոնավ հարդարանք։ Գեղձանմանների առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է ժամանակին բուժել վերին շնչուղիների հիվանդությունները, իսկ քթային շնչառության երկարատև դժվարացման դեպքում՝ խորհրդակցել քիթկոկորդականջաբանի հետ։

ԳԵՐՁԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ, հոդակապանների վնասվածք։ Ավելի հաճախ հանդիպում է սրունքթաթային հոդի կապանների գերձգվածաթյուն (ոտնաթաթը ոլորվելիս)։ Արտահայտվում է ուժեղ ցավով, հետագայում (սովորաբար երկրորդ օրը) այտուցվում է, հնարավոր է նաև գերձգման հատվածում կապտուկ։ Ամենից առաջ հարկավոր է ապահովել վնասված ծայրանդամի հանգիստը։ Վեգոսկրի (կոճի) կամ ծունկի շրջանի գերձգվածության ժամանակ հիվանդին պառկեցնել այնպես, որ ոտքը լինի մի փոքր բարձր։ Առաջին ժամերին վնասված հատվածին հարկավոր է դնել սառը (սառցապարկիկ), ոչ թե ջեռակ կամ տաքացնող կոմպրես, որովհետև ջերմության ազդեցությունից արյունազեղումը, ցավն ուժեղանում են և առողջացումը երկարաձգում։ Որպեսզի արյունազեղումը չուժեղանա և ցավը թուլանա (հատկապես վեգոսկրի շրջանի գերձգվածության ժամանակ և այնպիսի դեպքերում, երբ հիվանդը որևէ պատճառով ստիպված է քայլել), հարկավոր է վնասված հոդը ուժեղ (ոչ չափից ավելի, որպեսզի արյան շրջանառությունը չխանգարվի) վիրակապել ութաձև կապով (տես Վիրակապ)։ Երրորդ օրը կարելի է օրական 1-2 անգամ ընդունել ոտքերի տաք լոգանքներ (ջրի ջերմաստիճանը 36-38 °C) և կատարել մերսում։ Լոգանքից հետո կրկին վիրակապ դնել։ Պետք է հիշել, որ Գ-ից հետո ոտքը կրկին անգամ շատ հեշտ է ոլորվում, ուստի հարկավոր է քայլելիս զգույշ լինել, մշտապես պահպանել մկանային համակարգի տոնուսը, հոդերը կապել առաձգական վիրակապով և այլն։

Գ. հաճախ շփոթում են ոսկրի կոտրվածքի կամ ճաքի հետ, ուստի հիվանդությունը ճիշտ ախտորոշելու և համապատասխան բուժում նշանակելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։

ԳԻՇԵՐԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ, գիշերային անմիզապահություն, նկատվում է հատկապես երեխաների քնի ժամանակ։ Հիվանդության հիմքում առավել հաճախ կենտրոնական նյարդային համակարգի միզապարկի գործունեությունը կարգավորող բաժինների գործունեության ժամանակավոր (ֆունկցիոնալ) խանգարումն է (հատկապես բնորոշ է ասթենիկ հատկանիշներով, տպավորվող, դյուրագրգիռ, իր ուժերին անվստահ, անկայուն բնավորությամբ երեխաներին)։ Հիվանդության պատճառ կարող են լինել միզուղիների և ողնուղեղի միզարձակման կարգավորմանը մասնակցող բաժինների անկանոն զարգացումը, միզուղիների բորբոքային հիվանդությունները և այլն։ Գիշերային անմիզապահությունն ընդհատվում է մեծ մասամբ 12-13 տարեկանում։ Պատճառները բացահայտելու համար հարկավոր է որքան հնարավոր է վաղ հետազոտել երեխային, քանի որ չափազանց կարևոր է բուժումը վաղ հասակում սկսելը։

Գ. կանխելու համար անհրաժեշտ է վաղ մանկական տարիքից մշակել կամային միզարձակման ունակություն (երեխային ստիպել քնից առաջ միզել, ինչպես նաև այդ նպատակով գիշերը նրան արթնացնել)։ Խորհուրդ չի տրվում քնելուց առաջ մեծ քանակությամբ հեղուկ ընդունել։ Կարևոր նշանակություն ունի կանոնավոր կազմակերպված օրվա ռեժիմը, հոգեկան հույզեր առաջացնող իրադրության բացառումը, ընտանեկան հանգիստ պայմանների ապահովումը, օրգանիզմի կոփումը։ Անկողինը թրջելու համար երեխային պատժելն անթույլատրելի է։

ԳԼԱՈՒԿՈՄԱ, տես Տեսողություն:

ԳԼԽԱՊՏՈՒՅՏ, սովորաբար առաջանում է կարճատև (րոպեներ, ժամեր) նոպաների ձևով, սակայն կարող է տևել մի քանի օր և նույնիսկ շաբաթ։ Ուժեղ Գ. սովորաբար ուղեկցվում է հավասարակշռության խանգարումով, սրտխառնոցով կամ փսխումով, գունատությամբ, սառը քրտնարտադրությամբ, դողով։ Գ–ի անմիջական պատճառն անդաստակային ապարատի (ներքին ականջ) և ուղեղիկի ախտահարումն է (կամ գրգռումը), որոնք առավելապես կարգավորում են մարմնի հավասարակշռությունը, ինչպես նաև տեսողության (որը մասնակցում է տարածության մեջ կողմնորոշմանը) խանգարումները։ Գ. կարող է առաջանալ առողջ մարդկանց մոտ մարմնի դիրքը կտրուկ փոխելիս (ճոճանակով ճոճվելիս, պտտվելիս, արագ վերելքի և վայրէջքի ժամանակ)։ Այն սովորաբար ուղեկցում է միջին և ներքին ականջի բորբոքմանը (տես Ականջաբորբ), գլխուղեղի վնասվածքներին, ուռուցքներին, ուղեղի ցնցմանը, գլխուղեղի արյան անոթների ախտահարմանը (աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, հիպոտոնիայի դեպքերում)։ Գլխուղեղի անոթային անբավարարության հետ կապված Գ. լինում է ուշագնացության ժամանակ։ Գ-ով են ուղեկցվում նաև թունավորումները (այդ թվում ալկոհոլով, շմոլ գազով թունավորվելիս, չափից ավելի ծխելիս, ցնդող թունավոր նյութեր շնչելիս)։ Վերջինն առավել հաճախ կապված է կենցաղային քիմիայի միջոցների անզգույշ օգտագործման հետ։ Ուժեղ Գ-ի ժամանակ հարկավոր է հիվանդին