Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պառկեցնել անկողնում և բժիշկ հրավիրել։ Բուժման համար պետք է վերացնել Գ. առաջացնող հիմնական պատճառը։

ԳԼԽԱՑԱՎ, տարբեր հիվանդությունների ախտանշան է։ Անոթային խանգարումների (հիպերտոնիկ հիվանդություն, հիպոտոնիա, անգար) դեպքում խանգարվում է գլխուղեղի արյունամատակարարումը, որի հետևանքով առաջնում է բութ, ճնշող, պուլսող, երբեմն նոպայաձև Գ.։ Այն հաճախ ուղեկցում է ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումներին։ Կանանց Գ. հիմնականում պայմանավորված է դաշտանային և դաշտանադադարային (տես Դաշտանադադար) ցիկլերով։ Գ-ի պատճառ կարող են դառնալ վարակիչ, աչքի հիվանդությունները (հատկապես կարճատեսությունը), միջին ականջի բորբոքումը, թունավորումները, նյարդային հիվանդությունները, ինչպես նաև գերհոգնածությունը, հուզումները, ծխելը ևն։ Համառ Գ-ի ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ պետք է բուժվի հիմնական հիվանդությունը։ Միաժամանակ կարելի է օգտագործել ցավը հանգստացնող միջոցներ (անալգին, ամիդոպիրին)։ Խորհուրդ չի տրվում գլխին ջեռակ դնել, քնաբեր, ինչպես նաև տրանկվիլիզատորներ (սեդուքսեն, էլենիում) օգտագործել։ Գ-ի թուլացմանը կամ վերացմանը նպաստում են օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը, կանոնավոր սնունդը, բավարար քունը՝ լավ օդափոխած սենյակում, զբոսանքները, ջրային բուժամիջոցները, բուժական մարմնամարզությունը։

ԳՈՏԿԱՑԱՎ, լյումբագո, գոտկային շրջանի նոպայաձև ուժեղ ցավեր, որոնք սահմանափակում են ողնաշարի շարժումները գոտկասրբոսկրային հատվածում։ Տես նաև Նյարդարմատաբորբ։

ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐ, տարբերում են սովորական կամ հասարակ, տափակ կամ պատանեկան, սրածայր և ծերունական Գ.։

Սովորական Գ. քորոցի գլխիկից մինչև սիսեռի հատիկի մեծության, կիսագնդաձև կամ ձվաձև վերնամաշկային հանգուցիկներ են։ Տեղակայվում են ձեռքերի թիկնային, մատների կողմնային մակերևույթներին, ներբաններին։ Եղունգների շուրջը և ներբանների Գ. կարող են ցավոտ լինել։

Տափակ կամ պատանեկան Գ. խիստ սահմանազատված, կլոր կամ սրածայր, ոչ մեծ հանգույցներ են։ Տեղակայվում են դեմքին և ձեռքերի թիկնային մակերևույթներին։ Սերտ շփման ժամանակ կարող են փոխանցվել առողջ մարդկանց։ Երբեմն մի քանի ամիս անց ինքնաբերաբար անհետանում են։

Սրածայր Գ. (սրածայր կոնդիլոմներ) առաջանում են մաշկի երկարատև գրգռման ենթակա հատվածներում։ Երբեմն դրանք գերաճում են՝ հիշեցնելով աքաղաղի կատար կամ ծաղկակաղամբի գլխիկ։

Սովորական, տափակ և սրածայր Գ–ի հարուցիչը քամվող վիրուսն է։ Վարակվում են հիվանդի հետ անմիջականորեն շփվելիս կամ նրա կենցաղային իրերն օգտագործելիս։ Կանխարգելման նպատակով հարկավոր է ձեռքերը հաճախակի լվանալ, օգտագործել անհատական սրբիչ։ Ածելին, վրձինը և մկրատները եռացրած ջրով լվանալ, եղունգների խոզանակը պետք է մաքուր պահել, ուրիշի ձեռնոցներ և գուլպաներ չհագնել։

Ծերունական Գ. երբեմն առաջանում են տարեց մարդկանց մոտ։ Կլոր են, ձվաձև կամ անկանոն, ոսպի մեծության։ Առավել հաճախ տեղակայվում են կրծքին, մեջքին, դեմքին։ Գորշ դեղին են կամ դարչնագույն։ Երբեմն մաշկի վրա առաջանում են, այսպես կոչված, եղջերային ուռուցքներ (կերատոմաներ), որոնք տարբեր գրգռիչների (ֆիզիկական, մեխանիկական, քիմիական) ազդեցոթյան տակ կարող են վերածվել չարորակ ուռուցքների, ուստի մաշկի վրա գերաճումներ հայտնվելիս անպայման պետք է դիմել բժշկի։

Խորհուրդ չի տրվում Գ. (հատկապես երեխաների) բուժել տնային պայմաններում։ Թթուներով, հիմքերով ոչ հմուտ այրումը կարող է առաջացնել այրվածքներ ու սպիներ։ Գ. հայտնաբերելիս անհրաժեշտ դիմել բժշկի։

ԳՐԻՊ ԵՎ ԳՐԻՊԱՆՄԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, գրիպը սուր վարակիչ հիվանդություն է. ընթանում է առավելապես վերին շնչուղիների ախտահարմամբ և ընդհանուր թունավորման երևույթներով։ Հեշտությամբ փոխանցվում է հիվանդից առողջին և ախտահարում թե՛ հասուն մարդկանց, թե՛ երեխաներին։ Հիվանդանում են տարվա բոլոր եղանակներին։ Գաղտնի շրջանը կարճատև է՝ 1-2 օր։ Գաղտնի շրջանի կարճատևությունը և հիվանդության հանդեպ մարդկանց բարձր ընկալունությունը նպաստում են գրիպի համաճարակների արագ և բուռն տարածմանը։ Գրիպի համաճարակները կրկնվում են հաճախ (3-4 տարին մեկ), պարբերաբար ընդունում են հսկայական չափեր և ընդգրկում ամբողջ հողագնդի բնակչությանը (այսպես կոչված՝ համայնաճարակ, պանդեմիա)։

Գրիպի հարուցիչները վիրուսներն են. հայտնի է գրիպի վիրուսի մի քանի տեսակ։ Հարուցիչը, գտնվելով հիվանդի քթի, բերանի և ըմպանի լորձաթաղանթների վրա, փռշտալիս, հազալիս և խոսելիս թքի կաթիլների կամ քթի լորձի հետ անցնում է օդի մեջ։ Վարակվում են օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ տնային գործածության իրերի միջոցով։

Հիվանդությունը սովորաբար սկսվում է հանկարծակի՝ դողով, որից անմիջապես հետո մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39 °C, երբեմն 40 °C։ Առաջանում է ուժեղ գլխացավ, ամբողջ մարմնի, հատկապես գոտկատեղի և ոտքերի ձկնամկանների ջարդվածություն, ընդհանուր թուլություն, ախորժակի վատացում։ Հիվանդը դառնում է անտարբեր, քնկոտ, երբեմն՝ ընհակառակը՝ դյուրագրգիռ։ Աչքերը և դեմքը կարմրում են, շոշափելիս մաշկը տաք է, չափավոր խոնավ։ Ջերմաստիճանի բարձրացման հետ միաժամանակ (կամ մի քիչ ուշ) առաջանում են հարբուխ, բերանի չորության զգացում, կրծոսկրի հետևում քերծման զգացում, չոր հազ։ 3-5 օր անց մարմնի ջերմաստիճանն իջնում է։ Հիվանդն աստիճանաբար ապաքինվում է։ Թուլությունը, ջարդվածությունը, գլխապտույտը որոշ ժամանակ պահպանվում են։

Գրիպը ծանր հիվանդություն է, հաճախ այն բարդանում է (թոքերի, ճակատային ծոցերի, միջին ականջի և թոքամզի բորբոքում)։ Առանձին դեպքերում գրիպն առաջացնում է սրտի, հոդերի, երիկամների, ուղեղի և ուղեղապատյանների ախտահարումներ։ Ապաքինվելուց հետո, առանց բժշկի թույլտվության, չի կարելի աշխատանքի անցնել (հատկապես տարեցներն այդ մասին պետք է լավ իմանան)։ Գրիպի տարածումը կանխելու միակ միջոցը հիվանդի